Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավը սկսվեց անհավասար եւ աչքի ընկավ անհավասար մեկնարկով

Մարտ 28,2017 17:43

«Դեբատ» բանավեճի ակումբում այսօր պատգամավորության թեկնածուներ Ալեն Սիմոնյանը («Ելք» դաշինք), Մարիաննա Ֆրունջյանը («Հայկական վերածնունդ կուսակցություն) եւ Թերեզա Սարգսյանը (ՕՐՕ դաշինք) խոսեցին ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքի մասին:

Ալեն Սիմոնյանի խոսքերով, քարոզարշավն իրենց դաշինքի մասով արդարացնում է իրեն: «Ես կարծում եմ, որ արվեց ամեն ինչ եւ բազմաթիվ մարդկանց կողմից մենք աջակցություն ենք տեսնում: Եվ դա զգում ենք ոչ միայն խոսքերով, այլեւ գործողություններով: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, քարոզարշավն աչքի ընկավ բազմաթիվ խախտումներով՝ առեւտրային տարածքներում ՀՀԿ տարբեր թեկնածուների պաստառներ փակցնելով, բռնության դեպքերով, մինչեւ դպրոցների տնօրենների հետ կապված վերջին դեպքը, որը լույս սփռեց այն բանին, ինչի մասին մենք բոլորս շուտվանից գիտեինք եւ խոսում էինք: Եվ կարծում եմ, որ իշխանությունը պետք է անհապաղ արձագանքի: Այդ տնօրենները պետք է լքեն իրենց աշխատատեղերը: Դրանով ընտրությունների նկատմամբ վստահությունը շատ մեծ հարված ստացավ: Բոլորդ էլ գիտեք, որ ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են ուսումնական հաստատություններում եւ ուսումնական հաստատության ղեկավարները, որոնք մեծ մասամբ նաեւ հանձնաժողովականներ են, արդեն իսկ ցուցակներ են կազմում, այդ թվում նաեւ ծնողների, տանում թաղապետարաններ, կոնկրետ թեկնածուների գրասենյակներ: Դժվար չէ այսքանից ենթադրել, թե ինչպիսի ընտրություններ ենք ունենալու: Հուսանք, որ վերջին օրերն աչքի չեն ընկնի ավելի վատ դրսեւորումներով», – ասաց Ալեն Սիմոնյանը:

Մարիաննա Ֆրունջյանը համարեց, որ քարոզարշավի գործընթացը հավասար չսկսվեց, բայց իրենց կուսակցության անդամները կարողացան նույն հարթության վրա աշխատել: Ինքը բազմաթիվ բնակիչների հետ հաղորդակցվելիս այնպիսի զգացողություն է ունեցել, թե բնակչության մեջ անվստահություն կա, որ իրենց ձայնը հասանելի չի լինելու, ինչ իրենք ցանկանում են, չեն կարող կիրառել: «Բնակիչն այսօր լսում է տեսակետ եւ հավատում է, որ անհեթեթ տարբերակները՝ նկարահանող գրիչներ, հատուկ խցիկներ (նկարիր եւ թուղթը դուրս բեր) ու այսպիսի տարբեր պատմություններ: Ես նրանց հետ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձում եմ հակառակը ցույց տալ: Բայց ինձ զարմացնում է այն, որ այս գործընթացն այնքան ուժեղ է աշխատում, որ այսօր մենք իրոք մարդկանց ինքնագիտակցությունը բարձրացնելու անհրաժեշտություն ունենք: Կարծում եմ, բոլոր այն կուսակցությունները, որոնք իրոք պայքարում են, պետք է ավելի արթուն լինեն», – ասաց բանախոսը:

Թերեզա Սարգսյանն էլ ասաց, որ ինքը կարճ ճանապարհ է անցել Կարեն Դեմիրճյանի հետ, իսկ ՕՐՕ դաշինք մտել է, որովհետեւ այնտեղ տեսել է իսկական՝ առողջ, ճիշտ ընդդիմությունը, որ իրենք ունեն հզոր մտավորականի թիմ, ազատամարտի հզոր բանակ, շատ քաղաքացիներ, որոնք փայլուն միտք, լավ առաջարկներ ունեն եւ բոլորի հետ քարոզարշավի ընթացքում քննարկումներ են անում եւ կարող են ստեղծել նոր երկիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031