Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը բողոքել է. «Ինչո՞ւ Հրանտ Թոխատյանին չեք մերժում, իսկ ինձ մերժում եք»

Ապրիլ 13,2017 13:43

Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը երեկ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմում էր, թե ինչպես է խորհրդարանական ընտրություններում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից փորձել դիտորդ լինել սփյուռքից եկած մեր հայրենակիցների՝ Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի եւ մյուսների հետ, անցել է երկշաբաթյա դասընթացները, ստացել է ուղեցույցները եւ հանկարծ ընտրություններից երկու օր առաջ նրան մերժել են: Պատճառաբանությունը հետեւյալն է եղել՝ դուք ասոցացվում եք ՀՀԿ-ի հետ ու չեք կարող լինել դիտորդ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք սկզբունք ունենք, որ մեր դիտորդները պետք է կուսակցական չլինեն: Հրանտ Թոխատյանը պետք է մի քիչ ավելի շուտ տեղեկացվեր, զուտ մենեջմենթի խնդիր է եղել, որ իրեն ուշ ենք տեղեկացրել: Մեզ մոտ դիտորդ լինելու ցանկություն է հայտնել նաեւ Զարուհի Փոստանջյանը, բայց կրկին կուսակցական լինելու պատճառով մերժվել է: Հրանտ Թոխատյանը ՀՀԿ-ի ցուցակով ավագանու անդամ է ու այդ իսկ պատճառով, երբ այդ հարցը քննարկել ենք, պարզապես իրեն տեղյակ ենք պահել, որ այդպիսի խնդիր կա ու չենք կարող իրեն որպես դիտորդ ներգրավել»:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին չի կարող կոնկրետ թիվն ասել այն դիտորդների, որոնք մերժվել են նույն սկզբունքից ելնելով. «Եղել է դեպք, երբ որեւէ կուսակցության ներկայացուցիչ չեն եղել, իրենց կուսակցությունը չի մասնակցել  ընտրություններին, այդ դեպքում կարող էին իրենք որոշակի անաչառություն պահել»:

Մեր դիտարկմանը, որ այս ընտրություններում Զարուհի Փոստանջյանն արդեն «Ժառանգությունից» դուրս էր եկել եւ իր կուսակցությունն էլ չէր մասնակցում ընտրություններին, ինչու իրեն մերժեցիք՝ նա պատասխանեց, որ Փոստանջյանը միանշանակ ասոցացվում է «Ժառանգության» հետ, իսկ «Ժառանգությունը» մասնակցում էր:

Հրանտ Թոխատյանը «Շանթի» եթերում ասաց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունում իրեն ինչ-որ մեկը, ում մերժել եք, մատնացույց է արել ու ասել՝ բա ինչո՞ւ Թոխատյանին ընդունում եք, ինձ չէ: Մենք հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ մասին է  խոսքը, ո՞վ է եղել մատնացույց անողը: Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ թե մատնացույց են արել, օրինակ, Զարուհի Փոստանջյանը մեզ հարցրել է՝ ինչո՞ւ Հրանտ Թոխատյանին չեք մերժում, իսկ ինձ մերժում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930