Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանախին ծեծել են». ըստ փաստաբանի՝ նրա շորերը ծփում էին արյան մեջ (Տեսանյութ)

Ապրիլ 04,2017 15:24

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով երեկ կալանավորված Արթուր Այվազյանը՝ հայտնի «Մանախ» մականվամբ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար և վերջերս էր ազատ արձակվել բանտից։

«Արթուր Այվազյանի ներկայացմամբ, դեպքը տեղի է ունեցել այսպես. ինքը նստած է եղել իրենց շենքի մոտակայքի պուրակում, շենքին են մոտեցել մի քանի ավտոմեքենաներ, մեջից դուրս են եկել քարոզարշավ իրականացնող 10-15 երիտասարդ, մտել շենքի բակ: Արթուր Այվազյանը նկատել է, որ մեքենաներից մեկի վրա փակցված եռագույն դրոշն ընկել է գետնին՝ ցեխոտ տեղ, մոտեցել է, դրոշը վերցրել, խրել է հողի մեջ, որ ուղիղ կանգնի, մինչեւ քարոզողները վերադարձել են ու շատ կոպիտ ձեւով հարցրել՝ ով է վերցրել մեր դրոշը, բեր դիր տեղը: Այվազյանն էլ նույն ձեւով պատասխանել է՝ ձեր դրոշը չէ, մեր՝ բոլորիս դրոշն է, ձեր դրոշին էլ ուշադիր հետեւեք, որ գետնից չվերցնեմ: Ասել է՝ կարող եք գնալ, վերցնել, նրանք էլ պատասխանել են՝ վերցրել ես, գնա ինքդ էլ բեր: Այս հողի վրա վիճաբանություն են ծավալել, տասնութ, տասնինը տարեկան երիտասարդներ են եղել, նուրբ կազմվածքի, նրանց մեջ աղջիկներ էլ են եղել: Արթուր Այվազյանը չի ցանկացել նրանց հետ վեճի բռնվել, որովհետեւ իր համար նրանք երեխաներ են»,- Aravot.am-ին պատմեց Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Որպեսզի վեճը չխորանա, ըստ պարոն Ալումյանի, իր պաշտպանյալը երիտասարդներին հորդորել է զանգել Սասուն Միքայելյանին կամ Նիկոլ Փաշինյանին, առաջինի հետ երիտասարդները չեն կարողացել կապվել, իսկ Փաշինյանի հետ կարողացել են կապվել, թե՝ ոչ, Արթուր Այվազյանը տեղյակ չէ. «Այվազյանը նկատի ուներ, որ Սասուն Միքայելյանը կամ Նիկոլ Փաշինյանն իրեն ճանաչելով՝ երիտասարդներին կհրահանգեն՝ այս վեճն ավարտեն»:

Բայց երիտասարդները, պարոն Ալումյանի պատմելով, որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են ու սկսել իրենց ավելի ագրեսիվ պահել, քաշքշուկ են սարքել. «Արթուր Այվազյանն էլ է կոպիտ պատասխանել ու աջ կողմից՝ կոշտ առարկայով աչքից մի քիչ վերեւ, հարված է ստացել, հարվածողներից մեկի ձեռքում էլ զենք է նկատել, որով, հավանաբար, հենց իրեն խփել են: Ինքը բռնել է հարվածողին, պայքար է ծավալվել իրենց մեջ, բայց Արթուր Այվազյանին հաջողվել է զենքը խլել, այդ ընթացքում բոլոր կողմից իրեն քաշքշել ու հարվածել են: Այդ հարվածից կամ արյան կորստից, որովհետեւ իր շորերը արյունից ծփում էին, Արթուր Այվազյանի պատմելով, մի պահ չոքեց, գիտակցությունը մթագնեց»:

Արթուր Այվազյանը նաեւ պատմել է, որ կատարվածից հետո երիտասարդները նստել են մեքենա ու փորձել հեռանալ, ինքն էլ նրանց հետեւից զենքն է շպրտել՝ մտածելով, որ գոնե մեկին կկպնի, հետո վեր է կացել, մոտեցել մեքենային, այդ ժամանակ մեքենան սկսել են վարել, իր ձեռքը մնացել է մեքենայի բռնակի վրա, երիտասարդները մի տասը մետր քարշ են տվել նրան, հետո ինքը վայր է ընկել ու ուսով հարվածել մայթեզրին:
Արթուր Այվազյանը՝ ծեծված ու ջարդված, ըստ փաստաբանի, զանգել է ոստիկանություն, խնդրել նաեւ, որ շտապօգնություն կանչեն:

«Մարտարվեստների վարպետ է նա, եթե որեւէ մեկին հարվածած լիներ, այնտեղ դիակ կարող էինք ունենալ… որ տեսնեք՝ քանի մարմնական վնասվածք ունի այդ մարդը, նրան տեւական ծեծի են ենթարկել, ու ինքը չի ուզեցել ինչ-որ մեկի խփել… Ընդունենք՝ Նիկոլ Փաշինյանի երիտասարդներն են ճիշտ ասում, բա մենք չգիտե՞նք, որ մի փոքր բանավեճի դեպքում, կռիվ էլ չէ, նրանք միանգամից հեռախոսը վերցնում են, սկսում նկարել, բա ուր են այս դեպքում այդ տեսագրությունները, բա երիտասարդներ՝ ձեր տեսանյութերը ինչու չեք տեղադրել համացանցում, որ մենք նայեինք ու ասեինք՝ վայ դուք ճիշտ եք կամ ճիշտ չեք, ինչու չեք տեղադրել համացանցում՝ ձեր բնավորությանը համապատասխան »,- ասաց պարոն Ալումյանը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երեւան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։

Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Դատարանը բավարարել է Այվազյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:։

Տուժող Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ավելի վաղ պնդել էր, թե «Մանախին» «ոչ մեկ չի ծեծել, նա հետապնդել է մեքենան ու կախվել բաց դռնից»: Մանրամասն՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930