Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհից ոչ մի նորություն չկա (Տեսանյութ)

Մարտ 29,2017 16:27

Ի՞նչ նորություն կա Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցություններից՝ Aravot.am-ի հարցին, այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախարարությունում հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Բանակցությունները շարունակվում են»:

Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե նախընտրական շրջանից առաջ այդ տեղեկատվությունը բուռն շրջանառեցիք եւ անգամ քարտեզներ էին պատրաստվում այլընտրանքի մասին, գուցե այդ ամենը ընտրություններո՞վ էր պայմանավորված, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Լարսին այլընտրանք, դուք միշտ փորձում եք ուղղությունը տանել երկրորդ ճանապարհին, բայց Լարսին այլընտրանք կարող է լինել ե’ւ լաստանավը, ե’ւ ավիափոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավով փոխադրում, որով որ Հարավկովկասյան երկաթուղին ստացել է բավականին լավ պայմաններ լաստանավի: Այսօր Հայաստանից Ռուսաստան լաստանավով տեղափոխվող բեռների արժեքը, նույնիսկ, կոնկրետ բեռների դեպքում, շատ ավելի էժան է, քան մեքենայով, Լարսով»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե բեռնափոխադրումներով զբաղվող մասնագետները ոչ այնքան արժեքի հարցն են բարձրացնում, որքան այլընտրանքային ցամաքային ճանապարհի, քանի որ լաստանավով տեղափոխելու դեպքում էլ, ինչպես բեռնափոխադրողներն են նշում, պատահում է, որ ծովի ալեկոծության պատճառով 12 օր հնարավորություն չի լինում ափին մոտենալ, նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գիտեք լինում են դեպքեր, կարող է նման դեպք լինել նաեւ ցանկացած ցամաքային ճանապարհի ժամանակ: Երկու օր առաջ Լարսին չվերաբերող հատված փակվել էր, քանի որ մեծ ավտովթար էր եղել»:

Մանրամասները` տեսանյութում

Լարսին այլընտրանք ճանապարհ կունենանք թե ոչ, նախարարն ասաց, որ դա Վրաստանի եւ Ռուսաստանի բանակցելու հարցն է եւ նրանցից է կախված:

Անդրադառնալով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի աշխատանքներին, որի ընթացքում պարբերաբար թերություններ ու կոռուպցիոն դեպքեր են արձանագրվում, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ճանապարհի շինարարության ընթացքում թերություններ եղել են եւ լինում են, սակայն դրանք ընթացքում լուծվում են եւ շինարարությունը ժամանակացույցով ընթանում է:

Դեպի հարավ գնացող կամուրջների մասով էլ, որի մասին խոսել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, դժգոհելով աշխատանքների առաջ չգնալու մասին, նախարարն ասաց. «Դրանք իմ ուշադրության կենտրոնում են, գոնե ամիսը մեկ ես գնում եմ, նայում եմ, այդ կառույցները»:

Այսօր նախարարը նախարարությունում հյուրընկալել էր գործարարներ Էդուարդ Մարությանին եւ Արա Յաղջյանին,

ներկայացնելու, թե ՏՏ ստարտափ ընկերությունների ֆինանսավորման ծրագրով ինչպես են աջակցել տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններին: Ըստ նախարարի, նախնական գաղափարների համար մոտ 200 հազար դոլարի ներդրում կարվի: Սկզբում կֆինանսավորվի 10 նախագիծ:
Aravot.am-ի հարցին, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը անհամաչափ է զարգանում մեր մյուս ոլորտների համեմատությամբ, արդյո՞ք սա չի խոչընդոտում, որպեսզի ՏՏ ոլորտի մեր մասնագետների գաղափարները տեղական շուկայում, մասնավորապես` պետական կառույցներում իրացվեն, Արա Յաղջյանը պատասխանեց` երբ պետությունը գումար է ունենում ՏՏ ոլորտին պատվեր է տալիս:
Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031