Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի միջոցները չունենք, որը դրամով ուղղակի «գնում» է եվրոպացի պատգամավորների. Արա Թորանյան

Ապրիլ 04,2017 22:00

Ադրբեջանը եվրոպական երկրներում լոբբիստական աշխատանք է տանում, միջազգային մամուլի էջերում անգամ տեղեկություններ են հրապարակվում, որ Եվրախորհրդարանի այս կամ պատգամավորին են կաշառել: Ֆրանսիայում ի՞նչ աշխատանք է տարվում Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ ավելի հստակ ու ճշգրիտ պատկերացումներ ներկայացնելու ուղղությամբ, հարցրեցինք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին, որը Երեւան է ժամանել:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից ձախ:

«Հստակ է, որ Ադրբեջանը գնալով ավելի է կազմակերպվում, նրանք բավական միջոցներ ունեն, շատ ակտիվ են նաեւ Ֆրանսիայում: Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ կարեւոր առեւտրատնտեսական պայմանագրեր կան, եւ անշուշտ Ադրբեջանը փորձում է չարաշահել տնտեսական այդ հարաբերությունները` որպես լծակ քաղաքականության նկատմամբ: Փորձում ենք ընդդիմանալ այդ քաղաքականությանը, Ֆրանսիայի իշխանությունների հետ մեր բոլոր հանդիպումներում աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին: Բայց չպետք է խաբվենք` միլիարդների ներդրումների ծրագրեր կան: Սակայն, իհարկե, մեր ուժը` մեր գաղութն է», նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ հաջողել են Հայաստանի համար մի շարք ձեռքբերումների հասնել, օրինակ, Հայոց Ցեղասպանության նկատմամբ դիրքորոշման հարցում:

Անդրադառնալով ապրիլի քառօրյա պատերազմից հետո ռազմական հնարավոր գործողություններ բռնկմանը` Արա Թորանյանը հավելեց. «Մենք գործի ենք դնում մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի նեցուկ կանգնենք Ղարաբաղին: Երբ Ալիեւը Ֆրանսիա ժամանեց` բողոքի ցույցեր կազմակերպեցինք Փարիզում, Լիոնում եւ Մարսելում: Կապի մեջ ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ, փորձում ենք նրանց կապերն ուժեղացնել ֆրանսիական շրջանակների հետ: Օրինակ, մեր կապերը Ֆրանսիայի քաղաքական էլիտայի հետ օգտագործեցինք, որպեսզի նրանցից ոմանք այցելեն Ղարաբաղ, ֆրանսիական մամուլում հրապարակումներ լինեն` Ղարաբաղի վերաբերյալ, որը չափազանց կարեւոր է: Պարզ է, որ Ադրբեջանի միջոցները չունենք, որը դրամով ուղղակի «գնում» է եվրոպացի պատգամավորների: Մենք տեսնում ենք, որ նրանք շատ ակտիվ են նաեւ Ֆրանսիայում եւ որ Ֆրանսիան  նրանց համար մեծ կարեւորություն ունի»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք ապրիլի 5-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930