Լրահոս
Օրվա լրահոսը

«Է, շատ լավ է, թող տիկին Փոստանջյանը նույնպես ներգրավված լինի Երևանի ավագանու անդամների մեջ». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 10,2017 16:33

«Մենք այս ընտրություններով ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ եթե ընտրողը ճիշտ որոշում է կայացնում և գնում ու քվեարկում ընդդիմության օգտին, մեր պարագայում այդ ձայները 99 տոկոս դեպքերում կարողանում ենք պահել, և մեզ տրված որևէ ձայն չի կորում»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Ելք» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Նա հայտարարեց, թե խորհրդարանական ընտրություններին Երևանում 70.000 ձայն են հավաքել և չեն ծախսել միլիոնավոր դոլարներ:

«Ելքի» ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե բարձրացնելու են Երևանի արդյունավետ կառավարման հարցը, քանի որ այժմ քաղաքի բյուջեն արդյունավետ չի օգտագործվում. «Ձմռանը մենք տեսնում ենք ֆլամինգոների, այժմ տեսնում ենք զարդարանքներ, որոնք ուղղակի անհարիր են այս պահին այն խնդիրների նկատմամբ, որոնք կան քաղաքում: Խորհրդարանական ընտրություններից հետո մենք Երևանում ունենք չորս տարածքային պատգամավոր, ինչը նշանակում է, որ մեր ուժերը կենտրոնացել և դրսևորվում են Երևանում: Դա նշանակում է, որ մենք մեծ հավանականություն ունենք ավագանու ընտրություններում ունենալ մեծամասնություն և ընտրել սեփական քաղաքապետի թեկնածուին, որը Նիկոլ Փաշինյանն է»:

Իսկ թե ինչու մյուս քաղաքական ուժերը չեն մասնակցում ավագանու ընտրություններին, «Ելքի» ավագանու թեկնածուները ձեռնպահ մնացին առանձին-առանձին անդրադառնալ: Ալեն Սիմոնյանն ընդհանրացնելով ասաց. «Կարծում եմ, որ բազում ուժեր չեն մասնակցում, քանի որ այդ ուժերի հիմնական հենքը փողն է: Մենք մասնակցել ենք ընտրություններին և մեր հենքը փողը չէ: Մեզ տրված յուրաքանչյուր ձայն մենք չենք գնել: Բազում ուժեր փողի վրա են հույս դրել ու հիմա համարում են` մասնակցելն անիմաստ է կամ ուղղակի թերագնահատում են Երևան քաղաքի ընտրությունները»:

Ըստ Ալեն Սիմոնյանի` «պսևդոընդդիմադիրներն արդեն քաղաքական աղբանոցում են, և դա «Ելքի» առաջ հնարավորություններ է բացում»:

Նա վստահ է, որ եթե երևանցին գա ու «Ելքի» օգտին քվեարկի, հաղթանակ հնարավոր է:

Հարցին` արդյոք Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը «Ելքից» ձայներ չի՞ խլի, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ է, որ հանձինս «Ելքի» հասարակությունը տեսել է հաջողության պատմություն, և ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնեն այն թիմը, որ պետք է աշխատի ավագանիների թիկունքում խորհրդարանում: Բացի դրանից` հաշվի առնելով, որ «Ելքը» երեք կուսակցությունների միավորում է, ունի բավականին երիտասարդական ներուժ, ուստի նրան մրցակից չեմ համարի նորաստեղծ կուսակցությունը, որը երեկ չէ առաջին օրն է գրանցվել»:

Այն հակադարձմանը, բայց Զարուհի Փոստանջյանն ունի բարձր վարկանիշ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Է, շատ լավ է, թող տիկին Փոստանջյանը նույնպես ներգրավված լինի երևանի ավագանու անդամների մեջ: Ցավում եմ, որ տիկին Փոստանջյանը ներգրավված չի ԱԺ-ում: Կարծում եմ, որ մեծ տարբերություն է լինելու մեր ու «Երկիր ծիրանիի» միջև, բայց, միևնույն է, հաջողություն եմ մաղթում այդ կուսակցությանն ընտրություններում»:

Դառնալով Վանաձորում ավագանու նիստի անցկացմանը` Դավիթ Խաժակյանը հավաստիացրեց, թե այն, որ ՀՀԿ-ն Վանաձորում կարողացավ ինքնուրույն նիստ անել, դա աբսուրդի ժանրից է. «Պատրաստվում ենք դիմել դատարան, պատրաստակամ ենք հասնել մինչև Սահմանադրական դատարան: Մենք պնդում ենք, որ այդ նիստը իրավազոր չէր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930