«Ռազմավարական դաշնակցի» փայլը եւ թշվառությունը

«Ռազմավարական դաշնակցի»  փայլը եւ թշվառությունը

Սիրիայում տեղի ունեցածի «չոր մնացորդը»
եւ մի քանի նախնական հետեւություններ

Ապրիլի 7-ի վաղ առավոտյան, երբ Հայաստանում լուսաբացի հետ սկսվեց տոնական՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրը, ամերիկյան ռազմածովային ուժերը 59 «Թոմահավքով» հրթիռային հարված հասցրին սիրիական բանակի Շայրաթ ավիաբազային: Դա այն ավիաբազան էր, որտեղից Ասադի ինքնաթիռները դրանից երեք օր առաջ օդ բարձրացան եւ զինված ընդդիմության հսկողության ներքո գտնվող Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքի վրա ռումբեր նետեցին: Այդ պատճառով զոհվեցին, ավելի ճիշտ՝ տանջամահ եղան ավելի քան 80 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ:
Դիահերձումը, որին մասնակցել են նաեւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մասնագետները, ի լրումն տեսանյութերի՝ ապացուցեց, եւ դա արձանագրված է, որ մարդիկ զոհվել են ֆոսֆոր-օրգանական, մասնավորաբար՝ զարին տիպի մարտական թունավոր նյութից:

Բոլոր «հերքողները» շտապ կերպով հիշեցին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի պարկուճները, որոնք նա ցուցադրում էր 2003թ. Իրաք ներխուժումից առաջ որպես ապացույց, որ Սադամ Հուսեյնն ունի զանգվածային ոչնչացման զենք, եւ որպես հիմնավորում, թե ինչու նա եւ նրա ռեժիմը պիտի պատժվի: Հետո պարզ դարձավ, որ Փաուելի ասածները չեն համապատասխանում իրականությանը: Բայց անկախ այդ հանգամանքից՝ կասկած չպետք է լինի, որ Իրանի եւ Քուվեյթի վրա հարձակում սանձազերծած, դրանից առաջ քրդերին քիմիական զենքով զանգվածաբար կոտորած՝ Իրանի դեմ զանգվածաբար քիմիական զենք կիրառած Սադամի հանցագործ ռեժիմն ամեն դեպքում պիտի պատժվեր եւ ուղարկվեր պատմության աղբանոցը, եւ ինքնիշխանությունը սահմանափակ տարածքում տեղական իշխանության «բեսպրեդել» չի նշանակում:

Սիրիայի պարագան միանգամայն այլ է եւ պարկուճների պատմության հետ կապ չունի: Փաստն այն է, որ կան զոհվածներ: Փաստ է նաեւ, որ հարվածները հասցրել են «Սու-22» տիպի ինքնաթիռներից, որոնք այդ տարածքում ունեն մե՛կ՝ ռուսները, մե՛կ էլ Ասադը: Հայտնի են նաեւ կոնկրետ ինքնաթիռի համարը, օդաչուի անունը, ազդակոչը, օգտագործած ռումբի մակնիշը եւ դասը: Փաստ է նաեւ, որ սիրիական ընդդիմություն կոչված խառնիճաղանջ ուժերը չունեն «Սու-22» ինքնաթիռ, իսկ վարկածը, որ թունավորումը տեղի է ունեցել, երբ սովորական ռումբ է նետվել ընդդիմադիրների թունավոր նյութերի պահեստների վրա, ինչում փորձում էր համոզել ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը, չի դիմանում որեւէ քննադատության, որովհետեւ խիստ անկայուն զարինը մթնոլորտում ուղղակի հաշված րոպեների ընթացքում նախ կտրոհվեր: Բացի դրանից, ազդեցություն գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի գետնի մակերեսի վրա ձեւավորվի աերոզոլ, ինչն առանց հատուկ պատրաստված բինար խառնուրդ պարունակող հատուկ ռումբի նպատակային պայթյունի անհնարին է:

Որքան աղետաբեր է քիմիական զենքը՝ մարդիկ համոզվեցին Առաջին համաշխարհայինի ժամանակ, եւ 1925թ. եվրոպական երկրները ստորագրեցին Ժնեւի Արձանագրությունը, որով ուղղակի արգելվեց դրա կիրառումը պատերազմի ժամանակ: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնիսկ Հիտլերն այն չխախտեց մարտի դաշտում: Եվ ընդհանրապես, ինչպես եւ բոլոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքերը, ոչ միայն միջուկայինը, դարձել են այն «կարմիր գիծը», որն անկախ առկա տարաձայնություններից կամ նույնիսկ թշնամանքից՝ «միջուկային ակումբի» անդամ գերտերությունները կոլեկտիվ ջանքերով թույլ չեն տալիս, որպեսզի որեւէ մեկը խախտի:

Քիմիական զենքը Սառը պատերազմի տարիներին փորձագետները կոչում էին «աղքատների միջուկային զենք», եւ եթե որոշ երկրներ էլ այն ձեռք էին բերել, այնուամենայնիվ, այդ զենքի պաշարները այս կամ այն գերտերության կողմից վերահսկվում էին, ինչպես Իրաքի կամ Սիրիայի պարագայում: Ապրիլի 7-ի հարվածը պիտի հասցվեր դեռ 2013-ի օգոստոսին, երբ Դամասկոսի արվարձան Գուտայում, որն անցել էր զինված ընդդիմադիրների հսկողության ներքո, Ասադը կիրառեց զարին, որի արդյունքում զոհվեցին, տարբեր գնահատականներով, 200-ից մինչեւ 1700 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այն ժամանակ նույնպես տեղեկատվական պատերազմ սկսվեց այն հարցի շուրջ, թե ով է կիրառել զարինը: Արեւմուտքը բերում էր ապացույցներ, իսկ ռուսները եւ իրենց դաշնակիցները պնդում էին, թե այդ ապացույցները «համոզիչ չեն», այնպես, ինչպես Արեւելյան Ուկրաինայի երկնքում խոցված մալայզիական «Բոինգի» պարագայում. «Դե ապացուցե՛ք»: Այնուամենայնիվ, հանգամանքների ճնշմամբ ռուսները պարտավորվեցին Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարը դուրս բերել երկրի տարածքից, իսկ ամերիկացիները դրա դիմաց հրաժարվեցին Ասադին հարվածելու մտադրությունից:

Սակայն քիմիական զենքը կրկին հայտնվեց ասպարեզում: Ստացվում է, որ կա՛մ ռուսներն են խաբել ամերիկացիներին եւ հայտարարագրված՝ մոտ հազար տոննա քիմիական զենքի մի մասը դուրս չեն բերել երկրից, կա՛մ Ասադն է խաբել ե՛ւ ռուսներին, ե՛ւ ՄԱԿ-ի միջազգային տեսուչներին, այսինքն՝ ինչպես ասաց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, գործ ունենք Ռուսաստանի հանցակցության կամ, որպես երաշխավորի՝ սնանկության եւ անգործունակության հետ: Եվ դեպքերի հետագա ընթացքը դեռ ցույց կտա, թե որ վարկածն են ամերիկացիները եւ Արեւմուտքն ընդունելու որպես «աշխատանքային»:

Դառնանք մեզ: Տարաբնույթ արձագանքներով հայաստանյան հասարակության մեկնաբանություններին սիրիական ճգնաժամի զարգացումների վերաբերյալ մենք դեռ կհանդիպենք: Բայց, ինչպես սիրում են ասել, «հայաստանակենտրոն» հայացքը դեպքերին բերում է մի քանի եզրակացության:

Առաջին. Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը եւ տարաձայնությունների խորացումը բացասաբար կարող են ազդել մեր տարածաշրջանի վրա, քանզի ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը զգալի, բայց եւ տարբեր դերակատարում ունեն Հարավային Կովկասում՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում:

Երկրորդ. երբ պատժվում է ադրբեջանական տիպի ժառանգական բռնապետությունը, ինչպիսին Սիրիայում Ասադի ռեժիմն է, դա դաս է նաեւ մեր հակառակորդին, որ տարածաշրջանի ապակայունացումը կարող է, բացի «խորը մտահոգություն» հայտնելուց, ինչպես նախորդ տարիներին էր, այսուհետ նաեւ պատժվել, առնվազն գոնե տեսականորեն: Իսկ թե՛ ներսում, թե՛ դրսում ատելության արժանացած ստահակների մոսկովյան «տանիքը» դրանից, այնուամենայնիվ, չի փրկում:

Երրորդ. ինչպես 1967 եւ 1973թթ. արաբա-իսրայելական պատերազմներին կամ առաջին եւ երկրորդ Իրաքյան պատերազմներին, ռուսական զենքի նույնիսկ ահռելի պաշարները ոչ միայն համադարման չեն, այլեւ նրանք կարող են բռնապետությունների ձեռքում նույնիսկ չհասցնել կրակել, ինչպես դա տեղի ունեցավ սիրիական ՀՕՊ-ի պարագայում:

Չորրորդ. ՌԴ զինված ուժերի բազան նույնպես երաշխիք չէ, որ քեզ չեն հարվածի: Ավելին, ռուսները հազար ու մի «հիմնավորում» կբերեն, թե ինչու չմիջամտեցին, չկրակեցին, «չկարողացան» կամ «չուզեցին»: Եվ սա ընդամենը ցույց է տալիս, որ ռուսներն ազնիվ են այդ մասով, որ նրանց դաշնակիցները երկուսն են՝ «բանակը եւ նավատորմը», ինչպես ձեւակերպել է ցար Ալեքսանդր Երրորդը: Այս ամենից հետո միանգամայն օրինաչափական հարց է, հատկապես քառօրյա պատերազմ տեսած Հայաստանի պարագայում, թե Ռուսաստան-դաշնակից ասվածը քանի՞ ռուսական կոպեկ արժե, եւ քանի՞ ռուսական կոպեկ արժեն անվտանգության ռուսական երաշխիքները: Հարցում չկա որեւէ «անձնական» բան, զուտ «բիզնես», ինչպես կասեին Մարիո Պյուզոյի հակահերոս մաֆիոզին կամ էլ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան…

Հինգերորդ. ԱՄՆ-ը «մեկ մարդու» պետություն չէ, ի տարբերություն Ռուսաստանի, եւ հայկական որոշ շրջանակների փորձերը՝ կատարվածը դնել նույն հարթության վրա, ուղղակի մեթոդաբանական սխալ են պարունակում, եւ այստեղ Թրամփի «բնավորությունը», «խասյաթը» գրեթե դեր չունեն: Անցած երկու ամիսը գոնե ցույց տվեցին, որ ամերիկյան ինստիտուտներն ավելի ուժեղ են, քան Թրամփը եւ նրա «խասյաթը», ավելի ուժեղ են, քան նրա որոշ թիմակիցների նախասիրությունները կամ նույնիսկ «ռուսասիրությունը»: Տրամաբանական է, որ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի ձեւերով մարտահրավեր նետելով Արեւմուտքին, Արեւմուտքի արժեքներին՝ Ռուսաստանը բախվելու է պատժամիջոցների ռեժիմի խստացմանը: Իսկ այս իրականությունը չի կարող չազդել Հայաստանի անվտանգության աստիճանի վրա, անվտանգություն, որի «երաշխավորն» է հայ-ռուսական «ռազմավարական դաշինքը»:

Վեցերորդ. Մոսկվայում ակնհայտ միտում է ուրվագծվել՝ ԱՄՆ զայրույթի սլաքներն ուղղել դեպի Թեհրան: Կրեմլին «կից» որոշ փորձագետներ, իրար հերթ չտալով, զբաղված են «վերլուծականներ» տիրաժավորելով ռուսական իբր «լիբերալ» ԶԼՄ-ներում, ըստ որոնց՝ Ռուսաստանը կարող է որոշակի պայմաններում «ձեռքերը լվանալ» Ասադից, եւ որ այդ գազային գրոհում որոշակի «դեր են ունեցել» իրանցիները: Եթե այդպիսի սցենարն, այնուամենայնիվ, աշխատի, ապա դա կլինի վատթարագույնը բոլոր հնարավոր սցենարներից, ընդ որում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար: Մոսկվան խնդիր ունի փրկել սեփական դեմքը, չկորցնել վերահսկողությունը մերձավորարեւելյան զարգացումների նկատմամբ եւ նեղն ընկնելով՝ կարող է հարվածի տակ դնել Թեհրանին: Դա ուղղակի կթաղի Իրան-«Վեցյակ» համաձայնագրի բոլոր նվաճումներն Իրանի պարագայում, հաստատապես դեմ է լինելու ԵՄ շահերին, իսկ Հայաստանի պարագայում կփակի դռները Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարների առջեւ՝ խորացնելով Երեւանի առանց այն էլ մեծ կախվածությունը Մոսկվայից: Բացի դրանից, դա կուժեղացնի թուրքական գործոնը տարածաշրջանում՝ մեծացնելով Ռուսաստան-Թուրքիա գործարքների հնարավորությունները, բնականաբար՝ հայկական շահերի հաշվին:

Յոթերորդ. Հայաստանի դիվանագիտությունը մինչ օրս լռում է՝ կապված սիրիական վերջին զարգացումների հետ: Ճիշտ է անում, թե ոչ՝ առանձին քննարկման առարկա է: Այս ամբողջ աշխարհաքաղաքականությունը՝ մի կողմ, բայց Սիրիայում զոհվում են մարդիկ՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից, անմեղ երեխաներ, զոհվածների թիվն անցել է կես միլիոնը: ԱՄՆ-ը ձգտում է վերջ տալ այս վայրենությանը եւ ձեռնարկում ու ձեռնարկելու է գործնական քայլեր այդ ուղղությամբ: Հայաստանն այս հարցում կանգնելու է առնվազն բարոյական երկընտրանքի առաջ: Պարզ է մի բան, որ ռուսները մտադիր են շարունակել սիրիական պատերազմը մինչեւ վերջին սիրիացին Սիրիայում եւ վերջին կոպեկը ռուսական բյուջեում: Իսկ ամերիկացիները կարող են կրկնել հարվածները կամ ավելի խոշոր մասշտաբի գործողությունների անցնել, եթե համարեն, որ «կարմիր գծերը» խախտվում են, եւ Ասադի ռեժիմի տապալումը հռչակվել է որպես առաջնահերթություն: Եվ Հայաստանի միջազգային հեղինակությունը կախված է լինելու, թե ինչպես պաշտոնական Երեւանը կլուծի այդ երկընտրանքը, գոնե բարոյական հարթության վրա: Ի վերջո, չմոռանանք, որ խոսքը մի պետության մասին է, որի ժողովրդի շնորհիվ հայության մի ստվար զանգված հարյուր տարի առաջ փրկվեց ցեղասպանությունից:

Եվ ութերորդ. անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները Սիրիայում, ակնհայտ է մի բան. հայերն այնտեղ անելիք չունեն այլեւս: Հայերի հայրենադարձությունը Հայաստան դարձել է մեր պետության թիվ մեկ ռազմավարական առաջնահերթությունը: Ընդ որում, ոչ միայն սիրիահայերի պարագայում: Դատարկվող, թույլ եւ թուլամորթ, «աշխատուժ արտահանող» Հայաստանն ուղղակի չի կարող դիմագրավել առաջիկա անխուսափելի մարտահրավերներին, դառնալ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների լուծման մաս: Եվ ներգաղթի, հայրենադարձության խնդիրը պետք է դառնա ոչ միայն պաշտոնական Երեւանի, այլեւ Հայաստանի քաղաքական դաշտի, հասարակության, Սփյուռքի օրակարգերի թիվ մեկ հարցը, առաջնահերթությունը: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային անվտանգության, իսկ եթե լինենք ավելի ճշգրիտ՝ ֆիզիկական գոյության ապահովման հարցն առաջիկա տարիներին սկսվելու եւ վերջանալու է այստեղ:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»
11,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք