Դարձյալ անցողիկի ու մնայունի մասին

Դարձյալ անցողիկի  ու մնայունի մասին

Գարնան արդեն բացօթյա սրճարանային այս տրտում երեկոներում, երբ անցնում է եւս մեկ տարի, եւ անցնում է քո կյանքից նաեւ, հաճախ սովորական թվացող պատկերները արթնացնում են տարօրինակ մտքեր եւ զարմացնում են իրենց զրնգուն պարզությամբ.
– Իմ ողջ գիտակցական կյանքում ինձ թվում էր, որ իմ բոլոր պատասխանները սերտել-սովորել եմ ապրածս կյանքով, սակայն ինչքան տարիներս առաջ են գնում, ինչքան մեծանում եմ, տարօրինակորեն հարցերն ու հարցականներն են շատանում,- ասում էր իմ ընկեր Իշխանը՝ խմելով սուրճի երրորդ բաժակը…

Իսկ ես, այդ ընթացքում բարեւելով մեր ընդհանուր ծանոթներին, մտածում էի, որ Իշխանը ճիշտ է, քանի որ կա անցողիկը եւ մնայունը:
Աստված մարդուն հոգի տվեց եւ ծածկեց մարմնով, ինչպես ցորենը ծածկեց կեղեւով եւ դեղձը, ծիրանը՝ թավշյա շղարշով, որ աշխարհի ցրտից ու ելուզակներից պահպանի իր իսկ շնորհած կատարելությունները:

Ելուզակներ, որոնք չեն սիրում մեր եւ իրենց երկիրը, այլ մեր երկրի հաշվին սիրում են իրենց եւ իրենց անձնապաստան հավակնությունները…

Այնինչ մենք այնքան հին ազգ ենք, նկատի չունեմ հնացած, մեզ հետ ու մեր կողքին ապրող շատ ցեղեր այլեւս չկան, ու այսօր գրեթե ոչ ոք մեզ չի հիշում: Եվ երբ մեր պետությունը վերջապես սկսում է տեսանելի դառնալ աշխարհին, եւ մեր ցեղը մեր պետության հետ միասին սկսում է հաստատվել այլոց շարքերում, հայտնվում է հայրենական դեղձը կլպողը՝ փորձելով հասնել ազգային ոգուն, որն իրենը չէ, որին օտար է ինքը, եւ ոգին էլ օտար է իրենից…

Թերեւս ճիշտ է, որ գարունը տարօրինակ մտքեր է արթնացնում մեր մեջ անցողիկի եւ մնայունի մասին, վկան՝ սրճարանի հավաքարար տիկինը, ով մանրամասն հավաքում էր անցած տարվանից մնացած եւ ծառին հուսահատ կառչած, բայց արդեն ընկնող տերեւները, որ հետո կամ այրեն, կամ թափեն աղբի մեջ:

Եվ այս ամենում տխուր բան կար, կար նաեւ, սակայն, ուրախալին, որ ծառը մնում էր եւ շուտով նորից կծաղկեր, ինչպես դեղձը կարթնանար քնից, որի հոգուն ոչ ոք չէր կարող մոտենալ, բացի սիրուց:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք