Գոնե դպրոցի տարածքում տեղադրված քարտեզի վրա վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը

Գոնե դպրոցի տարածքում տեղադրված քարտեզի վրա վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը

Բազմիցս ասել եմ, որ Արծվաշենը դե-յուրե Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է:Այդպես է կարծում աշխարհը: Դրան դեմ է Ադրբեջանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցները: Ադրբեջանը դեմ է, քանզի վերահսկում է հայկական այդ տարածքը, Տեր-Պետրոսյանը դեմ է, որովհետեւ, իր խոսքերով, ինքն է Արծվաշենը փոխանակել այլ տարածքների հետ: Այս տեսանկյունից խնդիրը դիտարկելիս, այն տրամաբանական է թվում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանն այլ դիրքորոշում ունենա մի տարածքի հանդեպ, որը նա բռնազավթել է առանց որեւէ դիմադրության եւ անգամ հետվերադարձի պահանջների: Կարելի է հասկանալ նաեւ ՀՀ առաջին նախագահին՝ նա Արծվաշենը կամովին, ինչ-ինչ բարիքների դիմաց, հանձնել է հարեւան երկրին: Ադրբեջանի եւ Տեր-Պետրոսյանի կեցվածքը միգուցե հակամարդկային է, հակաիրավական, միգուցե անգամ անբարոյական, սակայն տրամաբանական է այն իմաստով, որ երկուսն էլ Արծվաշենը դիտարկել են գործնական շահի տեսանկյունից:

Այս իմաստով, ինձ համար անհասկանալի է ՀՀ պետական մարմինների դիրքորոշումը: ՀՀ տրանսպորտի եւ կապի, առողջապահության, սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը, պետական եկամուտների կոմիտեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ շատ այլ պետական կառույցներ չեն ընդգրկում Արծվաշենն իրենց պաշտոնական կայքերում տեղադրված՝ ՀՀ տարածքը արտացոլող քարտեզներում: Այ սա ես չեմ հասկանում:

Պետություն, որի քաղաքականության հիմքում դրված են պահանջատիրության գաղափարները եւ որի առանցքային քաղաքական ուժերը պահանջում են ցեղասպանության ճանաչումը, Կարսը, Վանը, Էրզրումը՝ մի խոսքով արեւմտյան Հայաստանը, այսպիսի վարքագիծ է դրսեւորում ամբողջ աշխարհի կողմից՝ բացի Ադրբեջանից եւ Տեր-Պետրոսյանից, ՀՀ անբաժանելի մաս համարվող Արծվաշենի հանդեպ: Իսկ երբ Արծվաշենը, որպես ՀՀ տարածք չի ճանաչվում հայաստանյան կրթության ոլորտում դա անհանդուրժելի, ավելին՝ հանցանք եմ համարում:

ՀՀ ԱԺ ընտրությունների օրն առիթ ունեցա լինել Արմավիրի մարզի Գայ համայնքի (նախկինում՝ Խաթունարխ) Գայի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցի միջանցքում Հայաստանի քարտեզն էր՝ առանց Արծվաշենի: Անմիջապես քարտեզի հարեւանությամբ տեղադրված էր պաստառ, որով հավաստիացվում էր, որ դպրոցի աշակերտները հիշում են 1915թ Հայոց ցեղասպանությունը եւ պահանջում են ճանաչել այն:

Եզրակացրեցի, որ մի դպրոցում, որտեղ հիշում են Հայոց ցեղասպանությունը եւ անգամ պահանջում են այն ճանաչել, չեն կարող մոռանալ ներկա Հայաստանի քարտեզի ճշգրիտ տեսքը: Մոտեցա դպրոցի տնօրենին: Նա իր տնօրինած դպրոցում տեղակայված ընտրատեղամասում հանրապետական կուսակցության վստահված անձն էր եւ ընտրատեղամասում ներկա այլ անձանց կարծիքով երկրպագում էր ԱԺ պատգամավորության թեկնածու Սեյրան Սարոյանին: Դպրոցի տնօրենից հետաքրքրվեցի թե ինչո՞ւ է դպրոցի պատին տեղադրված ՀՀ քարտեզը առանց Արծվաշենի: Պատասխան չեղավ:

Փորձեցի տնօրենին բացատրել, որ Արծվաշենը ՀՀ անբաժանելի մասն է եւ այն հենց այդ կարգավիճակով է ճանաչված է միջազգային հանրության կողմից: Տնօրենը կմկմաց՝ ասելով, որ ինքը պատմաբան է իսկ քարտեզի հետ կապ չունի եւ այն տեղադրվել է «վերեւների» կողմից:

Միաժամանակ, նա ինձ խորհուրդ տվեց ուսումնասիրել դպրոցի միջանցքի այլ հատվածներ, որտեղից ես կիմանամ ինձ հետաքրքրող շատ բաներ: Ես զգացի, որ տնօրենին չհետաքրքրեց Արծվաշենը: Նա զբաղված էր ընտրություններով: Ես, իհարկե, հորդորեցի նրան,որ գոնե դպրոցի տարածքում տեղադրված քարտեզի վրա վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, փորձեցի ապացուցել, որ այդպես շարունակվելու դեպքում մարդկանց հիշողությունից կվերանա Արծվաշենը, սակայն ապարդյուն՝ նրա ուշքն ու միտքը, ամենայն հավանականությամբ, Սեյրան Սարոյանի ստանալիք ձայներն էին: Արծվաշենի եւ դրա՝ դպրոցի քարտեզից բացակայության թեման ընտրատեղամասում գտնվողներին նույնպես չհետաքրքրեց:

Համոզված եմ, որ նման պատկեր է տիրում նաեւ այլ կրթօջախներում: Համոզված եմ նաեւ, որ այդ կրթօջախների ղեկավարներին էլ չի հետաքրքրում Արծվաշենը: Համոզված եմ նաեւ, որ Ադրբեջանում չի գտնվի անգամ մի ԲՇՏ, էլ չեմ ասում կրթօջախ կամ պետական կառույց, որտեղ տեղադրված քարտեզում պատկերված չլինի Լեռնային Ղարաբաղը, Քելբաջարը, Ֆիզուլին, Աղդամը, Լաչինը եւ այլն: Չի կարող լինել եւ վերջ: Իսկ մեզ մոտ կարող է՝փաստերը շատ են: Ինչո՞ւ:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ներկայացնում է Հայաստանում գործող առանցքային քաղաքական ուժ, որը պահանջում է ցեղասպանության ճանաչումը, Կարսը, Վանը, Էրզրումը՝ մի խոսքով արեւմտյան Հայաստանը, իսկ Գայի միջնակարգ դպրոցի տնօրենը հայոց գեներալի վստահված անձն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք