Լրահոս
Օրվա լրահոսը

Կընդունի՞ ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքները (Տեսանյութ)

Մարտ 31,2017 17:25

«Դուք գիտեք, թե մեր երկրում սոցիոլոգիան ինչպիսին է: Մենք հո հստակ գիտենք, թե ովքեր են նրանց պատվիրատուները, ովքեր են կանգնած թիկունքում: Դուք ինչո՞ւ այսօրվա իրական Գելափի տվյալները չեք ասում: Ամիսներ շարունակ կեղծ Գելափի տվյալները հրապարակում եք, իսկ այն Գելափը, որի ներկայացուցիչներն այսօր են մամլո ասուլիս տվել, նրանց արդյունքները չեք ասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը`պատասխանելով սոցիոլոգիական հարցումներին վերաբերող հարցին: Դրանց համաձայն, հիշեցնենք, ՀՅԴ-ն հազիվ երկու տոկոսի շեմն է հաղթահարում:

Աղվան Վարդանյանը կարծում է, որ քաղաքական ուժի վարկանիշը պետք է ձևավորվի իր կատարած աշխատանքով, իր կենսագրությամբ: «Թող այդ գումարը չլինի, կեղծ ամբոխավարությունը չլինի, և կտեսնենք, թե ով ինչքան է: Մե՞նք ենք քաղաքական իրական կուսակցություն, թե՞ մյուսները, մենք ենք շատ բան արել, թե՞ ուրիշները, և վաղը նրանք որտեղ են լինելու»,- ասաց նա`հավելելով. «Ընտրությունները մի հետաքրքիր հատկություն ունեն, ավարտվում են, և թղթի վրա գրվում է, թե որ քաղաքական ուժը, որ վարկանիշային թեկնածուն քանի ձայն ունի: Կապրենք ևս երկու օր և կտեսնենք»:

Aravot.am-ի հարցին՝ ընտրություններից հետո թղթի վրա գրված այդ արդյունքներին ՀՅԴ-ն հավատալո՞ւ է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այն ընտրական համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք դրել ենք, և եթե ընտրական տեղամասերում էական խախտումներ չլինեն, կհավատանք ի՞նչ իմաստով, կհավատանք, որ այս պահին մեր հասարակությունը պատրաստ է սրան: Այս պահին մեր հասարակության մի զգալի մասը ձայնը տալիս է ոչ թե քաղաքական ուժին, ոչ թե արժեքներին, նպատակներին, այլ մի բանի, մի նկարի կամ փողի: Մեր խնդիրը նաև այս հասարակությունը քայլ առ քայլ փոխելն է»:

Դիտարկմանը, որ իշխանությունները նախօրոք են նախընտրական շրջանում դիմում կեղծիքների, որպեսզի ընտրատեղամասերում կեղծիքներ չլինեն, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այդ ամենի մասին բոլորս գիտենք, բայց հիմա պետք է նայենք՝ փոփոխություն կա, թե՞ չկա. «Դուք ուզում եք մեկ օրում այս հոգեբանությունն ու այս հասարակությունը փոխե՞նք: Ես չեմ հավատում դրան: Ես հավատում եմ, որ կոնկրետ այս մարդն այս անգամ խոսելով, շփվելով, հասկանալով իր վարքագիծը կփոխի: Այս անգամ կփոխվի 10 հազար, 50 հազար մարդ, վաղը կփոխվի 250 հազար մարդ»:

Ամեն դեպքում բանախոսը աշխարհի վերջը չի համարում հնարավոր խախտումները, ինչպես նաեւ այս ընտրությունները. «Կյանքը շարունակվելու է, այն խնդիրները, որոնք մենք ենք դրել, քայլ առ քայլ լուծվելու են»:

ՀՅԴ-ն, կախված ընտրությունների արդյունքներից, հասարակության վերաբերմունքից ու հետընտրական խճանկարից, կհստակեցնի իր հետագա համագործակցության հնարավոր տարբերակները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031