Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Մարտ 31,2017 16:16

Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ համաձայնություն ձեռք բերվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ԱԳՆ ղեկավարը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին տեղեկացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ ջանքերի մասին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031