Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ծանոթացման գործուղում (պատմվածք)

Ապրիլ 09,2017 22:07

Հետաքրքիր մարդ էր այդ հիմնարկի էներգետիկ ծառայությունների բաժնի պետ ընկեր Առաքելյանը: Նա բավականին կարգապահ էր ու պարտաճանաչ վերադասից  իրեն հանձնարարված գործի նկատմամբ և նույնն էլ պահանջում էր իր ենթականերից:

Անպարտաճանաչների նկատմամբ բավականին խիստ էր, իսկ իրենց պարտքի զգացումը հարգողների նկատմամբ՝ հարգալից ու շրջահայաց:

Խորհրդային կարգերի ժամանակներն էին: Օգոստոս ամիսը: Փայլակը արձակուրդ մեկնելու դիմում գրեց ու ներկայացավ ընկեր Առաքելյանին: Նախապես ասեմ, որ ընկեր Առաքելյանը սովորություն չուներ կարդալու իրեն ներկայացրած որևէ փաստաթուղթ, լիներ դա դիմում, զեկուցագիր, թե հաշվետվություն:

Նա որևէ փաստաթուղթ ներկայացնողին ուղղակի հարցնում էր, թե ինչի մասին է գրությունը, և ինչ է պարունակում նրա բովանդակությունը: Երբ դրա համառոտ բովանդակությանը ծանոթանում էր՝ ներկայացնողի բանավոր բացատրությունից ելնելով, և չէր մերժում դրան ընթացք տալուն, նոր միայն աչքի էր անցկացնում գրավոր շարադրանքը, հակառակ պարագայում՝ այդ գրությունը այդպես էլ մնում էր նրա կողմից առանց ընթերցման:

-Բարև Ձեզ, ընկե´ր Առաքելյան, կարելի՞ է,- հարցրեց Փայլակը պետի աշխատասենյակի կաշեպատ դուռը բացելուց հետո:

-Բարև, Փայլա´կ, ի՞նչ կա,- հարցրեց նա՝ նայելով ներս մտնողի ձեռքի թղթին:

-Դիմում եմ գրել, ընկե´ր Առաքելյան,- ասաց Փայլակը վախվորած:

-Ի՞նչ դիմում:

-Ուզում եմ արձակուրդ վերցնել:

-Ինչու՞:

-Դե՛, հոգնել եմ, գնամ մի քիչ հանգստանամ, լիցքաթափվեմ:

-Որ արձակուրդ չգնաս, չե՞ս հանգստանա, լիցքաթափվի:

-Բայց  ինչպե՞ս հանգստանամ՝ առանց արձակուրդում լինելու,- զարմացավ Փայլակը:

-Որ քեզ ուղարկեմ ծանոթացման գործուղման, չե՞ս հանգստանա,-հարցական նայելով Փայլակին՝ ասաց ընկեր Առաքելյանը՝ կապույտ, սովորականից մեծ աչքերը պլպլացնելով:

-Երևի,-անտարբեր նետեց Փայլակը՝ ուսերը թոթվելով ու հարցական նայելով պետի աշխատասենյակում ներկա գտնվող տեղակալի կողմը:

-Ընկե´ր Բարխուդարյան,- ասաց պետը՝ դառնալով իր տեղակալին, մի հրաման կպատրաստես՝ ընկեր Փայլակին արձակուրդ ուղարկելու վերաբերյալ, մեկ այլ հրամանով էլ նրան արձակուրդից հետ կկանչես՝ կարևոր և անհետաձգելի գործերի պատճառաբանումով, իսկ երրորդ հրամանով էլ՝ նրան քսան օրով գիտամեթոդական ծանոթացման գործուղման ուղարկելու հրաման կպատրաստես:

Չմոռանաս, որ վերջին հրամանում անպայման շեշտես գործուղման քաղաքները՝ Մոսկվա, Լենինգրադ (հիմա՝ Սանկտ Պետերբուրգ), Ռիգա, Կիև, Մինսկ:

Ասելիքը վերջացնելուց հետո պետը խոշոր, կապույտ աչքերը սևեռեց Փայլակի վրա ու շեշտադրեց.

-Ինձ թվում է, որ այս գործուղման ընթացքում էլ, ընկե´ր Փայլակ, կհասցնես հանգստանալ, հո դժգոհ չե՞ս, դժբախտաբար, սահմանված օրենքի համաձայն` քսան օրից ավելի չեմ կարող արձակուրդ ձևակերպել, բան է, եթե անհրաժեշտ կլինի, հեռագիր կուղարկես մի տասն օրով էլ կերկարացնենք գործուղումդ, այդպես կարելի է, հասկացա՞ր:

-Չէ՜, ի՜նչ եք ասում, էլ դժգոհելու տեղ մնա՞ց,- շփոթված այդպիսի վերաբերմունքից՝ արտաբերեց Փայլակը:

-Հա՛,  ընկե´ր Բարխուդարյան, Փայլակի հետ էլ երկու հոգի լաբորատորիայից տղաներ կուղարկես գործուղման, որ ծանոթանան այդ քաղաքների առաջավոր ձեռնարկությունների փորձին, տեխնիկայի նորություններին, միևնույն ժամանակ Փայլակը մենակ չի մնա, չի ձանձրանա: Դե,՛գնացե´ք, պատրաստվե´ք,-ասաց ընկերԱռաքելյանը, և Փայլակը, անակնկալ առաջադրանքից շփոթված, շնորհակալություն հայտնելով՝ դուրս եկավ պետի աշխատասենյակից:

Բաժնի երեք աշխատակիցները, իհարկե Փայլակի ղեկավարությամբ, շուտով ձևակերպեցին գործուղման փաստաթղթերը, պատրաստեցին ճամպրուկները ու ճանապարհ ընկան դեպի խորհրդային երկրի անծայրածիր հեռուները:

Հաջորդաբար այցելեցին գործուղման հրամանում նշված բոլոր քաղաքները, եղան առաջավոր գիտական հաստատություններում, խոշորագույն գործարաններում, ծանոթացան տեխնիկայի նորություններին, իսկ ազատ ժամանակ այցելեցին այդ քաղաքների տեսարժան վայրերը, թանգարանները, գործող ցուցահանդեսները, համերգասրահները և բարեհաջող կերպով, քսան օր անց հետ վերադարձան:

Վերադառնալուն ու աշխատանքի ներկայանալուն պես Փայլակը, իհարկե, մանրամասն հաշվետվություն պատրաստեց իրենց գործուղման մասին և երկու օր անց ներկայացավ ընկեր Առաքելյանին, ներս մտավ նրա աշխատասենյակ, բարևեց, ապա սեղանին դրեց բավականին խնամքով պատրաստված հաշվետվությունը և նստեց պետի առաջարկած աթոռին:

-Սա ի՞նչ է,- իրեն հատուկ ոճով արտաբերեց ընկեր Առաքելյանը՝ ջերմորեն ընդունելով Փայլակին:

-Գործուղման հաշվետվությունը,- ասաց Փայլակը հպարտորեն:

-Դա կտանես ու կհանձնես հաշվապահություն, նրանց պետք կգա, իսկ հիմա ասա´՝ ինչպե՞ս անցկացրիր արձակուրդդ, լավ հանգստացա՞ր:

-Ի՞նչ հանգստանալ,-խորամանկեց Փայլակը,-այցելեցինք Ձեր նախընտրած քաղաքների առաջավոր գործարանները, գիտական հիմնարկները ու դրանից հետո բավականին քիչ ժամանակ մնաց այդ քաղաքների տեսարժան վայրերին ծանոթանալու, հանգստանալու համար:

-Վա՜յ, քո տունը չքանդվի, Փայլա´կ, ես քեզ ուղարկել եմ ծանոթագրական գործուղման, որ հանգստանա՞ս, թե՞ էդ գործարաններում ու ինստիտուտներում թրև գաս, ա՛յ տղա, գոնե Լենինգրադում չգնացի՞ք Ֆիննական ծոց, Պետերգորֆ, Իսակովյան տաճար, Մոսկվայում չեղա՞ք ՎԴՆԽ-ում, Կիևի Կրեշչատիկում չզբոսնեցի՞ք, բա՜Ռիգայում…

Ու ընկեր Առաքելյանը, լոռեցու իր առոգանությամբ  մեկիկ-մեկիկ թվարկեց այն գեղատեսիլ ու հետաքրքիր վայրերն ու հաստատությունները, որտեղ երևի իր երիտասարդ տարիներին եղել ու վառ հիշողություններ էր պահպանել դրանց մասին:

Իսկ Փայլակը գլուխը կախ լսում էր պետի հանդիմանություններն ու քթի տակ ժպտում, քանի որ այդ բոլոր թվարկած տեղերում, դեռ մի բան էլ ավելի, եղել էին, իսկ գործարաններ ու ինստիտուտներ այցելել էին հիմնականում գործուղման թերթիկում մուտքի ու ելքի ստորագրություն և կնիք դնելու համար:

Բա՜, հանձնարարության նկատմամբ պատասխանատվության զգացումը, ղեկավարի մոտ ազնիվ երևալու կեցվածքը ու գիտության նկատմամբ իր անսահման նվիրվածությունը Փայլակը հո չէ՞ր արատավորի:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930