Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի, Տարոն Մարգարյանի և Արփինե Հովհաննիսյանի ելույթները ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը

Մարտ 31,2017 17:13

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան –Այո´, միասին մենք հաղթելու ենք: Իմ կողքին այսօր կանգնած են մարտական ուղի անցած մեր վետերանները, ազատամարտիկները, երկրապահ կամավորականները, մարդիկ, ովքեր իրենց սխրանքով վաստակել են մեր հասարակության առաջին շարքերում կանգնելու հավերժական իրավունքը:
Փա՜ռք ու պատիվ նրանց:

Հենց նրանք արցախյան ազատամարտում ապահովեցին մեր հաղթանակը, հենց նրանք կանգնեցին մեր փառապանծ զինված ուժերի կողքին ապրիլյան քառօրյայում՝ բարձր պահելով մեր ազգի պատիվը:

Այս մարդիկ, առավել քան որևէ մեկը, գիտեն, թե ինչ է նշանակում անվտանգություն, ինչ է նշանակում խաղաղություն, և ես շատ հպարտ եմ, որ նրանք և մեր շատ հերոսներ, որոնցից շատերը հենց մեր կուսակցության անդամ են, հենց Հանրապետական կուսակցությանն են վստահում, մեր երկրի թիվ մեկ խնդրի՝ անվտանգության կատարելագործման ամենակարևոր գործառույթը, Հանրապետական կուսակցությանն են տալիս իրենց վստահության քվեն:

Ես հպարտ եմ, որ մենք գաղափարակից ընկերներ ենք: Ես հասկանում եմ, որ դա հսկայական պատասխանատվություն է և մեծագույն պատիվ:
Անվտանգություն և առաջընթաց. դա է մեր արդար պահանջը, և դա է Հանրապետական կուսակցության առաջիկա տարիների տեսլականը:

Ուրեմն, առա´ջ դեպի հաղթանակ:

ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան – Սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երևանցիներ շնորհակալ եմ, որ կրկին միասին ենք, շնորհակալ եմ, որ միասնական ենք: Ապրիլի 2-ը շատ կարևոր օր է մեր երկրի անվտանգության, մեր երկրի առաջընթացի համար: Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ վստահե´ք այն քաղաքական ուժին, որն ունի հստակ, իրատեսական ծրագիր, այն թիմին, որն ունի մեծ փորձառություն, աշխատասիրություն, բանիմաց է, այն թիմին, որը տեղյակ է մեր ժողովրդի դարդ ու ցավից, մեր երկրի խնդիրներից ու անելիքներից, այն քաղաքական ուժին, որը երբևէ չի խուսափել պատասխանատվությունից: Ուրեմն բոլորս միասին ընտրե´նք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, միասին կառուցե´նք մեր երկիրը, մեր երկրի ապագան: Առա՜ջ դեպի առաջընթաց և անվտանգություն:

ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարում ներկայացված, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան – Բարև Հայաստան, բարև ձեզ, սիրելի´ հայրենակիցներ: Ընդամենը ժամեր անց կավարտվի քարոզարշավը: Այս մեկ ամսվա ընթացքում քաղաքական մրցապայքարի թատերաբեմ են ելել բոլոր քաղաքական ուժերը՝ ձեզ ներկայացնելով իրենց ծրագրերը, տալով հավանական, իսկ առավել հաճախ՝ անհավանական խոստումներ: Բոլորի նպատակը մեկն էր՝ հայցել ձեր վստահության քվեն, արժանանալ ձեր վստահությանը: Իհարկե, այդ մրցավազքի պայմաններում բավական բարդ էր զերծ մնալ գայթակղությունից՝ հնչեցնելու անիրատեսական խոստումներ:Բայց մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, մեր ոճին ու ծրագրին՝ ձեզ հետ լինելով անկեղծ, ազնիվ ու բաց, հավատալով, որ դա է ձեր վստահության քվեին արժանանալու միակ ուղին: Այս ընթացքում մենք ունեցել ենք մի քանի համոզմունք և առաջնորդվել ենք այդ համոզմունքներով՝

1. Մարդիկ են կերտում պատմությունը, և ոչ հակառակը: Յուրաքանչյուր իշխանության պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեզնից յուրաքանչյուրը կարողանա իր և իր երկրի պատմության կերտողը, արարողը, դպիրն ու ճարտարապետը լինել:

2. Մենք համոզված ենք, որ մեր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքն՝ անշրջելի, իսկ մեր կամքն ու հավատամքը՝ անկասելի: Մենք չենք երկնչում և չենք վախենում, որովհետև գիտենք, որ մեր բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց, որի անխուսափելիության մասին արդեն փաստում են թվերը:

Սիրելի´ ժողովուրդ, դուք կարող եք կասեցնել այդ ուղին, բայց դուք կարող եք հավանություն տալ դրա շարունակականությանը, և այդժամ մենք մեր ձեռքից բաց չենք թողնի երևույթները դեպի դրականը փոխելու մեր հնարավորությունը:
Սիրելի´ հայրենակիցներ, առաջընթացը պրոցես է, ուղղություն է, ընտրություն է: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կատարե´ք ձեր ընտրությունը դեպի անվտանգության ու առաջընթացի այն բանաձևումը, որ մենք ենք առաջարկում: Այդժամ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կդառնա իր պատմության կերտողը:
Ուրեմն, շարժվե´նք առաջ: Դեպի´ առաջընթաց, որ միասին ենք հասնելու, դեպի´ ծրագիր, որ միասին ենք իրականացնելու և դեպի´ պատմություն, որ միասին ենք կերտելու: Դեպի´ Հայաստան, որ բոլորս ենք ուզում, դեպի´ արդար, ազատ, անկախ և ինտելեկտուալ Հայաստան:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031