Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքների վերադարձը չի կարող իսկական խաղաղություն բերել». Վարդան Օսկանյան

Մարտ 28,2017 20:25

ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր Ազատության հրապարակում քարոզարշավի ժամանակ կոչ արեց ապրիլի երկուսին ընտրախցիկ մտնելիս հիշել, որ մեկ տարի առաջ քառօրյա պատերազմ էր սկսվել:

«Ընտրություն կատարելիս մտածեք հետեւյալը, որ ընտրություն եք անում՝ արդյոք հաջորդ տասնամյակներին Հայաստանը մնալու է անարդար, ավտորիտար ու ոստիկանական պետութո՞ւն, թե՞ դրվելու է ժողովրդավարության ու իրավահավասարության ճանապարհի վրա»,- ասաց պարոն Օսկանյանը:

Նա նաեւ հորդորեց ընտրելիս հաշվի առնել՝ ինչ են ընտրում՝ արդյոք արտաքին պարտքը պետք է շարունակի աճել, տնտեսության անկումը մեծանա, արտագաղթն ու աղքատությունը խորանան, թե՞ երկիրը դնել զարգացման ճիշտ ուղու վրա. «Ընտրություն եք կատարելու՝ Հայաստանն արդյոք դեռ անարգանքի սյունին գամված է մնալու, թե՞ միջազգային թատերաբեմում մեր արժանի ու արդար տեղն ենք ունենալու: Հայերը լինելու են այսպես անջա՞տ, թե՞ միասին կարողանալու ենք կառուցել միասնական Հայաստանը»:

Վարդան Օսկանյանի խոսքով, ՕՐՕ դաշինքը բոլոր հարցերի պատասխանն ունի եւ այլընտրանքային ընտրություն է առաջարկում. «Հայաստանը վեց ամսվա ընթացքում կդասվի լավագույն ժողովրդավարական պետությունների տասնհինգ շարքում: Սրա համար քաղաքական կամք է պետք, որ նեղ անձնական, կուսակցական շահերը ստորադասվեն պետության շահերին…

Մենք դնելու ենք շատ հավակնոտ տնտեսության ծրագիր, արտաքին ոլորտը մենք կծառայեցնենք երկրի խնդիրների լուծման համար, ոչ թե այն ինչ այսօրվա իշխանություններն անում են:

Արտաքին քաղաքականությունը դարձել է ոչ թե միջոց երկրի խնդիրները լուծելու համար, այլ՝ նպատակ:

Նայեք՝ այս վերջին ամսվա այցերը՝ Մոսկվա, Բրյուսել, Փարիզ, Էմիրատներ, բոլորն արեցին այս նախընտրական շրջանում, որ ժողովրդին ցույց տան, որ արտաքին աշխարհում հարգանք ունեն, հարցեր են լուծում»:

Նախկին ԱԳ նախարարի խոսքով, արտաքին քաղաքականությունը վարել են առանց արտաքին քաղաքական հենքի, քամին ինչպես փչել է, այդ ուղղությամբ էլ գնացել է արտաքին քաղաքականությունը. «Սկսել են մի գործընթաց, ավարտվել է մի այլ տեղում: Մեր սուվերենությունն այս տարիների ընթացքում անկում է ապրել, աշխարհը մեզ լուրջ չի վերաբերում: Չեն համարում, որ արտաքին քաղաքական որոշումները Երեւանում են կայացվում, խոսում են այլ մայրաքաղաքների հետ, որովհետեւ մեր գործունեությամբ, մեր քաղաքականությամբ, քվեարկություններով ՄԱԿ-ում եւ այլուր, մեր իշխանությունների ելույթներով բերել են միջազգային հանրության եզրահանգմանը, որ Հայաստանը սուվերեն պետություն չէ»:

Պարոն Օսկանյանը նաեւ ասաց, որ այս դիվանագիտական կազմով հնարավոր չէ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել.: Ըստ նրա, դեսպան նշանակելը դարձել է իշխանություններին ծառայություն մատուցած մարդկանց աշխատատեղ: Իսկ երբ ՕՐՕ-ն հաղթի, ըստ պարոն Օսկանյանի, սուվերենությունը կդառնա իրենց համար առանցքային խնդիր. «ԼՂ-ն այսօր իսկապես վտանգված է, տարածքները դարձել են առեւտրի առարկա, եկեք չտրվենք այդ անարդարությանը, եկեք չտրվենք այդ գայթակղությանը, թե իբր դա մեզ կբերի խաղաղություն, եթե խաղաղությունն արդար չէ, դա չի կարող իսկական խաղաղություն լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031