Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մշակույթը 2018-ին կներկայացվի Մետրոպոլիտեն թանգարանում

Ապրիլ 05,2017 15:20

Ապրիլի 5-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ բացվեց թանգարանային ցուցադրության մասնագետների (կուրատորների) դասընթացը, որ կկայանա ապրիլի 5-8-ը։

«Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» խորագրով քառօրյա դասընթացները «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն՝ ՀՀ մշակույթի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի հետ։

Դասընթացավարներն են Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսն` ԱՄՆ-ի Մետրոպոլիտենե թանգարանից, Ամանդա Մայնեն` Բրիտանական թանգարանից, Էրիկ Քրիստիանսենը՝ ԱՄՆ-ի Սմիթսոնյան թանգարաններից, և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետներ:

Դասընթացի մասնակիցների թվում են Հայաստանի եւ Ջավախքի 25 թանգարանների աշխատակիցներ:

ԱՄՆ-ի Մետրոպոլիտեն թանգարանից Հելեն Էվանսը երկրորդ անգամ էր Հայաստանում, առաջին անգամ նա մեր երկիր է այցելել 1982-ին: Նա տեղեկացրեց, որ 2018թ. Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում նախատեսված է Հայաստանին նվիրված ցուցահանդես անցկացնել, որին կմասնակցեն Հայաստանի Պատմության եւ Մայր աթոռի թանգարանները, ինչպես նաեւ Մատենադարանը:

Էվանսը կարեւորեց 2008-ին Հայաստանի կողմից նվիրված խաչքարի ներկայությունը Մետրոպոլիտեն թանգարանում:

Ինչ վերաբերում է 2018-ին սեպտեմբերի 21-ին բացվելիք եւ մինչեւ հունվարի 13-ը կայանալիք ցուցահանդեսին, այն ընդգրկելու է Քրիստոնեության ընդունումից մինչեւ 17-րդ դարը, շեշտադրվելու է առաջին տպագիր գիրքը եւ Հայաստանի առեւտրական գործունեությունը Հնդկաստանից մինչեւ Անգլիա:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ուրախությամբ նշեց, որ մեր երազանքներն իրականություն են դառնում, իսկ նման ծրագրերի իրականացումը միջոց է, որպեսզի, իր ձեւակերպմամբ ֆաստ ֆուդի թանգարանները չստվերեն իրական արժեքները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930