Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Խորովածի համաշխարհային օր կհայտարարվի»

Ապրիլ 10,2017 15:27

Ապրիլի 10-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի, «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանի, «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի ասուլիսը:

Նրանք խոսեցին Հայաստանում անցկացվող փառատոներից` որպես զբոսաշրջային արդյունք եւ համայնքների տնտեսական ակտիվության գործում կարեւոր պայման:

«Այս տարի մեր կազմակերպությունը 3 միջոցառում է նախաձեռնել. առաջինը Տոլմայի տոնն է, որն իրականացվելու է մայիսի 20-ին, երկրորդը տոնածիսական կերակրատեսակների տոնն է` «Հացը լեռներում» խորագրով, որը քաղաքապետարանի հետ միասին կիրականացնենք հուլիսի 10-ին Թումոյի այգում, երրորդը Խորովածի տոնն է, որ կիրականացվի Ախթալայում` օգոստոսի 20-ին, Լոռու մարզպետարանի եւ Ախթալայի քաղաքապետարանի հետ համատեղ: Արդեն աշխատանքներն իրականացվում են»-նշեց Սեդրակ Մամուլյանը:

Նունե Մանուկյանն էլ հայտնեց, որ լավ է, երբ փառատոնը ամեն տարի նույն ժամանակաշրջանում է կազմակերպվում, քանի որ փաթեթները մեկ տարի շուտ են վաճառվում, ուստի ճիշտ է, որ փառատոները հստակ լինեն օրերով: «Այս տարի «Արենի փառատոն» հիմնադրամը նախատեսել է նոր նախագիծ` Սարյան փողոցում մայիսի 5-6-ին կանցկացնենք Գինու օրեր: Ինչու Սարյան փողոցում, որովհետեւ այդ փողոցն արդեն ճանաչված է որպես գինու փողոց: Նմանատիպ միջոցառումներ կարող են լինել ուրիշ փողոցներում եւս: Մեր ավանդական` «Սյունյաց ավանդույթներ» փառատոնն այս տարի կլինի Քարահունջ գյուղում` հուլիսի առաջին շաբաթ օրը, իսկ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը` Խաչիկ գյուղում կկազմակերպվի Գաթայի փառատոն: Հոկտեմբերի 7-ին էլ մեր ավանդական «Արենի փառատոնը» կկայանա»,- ասաց Նունե Մանուկյանը:

Էրիկ Բարսեղյանն էլ խոսեց արդեն երկրորդ անգամ անցկացվող «Արտ ֆեստից»` կարեւորելով փառատոնի մշակութային ձեւաչափը: Հավելեց, որ այն տարբեր մշակութային երիտասարդական փառատոներից տարբերվում է նրանով, որ ընդգրկում է արվեստի 10 ճյուղ: «Պետք է նկատել, որ ձեւաչափով բացառիկ փառատոնը տարեցտարի նոր թափ է առնում, օրինակ, այս տարի ժյուրիի կազմում Շվեդիայից, Տանզանիայից եւ Միացյալ Նահանգներից անդամներ կունենանք, ինչպես նաեւ մասնակիցներ` արտասահմանից»,- հավելեց «Արտ ֆեստի» կազմակերպիչը:

Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ վերջին 2-3 տարին տուրօպերատորները ներառում են իրենց փառատոները զբոսաշրջային փաթեթներում: Նրա ձեւակերպմամբ, շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել դրսում. «Տուրիստական ընկերությունները մեզ հետ բանակցում էին խորովածի փառատոնին ներգրավելու համար: Վրացիները նույնիսկ տաղավար են վերցնում: Ի դեպ, մեր խորովածի փառատոնն այս տարվանից կրելու է խորհուրդ` այդ օրը հայտարարելու ենք Խորովածի համաշխարհային օր: Լուսաբանման առումով էլ, կարծում եմ, ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ պետական մարմինները պետք է աջակցեն»:

Սեդրակ Մամուլյանը հավելեց, որ փառատոն իրականացնող բազմաթիվ ընկերություններ արդեն միավորվելու են մեկ տանիքի տակ, որպեսզի համակարգված գործեն եւ մեկը մյուսին չխանգարի` ժամկետների առումով:

Նունե Մանուկյանը վստահ է` Հայաստանի փառատոները հետաքրքիր են «դրսի» համար. «Տեղեկատվությունը փառատոների մասին ուղարկում ենք տարբեր երկրների տուրօպերատորներին: Իմ կարծիքով՝ հատկապես գաստրոտուրիզմը Հայաստանում զարգացման շատ մեծ հեռանկարներ ունի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930