Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազուկ»` հայկական փխրուն թխվածք

Ապրիլ 02,2017 12:30

Հետաքրքիր է, որ Հայաստանից դուրս «Նազուկ» անունով թխվածքը, որպես հայկական քաղցրավենիք, շատ ավելի հայտնի է, քան մեզ մոտ: Սովետական խոհարարական գրքերում հայկական խոհանոցին նվիրված բաժնում «Նազուկը» խմորիչով կաթնահունց բուլկու նման թխվածք է ներկայացվում, իսկ ժամանակակից գրքերում, կայքերում «Նազուկն» արդեն նույն կաթնահունցն է, բայց` խորիզով: Արտաքնապես շատ նման է շերտավոր գաթային, բայց լրիվ այլ խմոր է:

Առաջարկում եմ պատրաստել խորիզով տարբերակը` նուրբ, համեղ, գեղեցիկ «Նազուկ»: Հատկապես Զատիկի տոնակատարությանը այս թխվածքը շատ տեղին կլինի:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար
Կաթ – 100 մլ
Թթվասեր-100 մլ
Չոր խմորիչ- 1 ճաշի գդալ
Կարագ կամ յուղ- 200 գրամ
Ձու- 2 հատ
Ալյուր-3-4 բաժակ
Խորիզի համար
Կարագ-150 գրամ
Շաքարավազ-1 բաժակ
Ալյուր-1բաժակ
Վանիլի մզվածք-1 ճաշի գդալ կամ փոշի վանիլին` մի պտղունց
Ինչպես նաեւ` 1 ձվի դեղնուց` գաթաների վրա քսելու համար

Պատրաստման եղանակը

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել կես բաժակ ալյուր, լավ խառնել, թողնել հանգստանա մոտ կես ժամ, մինչեւ պղպջակներ հայտնվեն: Ապա ավելացնել թթվասերը, հալած կարագը եւ ձուն, լավ հարել: Քիչ-քիչ ավելացնել մնացած ալյուրը, խառնել, շարունակել ավելացնել ալյուր այնքան, մինչեւ դառնա հունցելու համար պիտանի, բայց ոչ շատ պինդ խմոր, լավ հունցել` մոտ 10 րոպե: Մի քանի անգամ խմորը հարվածել սեղանին: Ապա ծածկել որեւէ խորը թասով, թողնել մնա մեկ ժամ:

Մինչ խմորը հանգստանում է, պատրաստեք խորիզը: Դրա համար սենյակային ջերմաստիճանի կարագի վրա լցրեք շաքարավազն ու ալյուրը եւ սկսեք ձեռքերով փշրել այնքան ժամանակ, մինչեւ ողջ զանգվածը վերածվի փշրանքի: Վերջում ավելացրեք նաեւ վանիլը:

Խմորը բաժանել 4 գնդի: Նույնքան մասի բաժանել նաեւ խորիզը: Յուրաքանչյուր գունդը գրտնակել, մեջը լցնել իր բաժին խորիզը, ամուր փաթաթել` ռուլետի նման: Ապա կտրատել 5-6 մասի: Ստացվում է մոտ 20-22 նազուկ:

Տեղավորել ջեռոցի տապակի մեջ, որի վրա յուղաթուղթ է դրված: Վրան ծածկել սրբիչով, թողնել մի քսան րոպե, որից հետո նազուկների վրա քսել լավ հարած դեղնուցը եւ դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 20-30 րոպեով` մինչեւ գաթաները լավ բարձրանան եւ կարմրեն: Պատրաստի նազուկները թողեք հովանան եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

01.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նազուկի եւ գաթայի միջեւ ես տարբերութիւն չեմ տեսնում – երկուքից ալ պարբերաբար ուտելու բախտը ունի մեր ընտանիքը… –

    Տարբերութիւնը կապում էք խմորի տեսակին, սակայն իրողութիւնը այն է թէ երկուքն ալ այլազան տեսակի խմորներով կը պատրաստուին, ըստ պատրաստողին:

    Ինծի համար կարեւորը այն է որ միջուկին եւ խմորին չափերու համեմատութիւնը ճիշդ պէտք եղածը լինի: Միջուկը շատ, բայց ոչ այնքան շատ որ խմորը աննշան դառնայ: Այստեղ կը կայանայ կարծեմ թխողի հմտութեան վարկանիշը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930