6 տարով բռնաբարության մեղադրանքով ազատազրկվածն արդարացվեց. ով է պատասխան տալու նրա 2,5 տարվա անազատության համար

6 տարով բռնաբարության մեղադրանքով ազատազրկվածն արդարացվեց.  ով է պատասխան տալու նրա  2,5 տարվա անազատության համար

«Առավոտի»՝ «Օխայ, օխայ անելով»՝ տղայիս բռնաբարության մեջ մեղադրի՞,
որ վեց տարի տա՞ն» (15.12..2015) եւ «Բռնաբարված «հարսնացուն հյուսիսիցը» տեղյակ չի, թե կա վերաքննիչ բողոք» (25.03.2016) հրապարակումներից հետո:

Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյանը վեց տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Ա.-ին, որը կալանքի տակ էր 2014թ. սեպտեմբերի 29-ից: Ինչպես տեղեկացրել էինք, Տիգրանն ու նրա պաշտպան Նարինե Ռշտունին 18 համակարգչային էջից բաղկացած բողոք էին բերել վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն անպարտ ճանաչեց Տիգրան Ա.-ին, եւ նա մոր արցունքների ուղեկցությամբ դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Սա այն հազվագյուտ քրեական գործերից է, որի ժամանակ երեք դատավորներից մեկը հատուկ կարծիք է գրել: Իսկ քանի որ Հայաստանում հատուկ կարծիքները չեն հրապարակվում, ապա պարզ չէ, թե դատավորներ Ռ. Բարսեղյան, Մ.Պապոյան, Ա. Դանիելյան կազմից ո՞վ է բերել հատուկ կարծիքը:

Դատական գործընթացների ժամանակ մեղադրանքի կողմը մեղադրում էր Տիգրանին, որ նա «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով ծանոթացել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, անչափահաս երեխայի մոր հետ: Հայաստանում գտնվելու ժամանակ, հյուսիսի հարսնացուին երիտասարդը հրավիրել է բար, ապա հյուրանոցային համալիր, եւ «տուժողի կամքին հակառակ»՝ բռնաբարել է նրան, հափշտակել նրա մոտ գտնվող ոսկե զարդերը:
Տուժողը, որին այդպես էլ չտեսանք դատարանում, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, Ռուսաստան էր գնացել, դատարանին տեղեկացնելով՝ «իրեն չանհանգստացնել, քանի որ ունի ընտանիք»:

Իսկ տուժողի սկեսուրն ու սկեսրայրն էլ, որպեսզի իրենց որդին չիմանա, հարսի գտնվելու վայրը, նրա հասցեն խնամքով թաքցնում էին, եւ ստացվել էր այնպես, որ պաշտպանական կողմը հնարավորություն չուներ հարցաքննել հեռակա տուժողին, օգտվել լիիրավ պաշտպանության իրավունքից, դատարանում էլ բազմակողմանի քննություն չէր տարվում:

Հիշեցնենք, որ հյուրանոցի տնօրենը դատարան էր ուղարկել բացատրություն, համաձայն որի՝ դեպքի օրն իրենց մոտ է եկել զույգ, որը սիրահարվածի տպավորություն է թողել, կամ՝ նշանվածի: Նրանք եղել են երեքով, տղայի ընկերն էլ է եղել նրանց հետ, ապա հեռացել է՝ թողնելով երկուսին առանձին:

Տուժողը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե «փորձել է հյուրանոցի պատուհանի մետաղյա ցանցը բացել», իսկ հյուրանոցի տերն էլ այդ կապակցությամբ բացատրության մեջ գրել էր, թե «Բացառված էր, որ մետաղյա ցանցը վնասված լիներ, ու ինքը նկատած չլիներ»:

Դատարան էր ներկայացվել նաեւ «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը՝ տուժողի «պաչիկներով» ու «love» գրություններով:

Փաստաբան Նարինե Ռշտունին իր վերաքննիչ բողոքում գրել էր. «Դատարանը պարզապես շարադրել է մեղադրական եզրակացության մեջ թվարկված ապացույցները, ընդհանրապես չի անդրադարձել պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին, չի վերլուծել կամ հերքել դրանք: Դատավճռի հիմքում օրենքի խախտմամբ դրվել են դատարանում չհետազոտված ապացույցները: Մասնավորապես, իրեղեն ապացույց ճանաչված տուժողի ներքնահագուստը՝ վարտիքը, եւ ոսկյա զարդերը»:
Բողոքում փաստաբանը հղում էր կատարել քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ա.Գրիգորյանի 2015թ. մարտի 25-ի որոշմանը, համաձայն որի՝ Տիգրան Ա.-ն առեւանգում չի կատարել: Չկար հանցակազմ. «Փաստորեն, նախաքննությամբ հերքվել էր տուժողի ցուցմունքներն այն մասին, թե Տիգրանը նրան տարել է բար, իր կամքին հակառակ՝ բռնի ուժով հրելով ավտոմեքենա նստեցնելու եղանակով: Մեղմ ասած, ոչ արժանահավատ են հնչում, սույն որոշման ներքո նաեւ տուժողի ցուցմունքները, որ իրեն տարել են հյուրանոցային համալիր՝ «մորթելու» համար»:

Նարինե Ռշտունին բողոքում հղում էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից մեկին, համաձայն որի՝ ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը եւ ցանկացած կասկած պետք է փարատվի հօգուտ մեղադրյալի: Իսկ երկուսուկես տարուց ավելի անազատության մեջ գտնվելու բեռն ո՞վ պետք է կրի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարում` Փաստաբան Նարինե Ռշտունին

 

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք