Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտություն. Լուծման բանալին եւ Ռուսաստանի իրական շահը

Մարտ 30,2017 11:46

Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցները փոխեցին երկրի նախընտրական օրակարգը: Ճիշտ կլինի ասել` վերադարձրին այն ռացիոնալ դաշտ, այն է` Հայաստանի իրական կենսական հիմնախնդրի հանրային քննարկման տիրույթ: Իսկ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ղարաբաղյան հիմնախնդիրն ընդհանրապես Հայաստանի ու հայության առջև ներկայումս ծառացած ամենաառանցքային խնդիրն է, կասկածից վեր է:

Առաջին Նախագահն իրավացի է, պնդելով, որ Հայաստանի բնականոն զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական հանգամանքը ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելն է` դրանից բխող հետևանքներով: ԵՎ բնական անհրաժեշտություն պիտի լինի երկրի քաղաքական (առավել ևս` նախընտրական) օրակարգի ձևավորումը առավելապես այս պրիզմայի ներքո, ինչպես և նախընտրական պայքարի դիտարկումը այս խնդրի լուծման ուղիների վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումների ներքո:

Համաձայն չլինելով Նախագահի հնչեցրած մի շարք մտքերի ու մոտեցումների հետ (միջազգային հանրությանը որպես մեկ միասնական «ատյան» դիտարկելու մոտեցումը, միջազգային իրավունքը և ընդունված աշխարհակարգը որպես միջազգային քաղաքականության մեկնակետ դիտարկելը – իրականում` հակառակն է, և այլն), հարկ եմ համարում կանգ առնել մի հանգուցային դատողության վրա. ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի դերակատարմանն ու այդ երկրի քաղաքական շահի մեկնությանը:

Նախագահը պնդում է, որ «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերջին շրջանում առավել նախաձեռնողականություն և ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ: Միջազգային հանրությունն ու մյուս համանախագահները ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին` նկատի առնելով Ռուսաստանի մեծ շահագրգռվածությունն այս հարցում: Ռուսաստանը փորձում է հնարավորինս շուտ կարգավորել այս հակամարտությունը, որովհետև, ակտիվ ներքաշված լինելով Մերձավոր Արևելքում քաղաքական խոշոր գործընթացների մեջ, չի կարող հանդուրժել իր թիկունքում` Անդրկովկասում պայթյունավտանգ օջախ: Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:»:

Իրավունք եմ վերապահում չհամաձայնել այս դատողության հետ:

Դա այդպես չէ: Գոնե` իր մեծ մասով: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության սկզբից (առնվազն տարաշրջանային այս հանգույցում սեփական աշխարհաքաղաքական շահի ըմբռնման պահից սկսած) մինչ օրս ծառայեցնում է հակամարտությունը և կողմերի հակասությունները սեփական դիրքերը Հարավային Կովկասում պահպանելուն և ամրապնդելուն:

Իսկ այդ նպատակին հասնելու քաղաքականությունը հանգում է ոչ թե հակամարտությունը համապարփակ և հիմնովին կարգավորելուն ուղղված ջանքերին, խաղաղության և հաշտության պայմանագրի կնքմանը, այլ` ճիշտ հակառակը. հակամարտությունը (ստատուս քվոն) մշտապես «թարմ» ու հրդեհավտանգ պահելուն:

Իհարկե, Ռուսաստանին Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմական նոր օջախներ կամ ճակատներ պետք չեն: Մերձավոր Արևելյան թնջուկից զատ, որում Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվ քաղաքական և ռազմաքաղաքական դերակատարում է ստանձնել, նա ինքն ունի բազմաթիվ խնդիրներ Հյուսիսային Կովկասի իր հանրապետությունների հետ, ուր ամեն տարի միջին հաշվով քսանից երեսուն միլիարդ դոլար (!) դոտացիաներ է հատկացնում տեղի իշխանություններին` վերջիններիս լոյալությունը Կրեմլի հանդեպ պահպանելու համար: Իրավիճակի սրացումը և մասշտաբային պատերազմը Ղարաբաղում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ նույն Ռուսաստանի համար:

Սակայն հակամարտության լուծումը և կողմերի հաշտեցումը նույնպես «ձեռք չեն տալիս» ռազմավարական մեր գործընկերոջը, քանի որ դա բերելու է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և Ռուսաստանի` առնվազն ռազմական ներկայությունը Հարավային Կովկասի իր վերջին ֆորպոստում դառնալու է աննպատակ ու անիմաստ: Իսկ դա արդեն Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու մեկնարկը կարող է դառնալ:

Այս պարագայում Ռուսաստանը որդեգրել է ղարաբաղյան հակամարտությունը «ԹԵԺ-ԿԱՌԱՎԱՐԵԼԻ» կարգավիճակում պահելու քաղաքականությունը: 2000-ականների սկզբներից բավականին հաջող իրագործվող այս քաղաքականության ապացույցները բազմաթիվ են`

1.Ռուսաստանը հավասարապես (կամ գրեթե) զինում է հակամարտող երկու կողմերին էլ, ստեղծելով, մի կողմից սպառազինությունների մրցավազք,  լարվածություն և մշտապես պայթյունավտանգ իրավիճակ, մյուս կողմից` մատակարարելով ամենաժամանակակից և թվային տեխնոլոգիաներով հագեցած սպառազինություն, կախման մեջ է դնում կողմերին թե այդ զինատեսակների տրամադրման ու մատակարարման հետ կապված (ժամկետներ, պայմաններ, ֆինանսական գործառնություններ, որոնք ժամանակատար են), թե դրանց գործածման, կիրառման հարցերում (մասնագետներ, կոդավորումներ և այլն):

2.Ռուսաստանը մշտապես իր թե քաղաքական, թե տնտեսական, թե տեղեկատվական համակարգերը լայնորեն ծառայեցնում է կոնֆլիկտող կողմերին հաշտությունից հնարավորինս հեռու պահելու համար: Պարբերաբար հրապարակ են հանվում տարբեր տրամաչափի քաղաքական, տնտեսական ու մեդիա գործիչներ (զանազան սոլովյովա-կիսիլյովներից մինչև ժիրինովսկիներ), որոնք, կախված իրավիճակից, հանդես են գալիս մեկ պրոհայկական, մեկ պրոադրբեջանական «ագիտպրոպով»` պարբերաբար կրքեր բորբոքելով այս կամ այն ճամբարում:

3.Օրեցօր ավելի է ուրվագծվում Ալիևի ապրիլյան արկածախնդրության և հայկական ուժերի վճռական գործողություններով լայնամասշտաբ հարձակումը կանխելու գործում Ռուսաստանի կարևոր ու հանգուցային մասնակցությունը, և ոչ միայն քաղաքական….: Վերստին փաստվեց` լայնամասշտաբ էսկալացիա հակամարտության գոտում Ռուսաստանը թույլ չի տա, բայց և խաղաղություն` նույնպես:

4.Ավելորդ եմ համարում խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված երկկողմ, կամ նրանց մասնակցությամբ` բազմակողմ ձևաչափերով տարբեր կառույցների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն) գործունեության կիրառական ասպեկտներից, քանի որ պարզից էլ պարզ է այդ ձևաչափերի խիստ պայմանական և ձևական ազդեցությունը իրական քաղաքականության վրա: Ռուսաստանը որևէ քաղաքական, առավել ևս ռազմական միջամտություն չի ցուցաբերել և չի ցուցաբերի Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ արված կամ տեղի ունենալիք ոտնձգությունների դեպքում:

5.Կոնֆլիկտը «թեժ-կառավարելի» վիճակում պահելը լավ հնարավորություն է Ռուսաստանի համար քաղաքական առևտրի առարկա դարձնել այն ոչ միայն կողմերի հետ հարաբերություններում, այլև տարածաշրջանային ավելի մեծ խաղում. Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններում լիարժեք խաղարկել այս գործոնը (հատկապես Թուրքիայի, ով այս հակամարտության մեջ ուղղակի քաղաքական շահ է հետապնդում), քաղաքական հաղթաթղթեր ունենալ Մեծ Մերձավոր Արևելք աշխարհաքաղաքական կոնցեպտում և այլն:

Այսքանով հանդերձ Ռուսաստանի նախաձեռնողականությունը ներկա փուլում հակամարտության լուծման ուղիների արդյունավետ որոնման գործում մեծ հույսերի տեղիք չի տալիս: Ռուսաստանը այս պահին թերևս ամենաշահագրգիռ պետությունն է թե տարածաշրջանում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից, ում ձեռնտու է «ստատուս-քվոն», ում անհրաժեշտ է ղարաբաղյան կոնֆլիկտի առկայությունը սառեցված կամ թեժ-կառավարելի վիճակում, հակամարտող կողմերի վրա իր քաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը պահպանելու համար, այլ ռեգիոնալ խաղացողների հետ շահեկան դիրքերից բանակցելու համար, Հարավային Կովկասի տարածաշրջանը ազդեցության իր ծիրում պահելու համար: Սա իր վոտչինան է` իր համոզմամբ:

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031