Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամագործակցի՞ «Ծառուկյան» դաշինքը ՕՐՕ-ի հետ

Մարտ 28,2017 19:50

«Մեր դիրքորոշումը հստակ է`մենք գնում ենք բացարձակ մեծամասնություն վերցնելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ իրենք տեսել են ժողովրդի անվերապահ աջակցությունը դաշինքին:

Երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի եռյակում ընդգրկված Վարդան Օսկանյանը հայտարարել էր. «Հանրապետական կուսակցությունը շատ ցածր ռեյտինգ ունի․․․ թիվ չեմ ասում, բայց շատ, շատ, շատ ցածր ռեյտինգ ունի։ Դուք կարող եք եզրակացությունը անել։ Առաջին տեղում՝ բացահայտ առավելությամբ, «Ծառուկյան» դաշինքն է։ Մենք այդ բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ տեղ, որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ից հետո ռեալ հնարավորություն կա, այո՛, լրջագույն համագործակցության մեր դաշինքի և ընտրությունների արդյունքում առաջին տեղը բռնած դաշինքի միջև՝ խորքային համագործակցության։ Դրա մասին, իհարկե, ընտրությունների արդյունքներից հետո»:

Նաիրա Զոհրաբյանը փաստ է համարում այն, որ այս ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է: Ինչ վերաբերվում է հետընտրական հնարավոր համագործակցություններին եւ կոալիցիաներին, տիկին Զոհրաբյանը հիշեցնում է`«Ծառուկյան» դաշինքը բացառում է համագործակցությունը միայն ՀՀԿ-ի հետ:

Մնացյալ քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ ՕՐՕ-ի հետ համագործակցությունների մասով նկատում է`«Ծառուկյան» դաշինքը չի բացառում համագործակցության որեւէ ձեւաչափ, այդ թվում նաեւ կոալիցիա կազմելը, այն ուժերի հետ, որոնք կհաղթահարեն անհրաժեշտ շեմը եւ կլինեն խորհրդարանում: Բայց այդ ամենին կանդրադառնան ընտրությունների արդյունքներից հետո:

Հիշեցնենք, հնարավոր կոալիցիաների մասին Արարատի մարզ կատարած քարոզարշավի ժամանակ ասել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031