Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տգետի սխալ մարքեթինգի պատճառով, գյուղացիներն իրենց խաղողի այգիները քանդում են» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2017 13:51

Հրաչ Բերբերյանը, որը «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահն է, լոլիկի դաշտերը վնասող ցեցի դեմ վարչապետին առաջարկել է ավիացիոն ճանապարհով պայքարել, ինչպես աշխարհի մի շարք երկրներում են անում: Վարչապետ Կարեն Կարապետյանն, ըստ Բերբերյանի, հավանություն տվել է, սակայն` գյուղնախարարությունը` մերժել:

Այսօր Հրաչ Բերբերյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ գյուղնախարարության մասնագետները պատճառաբանել են, թե ավիացիոն ճանապարհով պայքարի դեպքում կտուժեն մեղվաընտանիքներն ու ընտանի կենդանիները: Ինչը սակայն, պարոն Բերբերյանը աբսուրդ է համարում, քանի որ, նրա խոսքերով, գյուղնախարարության մասնագետները մի շարք նորամուծություններից տեղյակ չեն, որոնք վաղուց քաղաքակիրթ երկրները կիրառում են եւ ոչ մեղուներն են տուժում, ոչ էլ` ընտանի կենդանիները: Հրաչ Բերբերյանը լոլիկի ցեցի դեմ պայքարելու այլ արդյունավետ միջոց չի տեսնում:

Հրաչ Բերբերյանի տվյալներով, խորհրդային տարիներին Հայաստանը տարեկան 40 հազար տոննա տոմատի մածուկ է արտահանել, որի համար 250 հազար տոննա լոլիկ է մշակել, այժմ արտահանող երկրից վերածվել ենք ներկրող երկրի, մինչդեռ տոմատի մածուկի պահանջարկը դրսում կա: Գյուղոլորտի մասնագետը գտնում է, որ սակավահող Հայաստանում պետք է թանկարժեք կուլտուրաներ մշակել` լոլիկ, բադրիջան, կարտոֆիլ, սոխ եւ այլն, մինչդեռ գյուղնախարարությունը գարի է ներկրել, որ ցանեն:
Նրա համոզմամբ, գարին եւ այլ հացահատիկային բույսեր պետք է ցանել այդ հողատարածքներում հողը հարստացնելու նպատակով, բայց գյուղատնտեսության հիմնական ուղղությունը պետք է լինեն այն մշակաբույսերը, որոնք եկամուտ կբերեն, ներքին պահանջարկը կբավարարեն ու արտահանման ենթակա կլինեն:
Նրա խոսքերով, պարարտանյութի հարցն այդպես էլ չի լուծվում եւ մի շարք գյուղեր այսօր պարարտանյութի են սպասում:
Ըստ Հրաչ Բերբերյանի, տարին բերքառատ կլինի ծիրանի համար, եթե ապրիլի երկրորդ կեսին կարկտահարություն չլինի: Ցրտահարությունից էլ ծիրանենու քիչ այգիներ են տուժել, փոխարենը խաղողի այն այգիները, որոնք ձմռանը գյուղացու կողմից չեն թաղվել, ցրտահարվել են: Հրաչ Բերբերյանի խոսքերով, այս տարի խաղողի այգիները ավելի քիչ կլինեն, քանի որ գյուղացիներից ոմանք որոշել են այգիները քանդել` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք խաղողի մթերման ժամանակ առաջացան գյուղացիների համար:

«Մի քանի տգետի սխալ մարքեթինգի պատճառով, գյուղացիներն իրենց խաղողի այգիները քանդում են»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930