Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պարագայում նման գործընթաց բացառվում է». «Ծառուկյան» դաշինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մարտ 29,2017 12:07

Այսօր «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք էլ իրենց սոցհարցումներն են անցկացրել եւ վստահ են, որ իրենց դաշինքը առաջատարն է: Նրա խոսքերով՝ ամենատարբեր սոցհարցումներ հրապարակեցին, իրարամերժ, բայց ամենամեծ սոցհարցումը ժողովրդի վստահություն ու ներկայությունն է: Բոլոր հանրահավաքներին մասնակից են եղել հարյուր հազարավոր մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ սատարել են Գագիկ Ծառուկյանին. «Քարոզարշավի սկզբնամասում կար որոշ օբյեկտիվություններ, բայց հետո որոշ չինական գելափներ կամ կազմակերպություններ իրենց սոցհարցումները փորձեցին հրամցնել մեր հասարակությանը, բայց վստահեցնում եմ՝ դա նրանց մոտ չի ստացվի»:

Երեկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն «Ուրվագիծ» հաղորդմանը մեկ առ մեկ անդրադարձավ առաջադրված ուժերի ծրագրային դրույթներում ԼՂ հարցի կարգավորմանը: «Ծառուկյան» դաշինքին անդրադառնալով՝ նա ասաց, որ ծրագրում լուծում չկա. «Գրված է՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջնական նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Շատ լավ, ճանաչումն է, ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, փոխզիջումների հիման վրա, բայց լուծում չկա: Ծառուկյանի դեպքում մի ուրիշ ֆենոմեն կա, քանի որ ինքն էլ այդ հարցին չի պատասխանել, սա բացարձակ չի ազդի իր ձայների վրա, ոչինչ չի պակասի, որովհետեւ Ծառուկյան ֆենոմենը քաղաքագիտական կանոններով բացատրելի չէ: Ժողովուրդն էդ մարդուն ընդունում է եւ վերջ»:

Aravot.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց պարոն Էնֆիաջյանից: Նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բավականին մեծ ալիք է բարձրացել: Սա այն անկեղծ խոսքն է, մոտեցումն է, որը ներկայացնում է Գագիկ Ծառուկյանը: Իր անցած կյանքի ուղին է, որ իրատեսություն է հաղորդում նրա կատարած աշխատանքի հետ կապված: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, մեր ծրագրային դրույթներում հստակ մատնանշված է, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով, միջազգային կազմակերպությունների միջամտության ճանապարհով ենք տեսնում լուծումը եւ ամենակարեւորը ԼՂՀ ժողովրդի մասնակցությամբ եւ իշխանությունների մասնակցությամբ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Խաղաղության ծրագրին, փոխզիջումային մոտեցմանը: Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Դա նախընտրական ծրագիր է մեծ հաշվով եւ ժողովուրդը պետք է իր կարծիքը հայտնի: Ես ինքս իմ տեսանկյունն ունեմ, իմ քաղաքական հայացքներն ունեմ, որը համընկնում է մեր քաղաքական թիմի՝ «Ծառուկյան» դաշինքի հայացքների հետ, քաղաքական կուրսի հետ: Իսկ դա նրանց մոտեցումն է, նրանց վերլուծություններն են, որը պետք է ժողովուրդը հավանություն տա կամ չտա»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ով էլ գա իշխանության, ուզում է Ծառուկյանը գա, ուզում է անգամ ՀՅԴ-ն գա, որը հիմա սվիններով է ընդունում իրենց ծրագիրը, միեւնույն է, հաջորդ օրը վազելու են եւ ստորագրելու են այն փաստաթուղթը, որի մասին իրենք խոսում են: Վահե Էնֆիաջյանն արձագանքեց. «Մեր պարագայում նման գործընթաց բացառվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031