Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի 150 մլրդ դեֆիցիտի 45 մլրդ-ն լցնելու են ներքին պարտքի թողարկման միջոցով (Տեսանյութ)

Ապրիլ 13,2017 15:41

«Մենք մշտապես ասել ենք, որ պետք է թիրախավորենք կայուն տնտեսական աճը, ինչի համար պետք է ջանքեր գործադրենք կապիտալի շուկայի զարգացման համար»,-այսօր այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարի խոսքերով՝ եթե ունենք կապիտալի շուկա, եթե ունենք տնտեսվարողներ, որոնք հայտնվում են կապիտալի շուկայում, սա նշանակում է, որ նրանք ավելի թափանցիկ են, ավելի մրցունակ, ավելի լավ են կարողանում կարգավորել իրենց ֆինանսական հոսքերը. «Կա նաեւ 2-րդ կարեւորագույն հանգամանքը՝ եթե քեզ մոտ պարտքի շուկան, որը կապիտալի շուկայի մեկ սեգմենտն է, խորը եւ լիկվիդ չէ, դա կարող է խոչընդոտ լինել կապիտալի շուկայի մնացած հատվածների զարգացման համար: Հիմա մենք Կենտրոնական բանկի հետ միասին ծրագիր ունենք, ջանքեր ենք գործադրելու, որպեսզի զուգահեռաբար այս նպատակին հասնենք: Հիմա առաջին քայլը, որ ներքին շուկայի պարտքի մասով, առաջնային աճուրդները, որ հիմա Կենտրոնական բանկի հարթակում է իրականացվում, տանում ենք բորսա»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք այս քայլով ներքին պարտքն աճելու է, Արամյանն ասաց, որ ներքին պարտքն աճելու է այնքանով, որ մենք ունենք դեֆիցիտային բյուջե, առաջիկա տարիներին էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե. «Հարցն այն է, թե ներքին պարտքն է ավելի լավ, թե՝ արտաքին, այլ հավասար պայմաններում ներքին պարտքն ավելի լավ է»:

Ըստ Արամյանի, 2017 թվականին բյուջեի դեֆիցիտը 150 միլիարդ դրամ է. «Եվ այն գործողությունները, որ մենք կատարելու ենք՝ ներառյալ նաեւ հարկերի բարձրացման միջոցով կապիտալ ծախսերը կատարելը, դա չի հանգեցնելու դեֆիցիտի բարձրացմանը: 150 միլիարդից շուրջ 45 միլիարդը ներքին պարտքի թողարկման միջոցով ենք լցնելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տնտեսական աճի մասին էլ Արամյանն ասաց, որ 3.2 % աճ են նախատեսում այս տարի, բայց նաեւ հավակնում են 3.2%-ից բարձր աճ: Նախարարի ներկայացմամբ՝ այսօր տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.2% է, հնարավոր է ճշգրտումից հետո մի փոքր ցածր լինի, բայց տարվա կտրվածքով, նախարարը վստահ է, 3.2%-ը հաղթահարելու են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930