Լրահոս
Օրվա լրահոսը

PR տեխնոլոգիաները ընտրություններում չեն զարգանա, քանի դեռ մարդիկ իրենց վասալ ու ստրուկ են զգում (Տեսանյութ)

Մարտ 27,2017 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը:

Լուսինե Բուդաղյան– Քարոզարշավ՝ ավտոտնակների կտուրներին, մարդկանց բնակարաններում, թեկնածուների ոտքերի տակ ոչխար մորթելու դաժան տեսարաններով: Կուլիսներում էլ` ծեծուջարդ ու դանակահարություն:

Պարոն Կիրակոսյան, կուսակցությունների, դաշինքների մեծ մասը կարծես թե վերցրել են ՀՀԿ-ի դեմ պայքարի կուրսը, եւ իրենց քարոզներում ավելի շատ լսում ենք ընդդեմ իշխանության կոչեր, քան իրենց գաղափարներն են ներկայացնում, թե հանուն ինչի են ուզում ընտրվել:

Հայկ Կիրակոսյան- Դուք շատ արժեքավոր բառ օգտագործեցիք` գաղափար, որի իսպառ բացակայությանն ականատես ենք լինում 18-19 օր: Պիտի ինչ-որ բան ունենան ներկայացնելու, անկախ նրանից` իշխանական թեւի մասին ենք խոսում, թե ոչ իշխանական, քանի որ դա չկա, առավել շահեկան է, իհարկե, կոնֆլիկտի, որոշակի կրկեսային հնարքների միջոցով հանրային եւ մեդիայի ուշադրությունը գրավել` հույս ունենալով, որ նշված եղանակներից որեւէ մեկով ավելի կգրավեն համակրանքը հանրության ու որոշակի միավորներ կփախցնեն:

Լ. Բ.- Քարոզարշավ տանելու տեսանկյունից արդյոք սա ճի՞շտ մոտեցում է: Հնարավո՞ր է ավելիին հասնեն մնացած ուժերը, եթե ճիշտ քարոզարշավ տանեն:

Հ. Կ.– Եթե ունենան, անշուշտ, բայց էս պահին, որքան ես եմ հասկանում, քարոզարշավի դասական գրեթե բոլոր տեխնոլոգիաները ոտնահարվում են, եւ ես բազում անգամներ կրկնում եմ եւ հիմի էլ նշեմ, որ ավելի շատ այս ամենը կրկեսային ժանրի հնարքներ են: Դրանով է տարբերվում կրկեսը քաղաքականությունից:

Կարեն Քոչարյան.– Սկսեմ նրանից, որ ոչ թե 18-19 օր է, որ գաղափարական պայքար չկա, այլ 18-19 տարի է, որ Հայաստանում չկա գաղափարական պայքար, կամաց-կամաց պարզապես դա եկավ հասավ զրոյի: Ինչ վերաբերում է նրան, որ ոչ իշխանական ուժերը միայն ՀՀԿ-ի դեմ են տանում, նախ` համաձայն չեմ, որովհետեւ ընդհակառակը՝ ես միանգամայն հակառակն եմ տեսել: Բոլորը տանում էին ավելի շատ սպիտակ տեխնոլոգիաներ, այսինքն` չէին խոսում իշխանություններից, խոսելուց էլ շատ քիչ էին խոսում եւ ավելի շատ իրենց էին գովաբանում: Վերջին երեք օրը, ես համաձայն եմ, գնաց այդ ուղղությամբ, ավելին` «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ մի պապիկ ուզեցավ Սերժ Սարգսյանին քննադատել, Գագիկ Ծառուկյանն ասաց` մի քաղաքականացրեք: Դրանո՞վ է Հանրապետականի դեմ պայքարում: Ի՞նչն էին պայքարում, ոչ ոք էլ Հանրապետականի դեմ չէր պայքարում, նոր սկսեցին, պարզապես կարող եմ ենթադրել, որ վերլուծությունը բերեց նրան, որ երեք օր առաջ ուժերի ձեռքն ընկավ սոցհարցումների արդյունքները եւ հասկացան, որ այդ պահի դրությամբ ռեալ անցնում է երկու ուժ` Հանրապետականը եւ «Ծառուկյան» դաշինքը: Մնացածը, չեմ ասում՝ չեն անցնելու, բայց այդ պահի դրությամբ յուրաքանչյուրն այդ սահմանը` 7 տոկոսը կամ 5 տոկոսը, չի անցնի: Դրա համար անցան ավելի կտրուկ գործողությունների, այսինքն` այն, ինչ միշտ բերում է դիվիդենդ:

Մինչեւ այդ պահը չէին քննադատում Կարեն Կարապետյանին, որը Հանրապետական կուսակցության փաստացի քարոզարշավի դեմքն է եւ միակ դեմքն է: Անգամ «Ելք»-ի, ՕՐՕ-ի ավելի ռադիկալ, ոչ իշխանական հատվածը կարծես թե բան չէր ասում: Կարող է ընդհանուր Հանրապետականին, Սերժ Սարգսյանին, առանձին դեմքերի ասեին, բայց ոչ Կարեն Կարապետյանին, որը փաստացի դեմքն է, որը տանում է քարոզարշավը, եւ որն ունի մի հետաքրքիր ֆենոմեն: Ընտրազանգվածի մի ստվար մասը, որը չսիրելով, միգուցե նույնիսկ ատելով Հանրապետականին, պատրաստ է ձայն տալ, որպեսզի վարչապետ մնա Կարեն Կարապետյանը: Հետաքրքիր ֆենոմեն է, բայց դա այդպես է: Ես կարծում եմ՝ հենց այդ փաստն աշխատեց, որ սկսեցին Կարեն Կարապետյանի վրա արդեն իրենց PR-ը կազմակերպել, Կարեն Կարապետյանին քննադատելու վրա:

Լ. Բ.– Պարոն Կիրակոսյան, Դուք է՞լ եք կարծում, որ ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզչության հիմքում դրեց Կարեն Կարապետյանին, այսինքն` ՀՀԿ-ական բացասական կերպար ունեցող գործիչներից տարանջատելու քաղաքականությունը:

Հ. Կ.– Դա ավելի քան ակնհայտ է, որովհետեւ եթե մի պահ պատկերացնենք, որ Կարեն Կարապետյանը չկար էս շարքերում, ապա ո՞ւմ վրա կարող էին իրենք, այսպես ասած, խաղադրույքներ անել կամ ումով կարող էին ներկայանալ հանրությանը: Կարեն Կարապետյանը բավական շահեկան իմիջ ունի, որն այս պահին խաղարկում են: Բավական դրական եւ օգտակար իմիջին վնաս հասցնում են նախեւառաջ ՀՀԿ-ական կուսակից ընկերները կամ կուսակցականները` Ազգային ժողովի միջանցքներում տարբեր արտահայտություններ եւ ռեպլիկներ թույլ տալով, օլիգարխա-գեներալային զանգվածը շատ լուրջ հարված է հասցնում նրա իմիջին: Այդ տեսանկյունից անգամ ընդդիմությունը կարող է որեւէ կերպ ցեխ չշպրտել Կարեն Կարապետյանի վրա, որովհետեւ այդ հարցն իրենց վրա վերցրել են հենց կուսակից ընկերները: Բայց որոշակի միտում նկատելի է. ակնհայտորեն պատահական չէր ո՛չ Պուտինի շապիկով զավեշտալի երկխոսությունը, որին ականատես եղանք Գյումրիում, ո՛չ ռազմական տեխնիկայի անունով դիմելու` «իսկանդեր Կարապետյան», այդ ամեն ինչին որպես պատահականություն նայել, իհարկե՝ կարելի է, բայց որոշակի տեխնոլոգիաներ կոնկրետ այս դեպքերում, անշուշտ, կան: Այլ է հարցը, թե կգործի՞ արդյոք պարոն Քոչարյանի նշած ֆենոմենը, եւ ժողովուրդը կկուրանա՞ այնքան, որ Կարեն Կարապետյանի խաթեր գնա ու ձայն տա Հանրապետականին: Օրինակ` եթե իրոք այդ հույսը լիներ, որ նա լինելու է վարչապետ, հանրապետականները հսկայական դիվիդենդներ կշահեին միանշանակ: Բայց քանի որ կարող են օգտագործել այդ հնարավորությունը եւ հետո Կարեն Կարապետյանին մեկ այլ պաշտոնի դնել, սա ահագին փոխում է իրավիճակը:

Լ. Բ.- Պարոն Քոչարյան, վարչապետի դրական կերպարը հնարավո՞ր է մոռացության տա իշխանության օրոք եղած բացթողումները:

Կ. Ք.– Ես վերջերս մի բան էի գրել, որ մենք հասարակությունից դարձանք ժողովուրդ, ժողովրդից` ընտրազանգված, ընտրազանգվածից` արդեն բիոմասսա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայտնի ասացվածք կա` կինը սիրում է ականջներով, որ մեր ընտրազանգվածը դարձել է մի այդպիսի կին, որին հաճելի է լսել ինչ-որ բաներ հենց այդ պահին: Կապ չունի՝ մինչեւ այդ ինչ է եղել, ոնց է եղել: Որ ասում ես` ես քեզ մուշտակ կառնեմ, ադամանդե մատանի կառնեմ, իրենք միանգամից հավատում են ամեն ինչին, մոռանում են ամեն ինչ եւ հավատում են: Դրա համար պոպուլիզմը մեր հայկական իրականության մեջ վերջին տասնքանի տարին չի դադարում լինել նախընտրական համար մեկ տեխնոլոգիան: Երբ որ ես շփվում եմ, տեսնում եմ` կա ռեալ երկու, ոչ թե ուժ, այլ երկու մարդ` Կարեն Կարապետյանը, որը ՀՀԿ-ի լոկոմոտիվն է դարձել, Գագիկ Ծառուկյանը՝ «Ծառուկյան» դաշինքի լոկոմոտիվը: Այս երկու մարդն այդ երկու ուժին տանում են, արդեն փաստացի մտցրել են խորհրդարան, հետո ի՞նչ կլինի մնացածը` ժամանակը ցույց կտա:

Բայց որ այդ երկուսի ասածներին հավատում են, դա փաստ է:

Լ. Բ.– Պարոն Կիրակոսյան, PR տեխնոլոգիաների տեսանկյունից ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս քարոզարշավի ժամանակ ընտրապայքարի ելած քաղաքական ուժերը:

Հ. Կ.– Շնորհակալ եմ հարցն այդպես ձեւակերպելու համար, որովհետեւ եթե հակառակ հարցը տայիք` ի՞նչ ճիշտ քայլեր են անում քաղաքական ուժերը այս ընթացքում, ես կդժվարանայի պատասխանել: Իսկ քաղաքական սխալներ, զավեշտալի իրավիճակներ, սայթաքումներ, միտումնավոր, կանխամտածված կամ պատահական` շատ-շատ են: Օրինակ` այս վերջերս ես նկատեցի, որ ՕՐՕ-ի պաստառը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը երեքով միավորվել են, եւ ձեռքսեղմման տեսարան է, ավտոբուսի վրա էին փակցրել, եւ ամեն անգամ ավտոբուսի բացվող դուռը Օսկանյանին անջատում էր այդ եռյակից: Եվ ամեն օր մարդկանց աչքի առաջ այդ դուռը բացվում է, եւ եռյակը մասնատվում է:

Լ. Բ.– Պարոն Քոչարյան, ինչո՞ւ չեն զարգանում PR տեխնոլոգիաները մեր երկրում, դրա պահանջարկը չկա՞:

Կ. Ք.– Զարգանում են, այլ խնդիր է, թե ինչ տեմպերով են զարգանում: Զարգանում են այնքան, ինչքան զարգանում է մնացած ամեն ինչ: Չի կարող մի բանը շատ զարգանալ ընդհանուր առմամբ երկրում` կրթությունը, առողջապահությունը, տնտեսությունը կանգ առնեն, PR տեխնոլոգիաները զարգանան: Այդպես չի լինում: Առանձին վերցրած երկրում սոցիալիզմ չեն կառուցում: Հիմա առանձին վերցրած ոլորտը չի կարող զարգանալ, երբ որ ամեն ինչ կանգ է առել:

Ես երբ նայում եմ նախընտրական հանդիպումները, արդեն չեմ մեղադրում քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կամ այդ անհատներին: Ես նայում եմ ժողովրդին ու հասկանում եմ, որ ժողովուրդն ինքն է ուզում լինել վասալ, ինքն է ուզում լինել ստրուկ, ինքն է համաձայն գնալ մեկի ոտքերը պաչել, մյուսի ձեռքերը համբուրել, մեկ ուրիշին խնդրել: Այսինքն` նրանք ամեն ինչով՝ թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական, թե՛ տեղային առումով, վասալ են, վասալը լավ է, ստրուկ են իրենց զգում:
Մի պահ պատկերացրեք, որ համակարգիչը տանք 13-րդ դարի մարդուն, ինչ պետք է նա անի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Քննարկումն ամբողջությամբ` www.aravot.am կայքում:

 

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031