Ընտրական օրացույց. Ռոբերտ Քոչարյան. Լավ կլիներ, եթե խորհրդարանում ներկայացված լինեին նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը… (Տեսանյութ)

Ընտրական օրացույց. Ռոբերտ Քոչարյան. Լավ կլիներ, եթե խորհրդարանում ներկայացված լինեին նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը… (Տեսանյութ)

Երեւանի գլխավոր հոգեբույժ Հարություն Մինասյանը 1995-ին հեռուստատեսությամբ հայտարարում է, որ պատգամավորության որոշ թեկնածուներ ունեն ակնհայտ հոգեկան շեղումներ: Նույնիսկ մի քանի ընտրատարածքներում կան թեկնածուներ, ովքեր գրանցված են նարկոլոգիական դիսպանսերում, ունեն ալկոհոլային կախվածություն և հոգեկան շեղումներ, կան նաև աթերոսկլերոզով տառապողներ:

1995-ի հուլիսի 5-ին` Սահմանադրության հանրաքվեի եւ խորհրդարանի ընտրությունների օրը, Գերագույն Խորհրդի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը տպագրում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստահարցազրույցը, որտեղ կան այսպիսի տողեր. «Ով դեմ է Սահմանադրությանը, խորհրդարանում անելիք չունի»:

1999-ի ընտրությունների շեմին Հայաստանի վիճակագրության նախարարության պետռեգիստրի պետ Տիգրան Մուկուչյանը լույս է ընծայում Հայաստանում գրանցված բոլոր ձեռնարկությունների տվյալներն ամփոփող մի գիրք:

1999-ի քարոզարշավի վերջին օրը Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցությունը մայիսի 28-ի առիթով այցելում է Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի գերեզմանին, խնկարկում նրա հիշատակը, այնուհետեւ ուղեւորվում Սարդարապատ:

Հայ կոմունիստները մի վերջին ճիգով ժողովրդին համոզում են, որ խորհրդարանում չպետք է լինեն կոճակ սեղմող անշարժ գույքեր: Ի դեպ, այս հանրահավաքում կոմունիստները շատ են հիշում Ազգային գաղափարախոսությունը եւ Աստծուն:

ԿԸՀ-ն քարոզարշավի վերջին օրը որոշում է բոլոր կուսակցություններին զրկել ընտրությունների նախորդ օրն իրենց տրամադրվելիք 5 րոպեանոց եթերից: Սա ԵԱՀԿ դիտորդների պահանջն է: ԿԸՀ-ում գիտեն, որ արտոնությունը օրենքին չի հակասում, պարզապես իրենց պետք է, որ դրսում ընտրություններին ոչ մի պիտակ չկպցնեն: ԿԸՀ-ն այս օրը քննում է նաեւ զինվորական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նամակը, որով վերջինս տեղեկացնում է, որ չի կարող յուրաքանչյուր ընտրատեղամաս ապահովել մեկ ոստիկանով: Դա ստիպված կլինի անել Սերժ Սարգսյանի գլխավորած ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունը:

1999-ի ընտրություններին, ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկության իրավունքից զրկված են ժամանակավոր գրանցում ունեցողները, անկողնային հիվանդները եւ հաշմանդամները: Փոխարենը քվեարկելու իրավունք ունեն դատապարտյալները, կալանավորները եւ Հայաստանից դուրս ապրողներ քաղաքացիները:

1999-ի ընտրությունների հենց նախորդ օրը ձերբակալվում է Նոր Հաճըն քաղաքի մի բնակիչ, որին մեղադրում են ընտրողներին կաշառելու մեջ: Նոր հաճընցիների համար դա սադրանք է: Նրանք հավաքվում են քաղաքի ոստիկանության մոտ եւ պահանջում ազատ արձակել: Ըստ նրանց, իրավապահներն իրենց թեկնածուն ունեն: Ժողովրդի ճնշումն արդյունք տալիս է՝ ձերբակալված Աշոտ Բեգյանն ազատ է արձակվում:

Քարոզարշավի վերջին օրը հրկիզվում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի անդամ Հրանտ Խաչատրյանի շտաբը: ՍԻՄ-ի «Իրավունք» թերթի խմբագիր Հայ Բաբուխանյանն ասում է, որ թերթում տպված մի հոդվածից հետո զանգել են իրեն եւ սպառնացել ու ահաբեկել: Բաբուխանյանը կասկածում է Խաչատրյանի մրցակից Լեւոն Սարգսյանին, որը ավելի հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով:

2003-ի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հանրապետականը մասնակցում է քաղաքային «Վերջին զանգի» միջոցառումներին: Դաշնակցությունը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկում ասում է, որ հիմա իրենց ավելի լավ է հասկանում ժողովուրդը: «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն էլ լրագրողներին ասում է, որ «ընտրություններից հետո շատ կարեւոր է միջազգային դիտորդների գնահատականը, որ քաղաքական էլիտան արժանի չէ մեր ժողովրդին»:

2003-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ HUMAN RIGHTS WATCH-ը հայտարարություն է տարածում՝ նշելով. «Հայաստանի իշխանությունները կիրառում են հասարակական կարգի խանգարման համար պատասխանատվության ենթարկելու մասին հնացած Քրեական Օրենսգիրքը որպես քաղաքական ռեպրեսիաների գործիք: Կիրակի օրը սպասվող ընտրությունները ցույց կտան, թե որքանով են նրանք պատրաստ հրաժարվելու նման գործունեությունից»:

2007-ի քարոզարշավի վերջին օրը Ռոբերտ Քոչարյանը ձեւակերպում է նոր խորհրդարանի իր տեսլականը՝ ուզում եմ այնտեղ տեսնել արհեստավարժ մեծամասնություն եւ կառուցողական ընդդիմություն: «Ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը ծանրակշիռ ներկայություն ունենար խորհրդարանում», – ասում է նախագահը: Նրա գնահատմամբ՝ լավ կլիներ, եթե խորհրդարանում ներկայացված լինեին նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը եւ ՄԱԿ-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք