Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Սարմեն Ղահրամանյան

 

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: 
Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: 
Հաուպտման 
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Ու մայրը միշտ էդպես էր անում «էդ պատմությունը» «երեխեքին» պատմելուց հետո, ու մատնեմատն ի ցույց բռնում «երեխեքի» հորն ու իր կողակցին, ու ասում էր՝ Ղահրաման, երեխեքը ծնվեցին-մեծացան ու շուտով ամուսնանալու են, բա իմ նշանի մատանին ե՞րբ ենք առնելու՝ ես էլ մնացած կանանց նման, գոնե, մի մատանի ունենամ մատիս, ու սենց՝ մնացածի նման, ի ցույց բռնեմ մնացածներին: Ու էդպիսի դեպքերում հայրը մեղավոր-ժպտալով-դիմահար նայում էր, ու մայրը փաթաթվում-փարվում էր իր կողակից-ամուսնուն, ու մխիթարում էր, ու ասում էր՝ պետք չի՝ կատակ եմ անում, պետք չի… Աստված մեր երեխեքի թային կենա: Էս երեքի թային կենա Աստված. ես առանց մատանի էլ յոլա կգնամ. մեծացնենք-ամուսնացնենք-իրենց մուրազներին հասցնենք՝ նոր կառնենք՝ հա՞: Հա՞, Ղահրաման: Ու մոր՝ «երեխեքի» ներկայությամբ իր՝ տան Մեծի ու հոր նկատմամբ՝ ինչպես փոքրի նկատմամբ արվող «ցուցադրական սեթեւեթանքը» հոր դուրը չի գալիս, ու ձեռքը տանում ու կնոջ ձեռքը կոշտ վերցնում-հեռացնում է իր գլխից ու կարճ ասում էր, ասում էր՝ շատ ես խոսում: Ու մայրը հիմա էլ, Սամվել-կրտսեր-եղբոր խոսքերով՝ «հակառակ ուղղությամբ է սկսում խոսել», եւ վիրավորված ձեւանալով «տեղի չի տալիս», ու վիրավորված ասում է՝ էդ ես, է՜, էդ ես. մի կարգին վերաբերմո՜ւնք, մի քաղցր խո՜սք, մի բարի ակնկալի՜ք՝ չտեսանք-չլսեցինք քեզանից. միշտ՝ կո՜շտ, միշտ՝ լո՜ւռ, միշտ՝ ջյո՜դ… Խի՞, որ ասես՝ Արե՛ւ, հա՛, լա՛վ, ի՞նչ կլինի: Ի՞նչ կլինի…
Ու, հետո մայրը կտրուկ հետ դառավ ու Սամվել-եղբորն ասաց՝ էդ, դո՞ւ երբ սկսեցիր գրքեր կարդալ, որ հիմա էլ պարսկերենից-հայերեն ես թարգմանում: Ու տղային ու տղայի Գայանե-քրոջը մատնացույց արեց ու ասաց՝ սրանք, որ գրքի համար խելքները կորցրած-ամբողջ օրը կարդում են, գիտես՝ ուրախ ե՞մ, որ հիմա էլ դու ես սկսել կարդալը: Եւ շարունակեց ու ասաց՝ չէ՛, չէ՛, չէ՜՝ մեզ էլ Հերոս պետք չէ, ու «երեխեքի» հորն ու իր ամուսնուն ցույց տվեց, ու ասաց՝ հեսա՝ մի Հերոս ունենք, եւ հերիք է. քառասո՜ւն տարի, քառասո՜ւն տարի՝ տրակտորի վրա է՝ ականջները բռնված է ման գալիս, ասա՝ ո՞վ ասաց՝ ապրե՛ս, ո՞վ ասաց՝ արի-շնորհա-կալություն հայտնեմ ու ճակատդ պաչեմ: Ասա՝ ինչի՞ տերն ես: Չէ՛, մեզ էլ Հերոս պետք չէ, եւ չլինեմ-չիմանամ, թե ձեր երեխեքի մեկն ու մեկի անունը՝ «Հերոս» դրեցիք: Ու շրջվեց տղային ու տղայի Սամվել-կրտսեր-եղբորն ու ասաց՝ ձեր տղաների անունը, որ կծնվեն՝ Աստված պահի, մեկի անունը՝ «Տափուկ» կդնեք, մյուսինը՝ «Ճկուն», երրորդինը՝ «Շրջահայաց», չորրորդինը՝ «Պլոկող», հինգերորդինը՝ «Աղվես», վեցերորդինը՝ «Չախկալ-Բորենի» ու… տե՜նց՝ շարունակ: Տե՜նց՝ շարունակ, մաման մատաղինի ձեզ՝ կյանքին համընթաց: Կյանքին համընթաց գնացեք, որ ոտքներդ փուշ չմտնի: Հետո, նորից թուլացավ ու ընկճվեց ու ասաց՝ չէ՛, սուտ եմ ասում, սուտ եմ ասում, մաման ձեզ մատաղ՝ Մա՛րդ կդառնաք: Մա՛րդ. համով-հո-տով, ձեռնբաց, հասնող, սրտացավ, պարկեշտ, սկզբունքով-գաղափարով, ընկերոջը չդավաճանող, կրթված, զարգացած, պի՛նդ… Մա՛րդ. բարություն կանեք եւ չարությունը բնում կխեղդեք: Մա՛րդ. բնության՝ ասուն-տեսակի հե՛նց Մարդ-տեսակը կդառնաք: Մարդ-տեսակը, որ չփոշմանեք, որ լույս աշխարհ եք եկել: Որ, ինչքան էլ դժվար՝ եւ դժվար է լինելու, սակայն հպարտությամբ կապրեք ձեր ապրած-կյանքը: Մա՛րդ կապրեք ձեր կյանքը, մամա՛ն ձեզ մատաղ: Մա՛րդ: Էէէ՜, Աստվա՛ծ, Աստվա՛ծ, Աստվա՛ծ՝ Դու, իրենց թային կենա՛ս:
…Ու հիմա էլ… Ու մոր, տղայի՝ բարի, շա՜տ բարի, իր ուժերի չափով լա՜վ կրթված-ինքնուսույց, մի քիչ միամիտ, «երեխեքի» նիստ ու կացում ու ամեն-ինչում իրեն շա՛տ պատասխանատու զգացող-պատվախնդիր մոր ականջովն էր ընկել «հեր ու տղայի խոսակցությունը», ու իր փայ-արկղը թողել եւ՝ մի մեծ, հյութեղ խնձոր տղային ի ցույց բռնած, մոտ էր եկել ոգեւորված-վախվորած, ու թե՝ սա էլ ամենավերեւն եմ դնում, այնտեղ քեզ սրտով մոտիկ աղջիկ կունենաս, նրան կտաս։ Ու տղան ձայն չհանեց, եւ իբր, թե հորն էր օգնում, հայրը մի պահ դանդաղեցրել եւ սպասողաբար շրջվել էր տղային՝ լեզվակռիվ է լինելու, բայց տղան, ասես, ոչինչ էլ չի եղել՝ թելերն է քաշքշում, ու մայրն աշխուժացավ.
– Կա՞։
– Ի՞նչ։
– «Ի՞նչ»՝ չէ։ Ո՞՛վ։ Աղջիկ ունե՞ս։
– Էս ի՞նչ է ասում, պապ, լիքը չե՞ն։ Աղջիկները՝ լիքը-լիքը։ Որին ուզես՝ տվածդ խնձորը նրան նվիրեմ։
Ու հայրը մի անգամ ասել էր, ու տղան հոր ասածը կրկնեց ու ասաց՝ հա՞, պապ. ասում ես՝ աղջիկը պոպոքի ծառի վրայի պոպոքն է՞… հերթով փեդ են շպրտում վրան, ով գցեց՝ էն էլ տանում է՞… Հա՞, պապ, էդպես է՞: Ու հայրը՝ քչախոս, համեստ, «տրակտորին ու կոլխոզին նվիրված քառասուն տարվա տրակտորիստ», «պարտիայի անդամ», եւ ինքն էլ չգիտի՝ ինչո՞ւ, բայց ամե՜ն ամիս, «ամե՜ն ամիս»՝ պարտաճանաչ ու հպարտորեն մոր խոսքերով՝ «երեխաների բերանից կարմիր տասանոցը կտրում» ու, որպես անդամավճար, հարազատ «պարտիային» է նվիրում… Եւ՝ հարազատի սեթեւեթանքից զուրկ, պոռոտախոսություն չընդունող, երկար-բարակ խոսել չգիտի ու կարճ կապեց՝ ճիշտ է ասում, մերդ ճիշտ է ասում, մեծախոս մի եղիր, փնտրողը՝ փնտրտունքով է ընկնում, մերդ մեղք է՝ ամուսնացիր։ Հետո, թե՝ մի երկու 25-ոց կգցես էդ շան թուլեքին, կթողնե՞ն՝ կտանես, չէ՞՝ հետները կռիվ չանես, կտաս տղաներին՝ հետ կբերեն, մի ուրիշ անգամ կուղարկենք։
Եւ տղան տարին-մեկ՝ հերթական արձակուրդներին՝ մի ամսով, ու Նոր Տարուն՝ տաս օրով՝ գալիս-գնում է, ու ամեն մեկնելու-հրաժեշտի նախօրեի երեկոյան այսպես է. երբ արդեն քնելու ժամանակն է, մայրը կամացուկ ու անվստահ՝ ուր որ է, տղան խեթելու է, տղայի տեղաշորին մոտենում-կամացուկ տեղաշորի ծայրին անվստահ նստում եւ մայրական իր քաղցր ու կարոտ բերող-անմոռանալի բուրմունքը տարածելով՝ մայրական իր վախվորած կարոտին է փորձում հագուրդ տալ տղայի անկողնու ծայրին վախվորած-կարոտով-բարի նստած։ Մայրական իր կարոտին է փորձում հագուրդ տալ բարի-վախվորած: Իսկ վերջում միշտ նույն հարցն է, նույն հարցն է միշտ վերջում՝ բա մեղք չե՞մ, բա ե՞րբ ես ամուսնանում։
Իսկ այդ ո՞ր մի մայրը՝ մեղք չէ։ Քնելուց առաջ տղան մտածում եւ պատասխանը՝ միշտ՝ չկա։ Այդ ո՞ր մի մայրը մեղք չէ։ Եւ կամ այս աշխարհում ո՞ր մի մայրն է իր զավակի ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը. երբ ճակատագրի քմահաճույքով պատեհապաշտները բախտի աթոռներին նստոտում ու… բոլոր մայրերի զավակների ճակատագրերի տնօրեններն իրենք են այլեւս: Իրենք են այլեւս բոլոր մայրերի զավակների ճակատագրերի տնօրենները… Տատի միամիտ բառերը՝ փիս-փիս բաներ են անում։ Իմաստի տակ թաքնված արվածի համեմատ այս բառերն-իրենք հենց տեղով միամիտ են։ Միամիտ են այս բառերն արվածի համեմատ: Ու բնության օրենքներն այդ պայմաններում շուռ գալիս եւ հեղինակն ինքն է՝ մարդ-արարածը։ Մարդ-արարածն է հեղինակը: Ու այդ պահին վտանգվածը հազար երանի ունի տալու գազա-նին, հազար երանի ունի տալու գազանին, որ ընկած պահին դիմացինին կամ հոշոտում եւ կամ գազանավարի թողնում ու կուշտ ստամոքսի թելադրանք-փախուստին է դիմում, կուշտ ստամոքսի թելադրանք-փախուստին է դիմում. հետդ կատվի խաղ չի դնի, արժանապատվությունդ չի կոխկրտի, կյանքիդ հետագա ընթացքին պահ տրված ու ամենօրյա քո իսկ կողմից փայփայվող ու փայփայված բարոյականությանդ օրենքները չի ոտնահարի ու չի կոխկրտի: Չի՛ անի։ Չի՛ անի։ Կա՛մ միանգամից կհոշոտի-կսպանի, կա՛մ կթողնի ու կփախչի։ Բայց սրանցն ուրիշ է, ուրիշ է սրանցը: Թուրքինն ուրիշ է, եւ գազանի ու մարդու արանքում ճնշվել-նեղսրտվել ու գազանավայել իրենց մարդ լինելն են ուզում ապացուցել։ Գազանավայել իրենց մարդ լինելն են ուզում ապացուցել։ Ու… ի՜նչ միամիտն ես, այ տատի ջան։ Ի՜նչ միամիտն ես: Քո տեսածով-անցածով հանդերձ, սակայն ի՜նչ միամիտն ես, ի՜նչ միամիտն ես. «փիս-փիս բաներ» անելուց հետո, ինչքան էլ «արդարացված» ու «պահին համապատասխան» լինի, բայց դրանից հետո ապրելու մասին մարդն ինչո՞ւ պիտի մտածի, որ հետո էլ կասկածանքի առիթ տա՝ մեռա՞ծ է, թե՞ սաղ է։ Մեռա՞ծ է, թե՞ սաղ է։ Բայց եւ մենակ չպիտի «գնացվի», մենակ չպիտի «գնացվի». էությունդ ինչքան էլ արդեն լխկված, սակայն եւ մտածելու-գործելու առիթը չպիտի թողնես, չպիտի թողնես՝ իմ «գնալու» հետ, սրանցից ինչո՞ւ մի երկուսին էլ հետս չտանեմ։ Ինչո՞ւ սրանցից մի երկուսին էլ հետս չտանեմ: Ինչո՞՛ւ։
/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք