Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կան տեղեկություններ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» հետ, թող տրամադրեն, մենք էլ իմանանք». Սեյրան Օհանյան

Մարտ 27,2017 12:07

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հրավիրած ասուլիսում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ այս ընթացքում հարվածներ են եղել իրենց դաշինքի նկատմամբ, ճնշումներ՝ սկսած Ջրառատի դեպքերից մինչեւ Էջմիածնի դեպքերը, նաեւ Սամվել Բաբայանի հետ կապված գործընթացները. «Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը, որը տարբեր ժամանակաշրջանում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ»:

Նա ասաց, որ անհայտ է, թե ինչպես են ԱԱԾ-ի նյութերը նախօրոք հայտնվում ԶԼՄ-ներում եւ տարածվում. «Անհասկանալի է, որ կեղծ տեղեկություններ են տարածվում՝ չիմանալով, թե ինչպիսի գործընթացներ եւ փաստեր կան»: Նա հորդորեց զերծ մնալ այդպիսի տեղեկատվություն հրապարակելուց:

Սեյրան Օհանյանն ասաց. «Եթե կան տեղեկություններ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» հետ, թող տրամադրեն, մենք էլ իմանանք, եթե չեն տալիս, քաղաքական հետապնդումներ են Սամվելի նկատմամբ, նաեւ մեր դաշինքի նկատմամբ՝ քարոզարշավի ընթացքում: Սա ապացուցում է եւս մեկ անգամ, որ մեր դաշինքը վերահսկողությունից դուրս է, ունի ուժ»:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ երբեք ՀՀ-ում այսքան մասսայական եւ բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել: Նա հիշեցրեց, որ իրենց դաշինքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փաստերի վրա հիմնվելով՝ դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ-ի մասնակցությունը այս ընտրություններին չեղյալ համարելու, որովհետեւ դրանից ավելի բացահայտ կեղծիքներ հնարավոր չէ: Նա ասաց, որ արդեն բացահայտ մտնում են տները, խոստումներ են տալիս, արդեն գումարները տալիս են, ոչ ոք ոչնչից չի վախենում: Դա բավարար հիմք է, որ իրավապահ մարմիններն այս բոլոր հարցերով լրջագույնս զբաղվեն:

Օսկանյանն ասաց, որ ի հեճուկս «Գելափի» հարցումների, իրենք էլ հարցումներ են պատվիրել եւ պարզել են, որ ՀՀԿ-ն շատ-շատ ցածր վարկանիշ ունի, «Առաջին տեղում բացահայտ առավելությամբ «Ծառուկյան» դաշինքն է, իսկ մենք ունենք բավական ծանրակշիռ տեղ»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ ՀՀ-ն ունեցել է քաղբանտարկյալներ բոլոր իշխանությունների օրոք. «Պարզապես այսպես շարունակել չենք կարող»: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ նա ասաց, որ դա մեծ հարված է մեր ազգային անվտանգությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031