Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակը սուղ է երեխաների համար, մինչդեռ սովը, երաշտը և պատերազմը վտանգի են ենթարկում միլիոնավոր կյանքեր

Մարտ 29,2017 16:57

Նյու Յորք/Դակար/Նաիրոբի/Ամման, 29-ը մարտի, 2017թ. – Հարավային Սուդանում սովի մասին հայտարարելուց ավելի քան մեկ ամիս անց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հնչեցնում, որ ժամանակն արդեն սուղ է ավելի քան մեկ միլիոն երեխաների համար, ում կյանքը վտանգի տակ է Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Յեմենում տիրող երաշտի և զինված հակամարտությունների պատճառով:

«Երեխաները չեն կարող սպասել սովի մասին մեկ այլ հայտարարության, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք», – ասաց Մանուել Ֆոնտենը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրենը: «Մենք 2011թ.-ին, Սոմալիայի օրինակից սովորեցինք, որ մինչ սովի մասին հայտարարության տարածումը, անհայտ թվով երեխաներ արդեն հեռացել էին կյանքից: Դա այլևս չպետք է կրկնվի»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այդ չորս երկրներում մոտ 22 միլիոն երեխա գտնվում է սոված, հիվանդ, տեղահանված և դպրոցից դուրս մնացած վիճակում: Ավելին, մոտ 1.4 միլիոն երեխաների կյանքն այս տարի մահվան ռիսկի տակ է թերսնուցման պատճառով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ին հարկավոր է մոտ 255 միլիոն ԱՄՆ դոլար այս երեխաներին տրամադրելու սնունդ, ջուր, ինչպես նաև առողջապահության, կրթության և պաշտպանության ծառայություններ գալիք ամիսների ընթացքում:

Ֆինանսավորման մեծ մասը, մոտ 81 միլիոն ԱՄՆ դոլար, կտրամադրվի սնուցման ծրագրերին, որպեսզի երեխաները սնուցման վիճակի գնահատում անցնեն և, ըստ անհրաժեշտության, ստանան հատուկ թերապևտիկ սնունդ:

Լրացուցիչ 53 միլիոն ԱՄՆ ղոլար կհատկացվի առողջապահության ծրագրերին, ներառյալ պատվաստումների իրականացմանը: Փորլուծային վտանգավոր հիվանդությունների կանխարգելման նպատակով մոտ 47 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի մաքուր ջրի և հիգիենայի-սանիտարիայի պայմանների պահպանման ծրագրերի իրականացմանը:

Մնացած ֆինանսական միջոցները կուղղվեն հակամարտությունների և տեղահանության հետևանքով տուժված երեխաների պաշտպանությանն ու կրթության ծառայություններին: Առավել խոցելի ընտանիքներին կառաջարկվի սոցիալական աջակցություն նպաստների տեսքով:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, զինված հակամարտությունը տվյալ ճգնաժամի հիմնական պատճառն է: Հիմնադրամը տվյալ երկրներում բնակվող երեխաների իրավունքների ոտնահարումը դադարեցնելու և տուժած երեխաներին օգնություն հասցնելու համար արգելքների վերացման կոչ է անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031