Էս անգամվա ԱԺ մանդատները շատ ավելի թանկ արժեն

Էս անգամվա ԱԺ մանդատները  շատ ավելի թանկ արժեն

Հայաստանում միշտ էլ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար կատաղի պայքար է ընթացել: Բայց, համաձայնեք, որ էս անգամվա պայքարն անհամեմատ ավելի կատաղի էր: Պատճառները թվարկելը դժվար չէ, քանի որ դրանք չափազանց շատ են: Նախ՝ որ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձն է էապես բարձրացել, ինչպես նաեւ պատգամավորների կենսաթոշակը, որոնք չեն զիջում նախարարների համար սահմանված աշխատավարձին ու կենսաթոշակին:

Այսուհանդերձ, մեր դժվարին, հակասական ու խառնակ օրերում շատերը գերադասում են պատգամավոր դառնալ, քան նախարար, որովհետեւ մեր դժվարին, հակասական ու խառնակ ժամանակներում ցանկացած նախարար ցանկացած պահի կարող է զրկվել իր գրաված ու զբաղեցրած պաշտոնից, մինչդեռ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնն ու անձնական անձեռնմխելիությունն առնվազն չորս ու հինգ տարով երաշխավորված են:
Բայց, այսուհանդերձ, այժմյան պատգամավորներին ամենամեծ ու ամենաէական առավելությունն ապահովում է նոր Սահմանադրությունը, համաձայն որի՝ 2018 թվականից սկսած՝ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան հանդիսանալու է ոչ թե Հայաստանի նախագահը, այլ Հայաստանի վարչապետը, որին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ նոր պատգամավորները, որոնց տված ձայներից է կախված լինելու, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը, եւ հիմա քվեարկության ժամանակ արդեն պատգամավորներից որեւէ մեկը թույլ չի տա, որ իր փոխարեն ուրիշ որեւէ մեկը քվեարկի, որովհետեւ անձամբ իր քվեարկությունից է կախված լինելու, թե ով կդառնա Հայաստանի Հանրապետության թիվ մեկ պաշտոնյան եւ փաստացի ղեկավարը:

Եվ մանկապարտեզի երեխայի համար անգամ պարզից էլ պարզ է, որ պատգամավորի մեկ ձայնը մեծ արժեք է ունենալու: Եվ եթե նախկինում ՀՀ նախագահ դառնալ ցանկացողն ընտրողներին 10 կամ 20 հազարական դրամներ էր բաժանում, հիմա արդեն էդ ամբողջ գումարը բաժին է հասնելու ԱԺ մի քանի տասնյակ պատգամավորների:
Համաձայն եմ, որ այս կանխագուշակումս ու ենթադրությունս չափազանց լկտի, չափազանց մերկապարանոց եւ նույնիսկ վուլգար է, բայց չեք կարող պնդել, թե այս ենթադրությունս ու գուշակությունս ոտից գլուխ սուտ ու փուչ է ու երբեւէ չի կարող իրականություն դառնալ, բայցեւ դժվար է էս ենթադրությունս ու գուշակությունս հալած յուղի տեղ ընդունել, որովհետեւ եթե էս ենթադրությունս հալած յուղի տեղ ընդունեք, ինձ պես դուք էլ կսկսեք ավելի խորանալ եւ ընկղմվել աստղաբաշխական թվերի գիրկը, եւ եթե ձեր երեւակայությունը հերիքի, իսկապես աստղաբաշխական թվերի հետ գործ կունենաք, որովհետեւ ինձ պես ձեզնից շատերն էլ կսկսեն մտածել, որ եթե մեր ազնիվ ժողովրդի ներկայացուցիչներից շատերը, կարիքից դրդված, չեն հրաժարվում ընտրակաշառքից, ինչո՞ւ պիտի մեր ազնիվ ժողովրդի ծոցից դուրս եկած պատգամավորներն ընտրակաշառքից հրաժարվեն, մանավանդ որ՝ էս ենթադրածս ընտրակաշառքը մեր իմացած ընտրակաշառքի հազարապատիկն է լինելու, եւ էս ահռելի ընտրակաշառքը վերցնողներին էլ են արդարացնողներ գտնվելու, որովհետեւ սրանք էլ, հասարակ ժողովրդի պես, կարիքից դրդված են վերցնելու, եւ հակադրվողներին ասեմ, որ կարիք հասկացողությունը չափազանց լայն հասկացողություն է, եւ շատ դեպքերում ունեւորների կարիքը շատ ավելի սուր է իրեն զգացնել տալիս, որովհետեւ ունեւորներն ու հարուստները մշտապես իրենց համեմատում են իրենցից ավելի ունեւորների ու հարուստների հետ եւ, փաստորեն, մշտապես կարիքի մեջ են:

Եվ որպեսզի ձեզ չթվա, թե այս ամենի մասին այս կերպ մտածող միակն եմ, ասեմ, որ շատերի հետ եմ այս թեմայով զրուցել, եւ շատերն են այս ամենի մասին ինձ պես մտածում, եւ հետաքրքիրն այն է, որ այս ամենի մասին ճիշտ ինձ պես է մտածում ծանոթներիցս մեկը, ով պատգամավորի թեկնածու էր եւ ընդգրկված էր կուսակցություններից մեկի ցուցակի բավական հաջող տեղում, բայց իրենց կուսակցությունը հինգ տոկոսի շեմը չհաղթահարեց, եւ էդ ծանոթս էլ, բնականաբար, պատգամավոր չդարձավ, եւ հիմա ճիշտ ինձ պես է մտածում. այսինքն՝ ինձ պես ենթադրում ու կանխագուշակում է, որ հատկապես 2018 թվականի վարչապետի թեկնածուն ու նրա թիմը չափազանց պատկառելի ընտրակաշառք են բաժանելու պատգամավորներից շատերին: Ավելին. էդ չկայացած պատգամավոր ծանոթս շատ ավելի մեծ թվեր է ասում, քան իմ ենթադրածն է:

Ինքն ինձ պես է մտածում, որովհետեւ ինձ պես ինքն էլ պատգամավոր չի: Եթե պատգամավոր ընտրվեր, ճիշտ հակառակը կասեր: Կասեր, որ անհնար է պատգամավորի ձայնն ընտրակաշառքով առնել: Այդպես կասեր, որովհետեւ իրավիճակի փոփոխությունը նաեւ մարդու մտածողության մեջ է փոփոխություն մտցնում: Ինչպես Մարքսն էր ասում՝ կեցությունն է որոշում գիտակցությունը:

Եթե դուք էլ այս ամենի մասին ինձ պես ու չկայացած պատգամավոր այդ ծանոթիս պես մտածեք, այդ դեպքում միայն կհասկանաք, թե ինչու էին այս անգամ պատգամավոր դառնալ տենչացողներն ավելի ուժեղ իրար կոկորդ կրծում, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

08.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք