Դոնալդ Թրամփը և Ամերիկան

Դոնալդ Թրամփը և Ամերիկան

Շատերն են ԽՍՀՄ-ի փլուզումն ուղղակիորեն կապում ԱՄՆ-ի հետ, ասելով, որ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ղեկավարներ Գորբաչովն ու Ելցինն ուղղակիորեն ծառայում էին ԱՄՆ-ին: Նախ ԽՍՀՄ-ը փլուզելով, իսկ այնուհետև Ռուսաստանը թուլացնելով՝ ԱՄՆ-ն հասավ նրան, որ գործնականում վերացնելով իր ու ԽՍՀՄ-ի երկիշխանությունը՝ հասավ գրեթե բացարձակ մենիշխանության, և արդեն շուրջ քառորդ դար է՝ ԱՄՆ-ն միանձնյա է դասավորում ու վերադասավորում աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա գոյություն ունեցող մեծ ու փոքր ֆիգուրները:

Այսուհանդերձ, ժամանակ առ ժամանակ, Ռուսաստանն ու Պուտինը հաջողացնում են որոշ ու որոշակի չափով անհանգստություն պատճառել ԱՄՆ-ին՝ Սիրիայի, Թուրքիայի և գլոբալ այլ հարցերի հետ կապված: Այդ անհանգստությունն աճելու միանգամայն լուրջ հիմքեր ունի՝ կապված Դոնալդ Թրամփի ընտրության ու գոյության հետ: Շատերը, այդ թվում նաև ամերիկյան լրջագույն կառույցներ ու դեմքեր, ընտրություններում Դոնալդ Թրամփի հաջողությունն ուղղակիորեն կապում են Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ, ահազանգելով, որ Թրամփը կարող է Միացյալ Նահանգների համար չարիք հանդիսանալ. այսինքն, Թրամփը կարող է ԱՄՆ-ի հարցում կատարել այն դերը, ինչ ԽՍՀՄ-ի հարցում կատարեց Գորբաչովը: Շատերն էլ այն կարծիքին են, որ շուտով Թրամփը «կքցի» Ռուսաստանին ու Պուտինին, և կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի:

Այս և նմանատիպ հարցերը չեն կարող չհուզել աշխարհին, առավել ևս ԱՄՆ-ի քաղաքական կառույցներին ու պատասխանատուներին, և չնայած շատերն այն կարծիքին են, որ որևէ անհատ անկարող է փոխել ԱՄՆ-ի քաղաքական ուղղվածությունը, այդուհանդերձ, շատերն էլ գտնում են, որ Դոնալդ Թրամփն այն անձնավորությունն է, ով կարող է և ի վիճակի է գլխիվայր շուռ տալ ամեն ինչ՝ ներառյալ Միացյալ Նահանգների քաղաքական գլխավոր ու հիմնական ուղղությունը:

Սրանք, իհարկե, ենթադրություններ են, բայց այս և նմանատիպ այլ ենթադրություններ անողներն իրական ու կենդանի մարդիկ են՝ ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ, որոնք Դոնալդ Թրամփի հաղթանակի արդյունքում խուճապի մեջ են հայտնվել: Բնականաբար, ամենից ավելի խուճապահար են ամերիկյան դեմոկրատները, ովքեր բացեիբաց և ի լուր աշխարհի հայտարարում են, որ Դոնալդ Թրամփի քաղաքական հայացքներն ու ծրագրերը բացահայտորեն հակասում են Միացյալ Նահանգների շահերին, և եթե Թրամփի դեմոկրատ ու այլ հակառակորդներն առայժմ ընտրակեղծիքների մասին ոչ թե աղաղակում են, այլ իրար մեջ շշուկներով են խոսում, դրա պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ նրանք չեն ուզում ԱՄՆ-ին զրկել «համաշխարհային դեմոկրատիայի հոր» կարգավիճակից, որի կորստյան դեպքում ԱՄՆ-ն մեկից կդառնա մյուսների պես սովորական երկիր, և, ինչպես մյուս սովորական երկրներից, ԱՄՆ-ից նույնպես ընտրությունների օրերին դիտորդներ կհրավիրվեն՝ վերահսկելու ամերիկյան ընտրությունները: Ինչպես մեր դեպքում՝ հիմնականում եվրոպական երկրներից ու կառույցներից: Եվ եթե Թրամփն իր դիրքերն ամրապնդի, միգուցե Ռուսաստանից էլ դիտորդներ հրավիրվեն՝ ինչպես մեր դեպքում:

Սրանք իմ ու ուրիշների ֆանտազիաների ոլորտից  են, և հնարավոր է, որ շատ շուտով Թրամփն ինքը նմանատիպ ֆանտազիաների ու ենթադրությունների վերջը դնի՝ կտրուկ վերափոխվելով և տիպիկ ամերիկյան նախագահ դառնալով, բայց, այս պահի դրությամբ, այս երկրորդ ենթադրությունս էլ է ընդամենը ենթադրություն, և միայն անձամբ Թրամփին է հայտնի, թե ինքն այս ճանապարհներից որն է ընտրելու: Ասացի՝ Թրամփին է հայտնի, բայց շատ հնարավոր է, որ Թրամփն ինքն էլ չգիտի իր հետագա անելիքը, և չնայած ԱՄՆ ներկայիս նախագահը կյանքի լիարժեք փորձ ունի, այդուհանդերձ, նախագահական փորձ չունի,  և հնարավոր է՝ նախագահի կյանքն ու աթոռը Թրամփին ստիպեն վերանայել իր որոշ տեսկետներն ու պատկերացումները:

Իսկ առայժմ հակառակն է տեղի ունենում. առայժմ Թրամփն իրար հետևից չեղյալ է հայտարարում իր սևամորթ նախորդի՝ Բարաք Օբամայի որոշումները, և Օբաման էլ աջուձախ ու բացեիբաց Թրամփի դեմ հայտարարություններ է անում, հայտարարելով, որ Թրամփի գործունեությունը հակասում է Միացյալ նահանգների շահերին:

ԱՄՆ-ում իսկապես անկանխատեսելի իրավիճակ է: Եթե սրանից ընդամենը երկու տասնամյակ առաջ մեկն ասեր, որ սևամորթը կարող է ԱՄՆ-ի նախագահ դառնալ, մենք այդ ասողին լուրջ մարդ չէինք համարի: Իսկ եթե մեկն ասեր, որ ԱՄՆ-ի սևամորթ նախագահն ԱՄՆ-ի սպիտակամորթ նախագահից կպաշտպանի ԱՄՆ-ի շահերը, մենք այդ ասողին առնվազն խելագար կհամարեինք:

Բայց այս օրերին ավելիին ենք ականատես լինում: Ականատես ենք լինում, որ Դոնալդ Թրամփից ԱՄՆ-ի շահերը պաշտպանում են ոչ միայն Օբաման ու ամերիկյան դեմոկրատները, այլև այլ երկրների գործիչներ ու քաղաքագետներ, այդ թվում՝ Հայաստանի:

Բայց այս ամենը խելագարություն չենք կարող որակել, որովհետև հասկանում ու գիտակցում ենք, որ ողջ աշխարհի ու նաև Հայաստանի ապագան է ուղղակիորեն կախված ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններից: Իսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններն էլ ուղղակիորեն կախված են անձամբ Դոնալդ Թրամփից:

Իսկ մեզ մնում է համբերել ու սպասել, որովհետև մեզնից շատ քիչ բան է կախված:

Ցավոք սրտի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս ե-կայքում արտայայտուած իմ մեկնաբանութիւնների մէջ, անցեալ ամիսներին, մի քանի անգամnyr պաշտպանել եմ Թրամփը

    վերջին տասը օրերի իրադարձութիւնների լոյսին տակ, ամէն ինչ որ նախապէս ասել եմ այդ մասին, այսու ետ եմ քաշում, անվերապահ զղջումով

    սխալ էի

    ծայրէ ծայր՝ խաբուեցայ

    միակ – յարաբերական – ինքնապաշտպանութիւնս հետեւեալն է՝ իր մասին կարծիքներս ճշդում եմ իր արաքներին վրայ, եւ կապ չունին իր ընդհանուր վարուելակերպին, ոճին հետ

    սակայն սխալը ըրի հաւատալու որ նա գոնէ կարող էր իր յայտնած էական դիրքորոշումների գոնէ երեսուն տոկոսը վերածելու իրականութեան. այդ չափաւոր ակընկալութիւնը իսկ հիմա հասաւ զէրօյի, մինչ՝ թէ իր այժմու խօսքերը եւ թէ մանաւանդ իր արարքները, հարիւր տոկոսով ուղղակի հակառակ ը կը հանդիսանան անցած մէկ ու կէտ տարուայ ընթացքին իր բազմիցս հաստատած ու կրկնած յայտարարութիւններին

    էհ… ֆրանսերէնով կ’ասեն՝ on apprend à tout âge…

  2. Հ.Շ. says:

    = «ուր ել հասած լինի քո տարիքը, տակաւին բան ունես սովորելիք»

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք