«Ունենք մի իրավիճակ, որն ունեինք նախկինում». Վարուժան Հոկտանյան

«Ունենք մի իրավիճակ, որն ունեինք նախկինում». Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ, այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ արձանագրվեցին նույն խախտումներն, ինչ նախորդ ընտրություններին են արձանագրվել:

«Պատկերն անփոփոխ է մնացել: Մենք տեսնում ենք նույն խնդիրները, մեր դիտորդները նույնպես արձանագրել են համատարած կաշառքի դեպքեր, պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից արձանագրվել է քարոզչություն աշխատանքային ժամերին, խոչընդոտներ են եղել այլ ուժերի համար նախընտրական միջոցառում իրականացնելիս»,- ասաց պարոն Հոկտանյանը:

Նա նաեւ ասաց, որ եղել են դեպքեր, որ ուժային կառույցի աշխատակիցներ են մասնակցել քարոզարշավին, բոլոր խախտումների մասին իրենք կհայտնեն առաջիկա օրերին՝ իրենց անցկացրած մոնիտորինգի ավարտից հետո:

Վարուժան Հոկտանյանը պատրանք չունի, որ իրենց կողմից վեր հանված խախտումների բացահայտում կլինի, ըստ նրա, գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր 176 դեպքի ուսումնասիրություն, բայց ընդամենը երեք դեպքով է տեղի է ունենում որոշակի քննչական գործողություն, մնացած դեպքերով պարզվել է, որ որեւէ լուրջ բան չի եղել կամ ապատեղեկատվություն է. «Ունենք մի իրավիճակ, որն ունեինք նախկինում: Այս իրավիճակում սպասել, որ կունենանք ԿԸՀ, որը անկախ կգործի, մեղմ ասած, դժվար թե սպասելի լինի: Որովհետեւ իշխանության ու պետության սերտաճում կա, ինչը տեսանք նախընտրական քարոզչության ժամանակ:

Պետական մարմինները՝ ԿԸՀ, ոստիկանություն կամ այլ մարմիններ ուղղակի կատարում են իշխանությունների հրամանը,սա դարձել է մեզ համար նորմ, դժվար կլինի ակնկալել լուրջ քայլեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք