Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի տոն Գյումրիում՝ լեգենդար երգչի մասնակցությամբ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 27,2017 22:35

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում թատրոնի միջազգային տոնը նշեցին առանձնահատուկ ձևով։ Ինչպես մամուլի ասուլիսում ասաց գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, իրենց մասնագիտական տոնի առիթով միշտ հրավիրվում են մայրաքաղաք, սակայն այս տարի որոշել են մնալ Գյումրիում ու համերգ-ներկայացմամբ նշել այն։

Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում համերգով հանդես եկավ հայկական ֆոլք ռոքի ու լեգենդար «Բամբիռ» ֆոլք-ռոք խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանը՝ Ջագը։

Նա ներկայացրեց այն երգերը, որոնք 70-ական թվականներից սկսած տարբեր տարիների ընթացքում գրել է ինքը թատերական տարբեր ներկայացումների համար։

https://www.youtube.com/watch?v=GXSfPsQQr4k&feature=youtu.be

Ի դեպ, երգիչը այսպես ասած մի փոքր լրացում կատարեց Գյումրու բրենդային երգի՝«Հոպ ջան Լեննագանի» խոսքերում․ նա ավելացրեց մի քառատող, որտեղ շոշափվում էին Գյումրու խնդիրները՝ արտագաղթը, ցեխոտ փողոցների թեման։

Այսօր տեղի ունեցավ նաև թատրոնի պաշտոնական կայքի բացումը։ Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ կայքում տեղադրվելու են տեղեկություններ թատրոնի պատմության, գեղարվեստա-ստեղծագործական խմբի, յուրաքանչյուր դերասանի ու ներկայացումների մասին։ Այն նաև միջոց է դառնալու տոմսերը օն-լայն տարբերակով վաճառելու։

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էլ նշեց, որ թատրոնում աշխատում են դերասաններ տարբեր բնակավայրերից։ Կան դերասաններ, որոնք երկար տարիներ ապրում են այս քաղաքում, տեղափոխվել են իրենց ընտանիքներով, սակայն թատրոնը չունի հնարավորություններ այդ մարդկանց բնակարաններով ապահովելու։

Ըստ Տիգրան Վիրաբյանի, թատրոնը երկար ժամանակ փորձել է իր միջոցներով վարձակալել բնակարաններ նրանց համար, սակայն այժմ հիմնել են «Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամ»․ հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են ճանաչված մարդիկ։ Առաջին ներդրումը կկատարի թատրոնի անձնակազմը։

Թատրոնի միջազգային օրվա առիթով եղան նաև պարգևատրումներ, մշակույթի նախարարի ոսկե մեդալով պարգևատրվեց թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանը, Սամվել Խաչատրյանն արժանացավ պատվոգրի, իսկ դերասան Արսեն Սաղաթելյանը՝ շնորհակալագրի։ Ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանն էլ արժանացավ Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալին։ Դերասանուհին խոստովանեց, որ սա առաջին պարգևն է իր հարազատ քաղաքում։

Երբ Գյումրու քաղաքապետը պարգևատրեց թատրոնի հաշվապահին, վերջինս անկեղծորեն խոստովանեց, որ երբեք պարգևի չի արժանացել։ Շիրակի մարզպետի հուշամեդալով էլ պարգևատրվեց դերասան Տիգրան Գաբոյանը։

Ի դեպ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ վարկանիշային թեկնածու Մարտուն Գրիգորյանն էլ դարձավ հովանավոր թատրոնի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին, որպեսզի նա վերապատրաստվի Մոսկվայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031