Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Հայաստանի դպրոցներում

Մարտ 31,2017 12:30

Նույնիսկ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում պատգամավորների թեկնածուները չեն անդրադառնում դպրոցներում առկա խնդիրներին եւ նրանց լուծումներին: Նշանակում է, որ այդ խնդիրներին պատգամավորների թեկնածուները կամ ծանոթ չեն, կամ դրանց ոչ մի նշանակություն չեն տալիս, կամ էլ գերադասում են լռել, քանի որ վիճակը իրենց համար այնքան անհույս է, որ ավելի հեշտ է խոստումներ տալ աշխատավարձերի բարձրացման, Ղարաբաղի հարցի լուծման, քան դպրոցների խնդիրների լուծման համար, մոռանալով, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից:

Իսկ դպրոցների խնդիրները սկսեցին էլ ավելի խորանալ, երբ դպրոցների ֆինանսավորումը որոշվեց աշակերտների թվով: Թվում էր, թե դպրոցների միջեւ պետք է որ առաջանար առողջ մրցակցություն, ինչը ենթադրում է ուսուցման եւ դաստիարակության բարձր մակարդակներին հասնելը, բայց, ավաղ, ամեն ինչ ընթանում է գլուխն ի վայր: Առողջ մրցակցությունը վերածվել է հիվանդ մրցակցության: Որոշ դպրոցի տնօրեններ աշակերտների թիվը ապահովելու համար գնում են այնպիսի քայլերի, որ դրանց արածը ոչ մի կապ չունի կրթադաստիարակչական գործունեության հետ: Եվ հիմնական գրավականը, որով իրենք առաջնորդվում են, այն է, որ ամեն գնով աշակերտներին եւ հատկապես ընտրյալ աշակերտներին ապահովել իրենց ուզած գնահատականներով: Որոշ ծնողներ էլ, որոնք մեր օրերում բավականին շատ են, գերադասում են իրենց երեխաներին տեղափոխել այնպիսի դպրոցներ, որտեղ տնօրենը կարող է գնահատականների եւ բացակայությունների հարցեր լուծել: Գոյություն ունի ծնողների այնպիսի տեսակ, որ եթե դպրոցը երեխային ապահովի իրենց ուզած գնահատականներով, ապա հնարավորության դեպքում երեխային ընդհանրապես դպրոց չեն էլ ուղարկի: Էլ չեմ ասում, որ կան նաեւ այնպիսիները, որոնց դպրոցից ոչ գնահատական է պետք, ոչ էլ գիտելիք, այլ ընդամենը դպրոցը իրենց համար մի վայր է, ուր կարելի է ուղարկել իրենց երեխաներին, որպեսզի մի քանի ժամով հանգստանան իրենցից:

Որոշ պետական դպրոցներ, որոնք, այսպես կոչված, «էլիտար» դպրոցների համբավ են վայելում, իրականում գտնվում են «ողորմելի» կարգավիճակում, այն պարզ պատճառով, որ տնօրենը իշխանիկ կամ դպրոցը հովանավորող ծնողներին հաճոյանալու համար դառնում է իրենց կամակատարը, պարտադրելով ուսուցիչներին զբաղվել գնահատականների նկարչությամբ: Անձամբ ներկա եմ եղել այնպիսի մի դեպքի, երբ իմ ներկայությամբ տարեց ուսուցիչը դասղեկի ցուցումներով, գիտակցելով, որ կհեղինակազրկվի մյուս աշակերտների առջեւ, գլուխը բռնած՝ թույլ աշակերտին ստիպված կիսամյակային գնահատականը նշանակեց 10, որովհետեւ այդ աշակերտի ծնողը մեծ գումարներ է փոխանցում դպրոցին:

Տնօրեններն աշխատում են ազատվել օբյեկտիվ գնահատող ուսուցիչներից եւ ընդունել նոր ուսուցիչների, որոնց առաջին հերթին դիտում են որպես գնահատական նշանակողներ: Նոր ուսուցիչներին ավելի հեշտ է թելադրել իրենց դրվածքը, եւ աշխատանքի ընդունելիս փոխարենը բացատրեն, որ «պետք է աշխատել ինչպես կարգն է», հասկացնում են, որ «պետք է աշխատեն՝ ինչպես որ ինքն ասի»: Թեեւ կան այնպիսի տնօրեններ, որ կարող են ձեւական պահանջել ուսուցիչներից օբյեկտիվ մոտեցումներ, բայց իրականում գնահատականները վերահսկեն իրենց տեղակալների կամ դասղեկների միջոցով: Երբ զրուցում էի դպրոցի տնօրեններից մեկի հետ եւ ասացի. «Չէ՞ որ այսպիսի պայմաններում ուսուցիչները կարող են հեղինակազրկվել», նա ինձ պատասխանեց. «Բա ե՞ս հեղինակազրկվեմ»: Փաստորեն, տնօրենների համար ավելի թանկ է թաղի, ընկերների, ծանոթների եւ այլոց կարծիքն իր մասին, որպես հարցեր լուծող, քան մանկավարժական կոլեկտիվինը:

Ոչ ցանկալի ուսուցիչներից ազատվելու համար օգտագործում են անհիմն մեղադրանքներ: Օրինակ, կարող են հայտարարել, որ ծնողները եւ աշակերտները դժգոհ են այդ ուսուցչի աշխատանքից: Եվ եթե Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր դավաճան, ապա մեր օրերում դասարանում կգտնվեն մի քանիսը՝ իրենց ծնողների հետ միասին (հուդաներ), որոնք կհաստատեն այդ բանը, իսկ մյուսները կմնան դիտորդի կարգավիճակում (նմանվելով փախչող առաքյալներին), մտածելով՝ «Տեսնես ինչո՞վ այս ամենը կվերջանա»: Անհասկանալի է մնում այն, թե ինչի հիման վրա է ծնողը կարծիք հայտնում, եթե երբեք դասին ներկա չի եղել: Թող հայտնի լինի բոլորին, որ ուսուցչի մասնագիտական եւ մանկավարժական հմտությունները ստուգելու համար պետք է անցկացնել դասալսումներ (ցանկության դեպքում՝ նաեւ ծնողների մասնակցությամբ), այլ ոչ թե լսել «տանը նստած» ծնողների կամ նույնիսկ աշակերտների կարծիքը: Ուսուցչից ազատվելու մյուս ձեւն այն է, երբ տնօրինությունը չի կանխում կարգազանց աշակերտների վարքը, որոնց պատճառով դասը խանգարվում է եւ առիթ է հանդիսանում ուսուցչին մեղադրելու՝ դասարան չկարողանալ պահելու մեջ: Այդ կարգի տնօրեններն այնքան թասիբ չունեն, որ չեն էլ պատկերացնում, որ եթե պարտադրում են ուսուցիչներին նշանակել ձգված գնահատականներ այնպիսի մի աշակերտների, որոնք ոչ սովորում են, ոչ էլ իրենց պահելու ձեւ գիտեն, ապա իրենք էլ պետք է ապահովեն այդ աշակերտների կարգապահությունը, այլ ոչ թե մեղադրեն ուսուցչին: Դպրոցներից մեկում, երբ մի ուսուցիչ փորձեց տնօրինությանը բացատրել, որ չի կարող այդ աշակերտին բարձր գնահատել, նրան ասացին՝ «Ես ձեր գործերին խառնվո՞ւմ եմ, որ դուք իմ գործերին եք խառնվում»: Այս բանն ասելով՝ ուսուցչին հասկացրին, որ դու էլ ում ուզում ես, ինչ ուզում ես գնահատի՛ր: Եվ այդ տնօրենները միջոցառումներին, ընդ որում՝ առանց ամաչելու, դեռ հանդես են գալիս հայրենասիրական եւ ազգանվեր ելույթներով:

Օբյեկտիվ գնահատող ուսուցչին կարող են մեղադրել նաեւ այն բանի համար, որ իր առարկայի առաջադիմությունը ցածր է, այն դեպքում, երբ առաջադիմությունը, որը որոշվում է գնահատականներով, մեր օրերի դպրոցներում ոչ մի կապ չունի ուսուցչի դասավանդման որակի հետ: Քանի որ հաճախ ցածր որակով դասավանդող ուսուցչի գնահատականները կարող են ավելի բարձր լինել, քան բարձ որակով դասավանդող ուսուցչի գնահատականները: Որքան էլ տարօրինակ է, բայց որոշ տնօրեններ, դասղեկներ եւ նաեւ ծնողներ նախընտրում են այն ուսուցիչներին, որոնք պակաս հմուտ են, քիչ պահանջող, բայց բարձր գնահատող: Այդ պատճառով ուսուցիչները թվացյալ «բարձր առաջադիմություն» ապահովելու համար անգամ գրավոր աշխատանքներն են ուղղում եւ լրացնում: Եվ այդ երեւույթը արմատավորվել էր դեռ խորհրդային ժամանակաշրջանում: Այս ամենի արդյունքում ձեւավորվում է գնահատականների վրա խանգարված հիվանդ հասարակություն: Իսկ վերադաս մարմիններին ներկայացված դպրոցների առաջադիմությունը իրականության հետ ոչ մի կապ չունի:

Եթե դպրոցի տնօրենը «իր տեղում չէ», ապա իր աշխատաոճը փոխանցվում է նաեւ իր տեղակալներին, դասղեկներին եւ ուսուցիչներին: Դասավանդող ուսուցիչների բողոքները դասղեկին՝ կարող են ծնողներին տեղ չհասնել: Դասղեկները միշտ չէ, որ ծնողներին ներկայացնում են առանձին աշակերտների եւ դասարանի իրական պատկերը` ցույց տալով ծնողներին, որ իրենց ղեկավարած դասարանում ամեն ինչ լավ է, իսկ որոշ դեպքերում էլ հասկացնում են ծնողներին, որ իրենք հարցեր լուծելով, տիրություն են անում աշակերտներին, եւ ծնողներն էլ պետք է իրենց տիրություն անեն:

Եվ եթե վերադաս մարմինների պաշտոնյաները տեղյակ չեն այն ամենից, դա նշանակում է, որ իրենք էլ իրենց տեղում չեն: Իսկ եթե տեղյակ են եւ ոչինչ չեն ձեռնարկում, կամ էլ չեն պատկերացնում, թե ինչ կարելի է անել, ապա առավել եւս իրենց տեղում չեն եւ ընդամենը օգտվելով իրավիճակից՝ պղտոր ջրից ձուկ են որսում:
Վերջաբանի փոխարեն՝ մի փաստ բերեմ. տարիներ առաջ, երբ դասերից հետո զրուցում էի 10-րդ դասարանցի իմ աշակերտուհու հետ, նա ինձ ասաց. «Եթե մեզ պետք լինի, ապա ամբողջ դասարանով կարող ենք դուրս գալ ուսուցչի դեմ, անկախ նրանից՝ նա ճիշտ է, թե սխալ, որովհետեւ ուսուցիչը մեզ համար օտար մարդ է»:

 

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ֆիզիկայի,
ինֆորմատիկայի ուսուցիչ

 

«Առավոտ»

30,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Իսրայելում կամ Սինգապուրում, օրինակ, նման երևույթներ դժվար թե դրսևորվեն, որովհետև այդ երկրներն ընտրել են ոչ թե իմիտացիայի, այլ իրական զարգացման ճանապարհը՝ սկսելով զրոյից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031