Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ վկայի» «բացահայտումից» հետո նրա պաշտպանական միջոցը կփոխվի՞

Ապրիլ 14,2017 15:30

2013-16թթ. «Առավոտում» շարք կար, որում անդրադառնում էի «Փակ» կամ «Գաղտնի վկայի» ինստիտուտին: Քրեական գործերով հաճախ դատարանում կիրառվում է այս վկայի ցուցմունք-ապացույցը, ինչն առիթ է դառնում նրա նկատմամբ պետության կողմից անվտանգության երաշխիքների տրմանը:

Քրեական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի համաձայն՝ քրեական դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող էր հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու եւ դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետեւանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամների, մերձավորների կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունեն պաշտպանության իրավունք: Վարույթն իրականացնող մարմինը գտնելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա էր անհապաղ կատարման:

Հայաստանի աղմկահարույց գործերից՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով երկու վկայի նկատմամբ 2007թ. կիրառվել էր պաշտպանական միջոց: Վկաներից մեկը հանդես էր եկել «Հարություն Հարությունյան» անուն-ազգանունով, նրա գործը առանձնացվել էր: Մյուս ծպտված վկայի ցուցմունքը պահվել էր գաղտնի: Այդ գործի լուսաբանման ժամանակ ճանաչված փաստաբան Երեմ Սարգսյանը հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի Նորիկ Պողոսյանի նախադեպային որոշմանը, նշելով, որ «փակ վկաների» նկատմամբ բռնություններ եւ խոշտանգումներ են տեղի ունեցել: Կողմը դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի քրեական գործ հարուցվի խոշտանգումների հետ կապված:

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ «փակ վկայի» մասին էլ տեղեկացրեցինք աշխարհի չեմպիոնի դեմ հարուցված քրեական գործով: Այս դատաքննությունը լուսաբանելիս էլ անդրադարձանք դատախազի միջնորդությանը, երբ նա դատարանին դիմեց ասելով, թե «գաղտնի վկան»՝ «Անդրանիկ Մարգարյան» կեղծանուն-ազգանունով խախտել է իր պարտավորվածությունը՝ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ եւ միջնորդեց, որպեսզի դատարանի միջոցով պատշաճ ծանուցվի եւ ներկայանա դատարան՝ ինչպես մյուսները: Եվ անգամ սպառնաց, թե՝ չգալու դեպքում, նրան բերման ենթարկելու մասին միջնորդություն կանի: Պաշտպանության տակ գտնվող «հատուկ» վկան էլ բացակայել էր հանրապետությունից, իսկ վարույթն իրականացնող մարմինն այդ մասին տեղյակ չէր:
Օրեր առաջ «SHAMSHYAN.com» -ը տպագրեց անցյալ տարվա հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես «փակ վկա» ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-հայրանուն- ազգանունով դեպքի վայրի մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակցի ցուցմունքը:

Եվ սա մի փուլում, երբ պաշտպանական կողմը դատարանում դեռ միջնորդություններ, հայտարարություններ է կատարում, ըստ էության, նույնիսկ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը չի հրապարակվել, ապացույցների հետազոտման կարգ չի սահմանվել, դատաքննությունը ըստ էության դեռ ակտիվ փուլում չէ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ այս գործով նախաքննությունը տեւել է բավական երկար: Գործով ամբաստանվում է հինգ անձ. «Դատաքննությունը դեռ չի մեկնարկվել, ընդամենը գործը գտնվում է նախապատրաստական փուլում, եւ պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում, որոնք արդեն սկսվել են կրկնվել: Այդ կերպ փորձելով ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի գործի դատաքննությունը չսկսվի»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը մեր հարցին, թե օրեր առաջ «բացահայտվել» է «փակ վկան», նրանք գիտե՞ն վկայի մասին, Ի. Պետրոսյանն ասաց. «Քրեական գործով, մեղադրական եզրակացության մեջ առկա էր գրառում, որ գործում պաշտպանված վկայի ցուցմունքներ կան: Մեկ «փակ վկա» կար, նրա նյութերն առանձին էր ուղարկվել դատարան, եւ չեն տրամադրվել կողմերից որեւէ մեկին: Պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ, որ իրենց տրամադրվեն այդ նյութերը: Դատարանը հետաձգեց այդ միջնորդությունը, նշելով, որ այդ հարցին կանդրադառնան, երբ այս ապացույցը մեղադրանքի կողմից կներկայացվի»:

Ի. Պետրոսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց. «Պաշտպանական կողմը, ամբաստանյալներից մի քանիսի ծնողներն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները, ամեն ինչ անում են՝ վկաների վրա ազդեցություն գործադրելու համար»:

Եվ այս ամենն այն դեպքում, երբ Եղիշե Խաչատրյանի գործով կա ականատես վկա՝ սպանվածի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, որի աչքի առաջ տեղի է ունեցել ողբերգությունը:
«Նախաքննությունով ունենք անջատված մաս, քանի որ 6-րդ մասնակիցը բացահայտված չէր, այս մասով քննություն կտարվի, կպարզվի, թե ինչ հանգամանքներում են ստիպել եւ բացահայտել պաշտպանված վկային, ինչ հանգամանքներում են նրան ուղղորդել, որ նա այդպիսի հայտարարությամբ հանդես գա: Որը տեսանկարահանվել, ձայնագրվել է, եւ տարածվել լրատվամիջոցներով»,-ասում է Ի.Պետրոսյանը:

Հարցին, թե արդյոք դիմելո՞ւ են Հատուկ քննչական ծառայությանը, նախաքննական տվյալի բացահայտման հարցով, փաստաբանն ասաց. «Գործով այնպիսի անձինք են, որոնք ակնհայտորեն այդ թաղամասում ունեն որոշակի հեղինակություն, վախի մթնոլորտ են ստեղծում բոլորի նկատմամբ: Հավանաբար դա էր պատճառը, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպանություն էր ընտրել այդ վկայի նկատմամբ: Բայց ստացվեց, որ ամբաստանյալների հարազատները չբավարարվեցին այդքանով, եւ այն մարմինը, որը քննություն է կատարում, պետք է պատճաշ գնահատականի արժանացնի ամբաստանյալների հարազատների վարքն ու վարքագիծը, թե ինչպես ստացվեց, որ նրանք այդպիսի հարաբերության մեջ մտան վկայի հետ: Մի դեպքում, նրանք ձգձգում են դատաքննությունը, չեն թողնում, որպեսզի մեկնարկի դատաքննությունը, մյուս դեպքում էլ՝ ժամանակն են օգտագործում վկաների վրա իրենց ազդեցությունը գործադրելու համար»:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, կա տեղեկություն, որ նախաքննական մարմինը, դատախազությունն այդ ուղղությամբ հաղորդում են ուղարկել, քննություն է իրականացվում:

Ժամանակը ցույց կտա, թե նշյալ «փակ վկայի» նկատմամբ արդյոք եղե՞լ է ճնշում, ուղղորդում, որ նա բացահայտվել է:

Նշեմ, որ Քրեական դատավարության 98 հոդվածի համաձայն՝ պետությունը կիրառում է պաշտպանական հետեւյալ միջոցները. 1) անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում. 2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը. 3) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը եւ այլ գույքը պահպանելը. 4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը եւ վտանգի մասին հայտնելը. 5) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը եւ հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը. 6) պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը. 7) կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը. 8) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը. 9) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը. 10) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը. 11) դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը. 12) դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930