Նախընտրական քարոզարշավում բացակայում է արտաքին քաղաքական դիսկուրսը. փորձագիտական հայացք քարոզարշավին

Նախընտրական քարոզարշավում բացակայում է արտաքին քաղաքական դիսկուրսը. փորձագիտական հայացք քարոզարշավին

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միջև արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով էական քաղաքական դիսկուրս չկա: Նման կարծիք հայտնեցին մի շարք փորձագետներ մարտի 29-ին կայացած «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Քննարկման կազմակերպիչը «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն էր, հրավիրված էին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով զբաղվող փորձագետներ, փորձագիտական կենտրոնների ղեկավարներ, վերլուծաբաններ և այլն: Քննարկվում էին քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջարկը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև որոշում ընդունող մարմինների և փորձագիտական հանրույթի հետ համագործակցության խորացման հեռանկարները՝ արդեն նոր ձևավորվող խորհրդարանի պարագայում:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը նախընտրական քարոզարշավում լրջորեն չեն քննարկվում: «Քաղաքական ուժերի մոտ ներքին կոնսենսուս կա արտաքին քաղաքական հիմնական հարցերի շուրջ»,- ասել է Ւսկանդարյանն՝ ընդգծելով, որ բոլորը քաջ գիտակցում են, թե որ քաղաքական ուժը, կամ «1.5 քաղաքական ուժերն են» գալու իշխանության, և արտաքին քաղաքականության առանձին հարցերի շուրջ օրիգինալ առաջարկներն ավելի շատ հանրության համակրանքը շահելու փորձեր են:

«Եթե նույնիսկ X անվանումով Y ղերակատարով որևէ այլ քաղաքական ուժ գա իշխանության, այն մոտավորապես նույն քաղաքականությունն է իրականացնելու, ինչ այսօր իրականացվում է, քանի որ որոշ ժամանակ առաջ արդեն իսկ այդ նույն քաղաքականությունն իրականացրել է»,- ասել է Իսկանդարյանը:

Արտաքին քաղաքականության հարցերում լուրջ դիսկուրսի բացակայությունն ընդգծել է նաև քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը: «Քարոզարշավի մեկնարկից 2-3 ամիս առաջ սպասվում էր, որ նախընտարական արշավում դիսկուրսի հիմնական առարկան լինելու է անվտանգությունը: Բայց ապրիլի 2-ը սարերի հետևում չէ, իսկ մենք տեսնում ենք, որ եթե նույնիսկ այս հարցերով թույլ դիսկուրս այսօր կա, այն առաջացավ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի շուրջ»,- նշել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ միայն մեկ ուժ է հանգամանորեն և հստակ ներկայացրել արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ իր տեսլականը և անվտանգության հարցն ընտրել որպես իր գլխավոր առաջնահերթություն՝ այն դնելով նույնիսկ իր կարգախոսի հիմքում, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: «Այս կուսակցությունը միակն է, որ ամրագրում է անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի մեծացմանն այլընտրանք չլինելը: Սա թեզ է, որի կյանքի կոչումը կենսական նշանակություն ունի հասարակության համար»,- ասել է նա:

Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին՝ Բարսեղյանն ընդգծել է, որ միայն Ազատ Դեմոկրատներ կուսակցության մոտեցումն է տարբերվում մյուսներից, այն առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից:

Անվտանգության հարցերի կարևորության մասին խոսել է նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա ընդգծել է, որ նոր խորհրդարանը, արդեն ելնելով սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունից, ավելի  մեծ պատասխանատվություն է ստանձնելու անվանգության և արտաքին քաղաքականության հարցերում, և անհրաժեշտ է ընտրել այն քաղաքական ուժին կամ ուժերին, որոնք պատրաստ են լինելու կրել այդ պատասխանատվությունը: Զաքարյանը նաև ընդգծել է, որ բնական է, որ քաղաքական ուժերն այսօր տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն արդեն խորհրդարան մտնելուց հետո կարևոր է լինելու ներխորհրդարանական կոնսենսուսի առկայությունը:

«Խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում ունենալու ենք անվտանգության հարցերում նոր խորհրդարանական մեխանիզմների մշակման, փորձարկման, դրանց անխափան կիրառման անհրաժեշտություն: Եվ այդ ուղղությամբ բոլորս մտածելու բան ունենք»,- ասել է Զաքարյանը: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն կարևորում է փորձագիտական շրջանակների հետ համագործակցության խորացման, քաղաքական գործիչների և փորձագետների միջև նման ձևաչափերով հանդիպումների շարունակական և պարբերական  աշխատանքի անհրաժեշտությունը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը նույնպես ընդգծել է փորձագետների կարևոր դերը՝ բերելով այդ թվում Իսրայելի օրինակը: «Փորձագետները կամրջում են Կնեսեթի և կառավարության գործողությունները համապատասխան ոլորտներում»,- ընդգծել է նա: Նա նաև ընդգծել է, որ, ելնելով անվտանգության խնդիրների կարևորությունից, Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումների համատեքստում փոփոխությունների կարող է ենթարկվել նաև Անվտանգության խորհրդի գործունեությունը:

Քննարկման մասնակիցներն իրենց ելույթներում առաջարկներ են ներկայացրել փորձագիտական հանրույթի և քաղաքական ինստիտուտների միջև համագործակցության խորացման վերաբերյալ: Ընդգծվել է, որ փորձագետները կարող են իրենց դրական դերակատարումն ունենալ քաղաքական հնարավոր անկայունությունը կանխելու հարցում։ Առաջարկ է հնչել նաև արտաքին քաղաքական տարբեր զարգացումների սցենարների և դրանց պարագայում ՀՀ հնարավոր քայլերի մշակման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ կլոր սեղան-քննարկման վարող ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրել խորհրդարնական դիվանագիտության բարեփոխման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգի յուրահատկությունները: Նա հատկապես կարևորել է անկեղծ դիսկուրսի միջոցով առկա թերացումների բացահայտման, և դրա հիման վրա  խորհրդարանական դիվանագիտության մշակման, պլանավորման, համակարգման և հաշվետվողականության ապահովման բոլոր ցիկլերի մշակման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը: Այդ գործընթացում նա ընդգծել է փորձագիտական հանրության աջակցության կարիքը:

Բեքարյանը կարևորել է փորձագետների նախաձեռնողականության անհրաժեշտությունը, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների միջև մասնագիտական տարանջատման պահպանումն ու զարգացումը:

Ընդհանուր առմամբ, քննարկումը ձևավորվող խորհրդարանի և փորձագիտական շրջանակների միջև սերտ համագործակցության սաղմեր է ստեղծում, սակայն այլ հարց է, թե խորհրդարան մտած քաղաքական ուժերը որքանով կօգտվեն այդ հնարավորությունից:

Աննա Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք