Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ոլորտում միջազգային իրավունքի նշանակությունը գնալով ավելի է մեծանում. Լևոն Մկրտչյան

Ապրիլ 15,2017 16:35

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Վարշավայի պետական համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ԵԽ պատգամավոր Կարոլ Կարսկուն: Նա Հայաստանում է գտնվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հրավերով և բուհում հանդես է եկել «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը» թեմայով դասախոսությամբ: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը վստահություն է հայտնել, որ միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետի դասախոսությունը հետաքրքիր և օգտակար է եղել հայ ուսանողների համար:

«Կրթության ոլորտում միջազգային իրավունքի նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում, որովհետև աշխարհը գնալով փոքրանում է, և պետությունների ու ազգերի միջև հարաբերությունների կարգավորման համար առավել մեծ նշանակություն է ստանում միջազգային հիմնարար իրավունքի դրսևորումը: Հայ ժողովուրդը կոնֆլիկտ ունի հարևան Ադրբեջանի հետ, որի հիմքում ընկած է միջազգային իրավունքի տարաբնույթ մեկնաբանությունը: Բայց մենք, ինչպես նաև լեհ ժողովուրդը, անցնելով պատմական դժվարին ճանապարհ, վստահ ենք, որ կան հիմանարար արժեքներ, որոնց վրա հիմնվում են միջազգային հարաբերությունները: Այս տեսանկյունից ես համոզված եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար են եղել մեր ուսանողների համար»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Լեհ պրոֆեսորն իր հերթին, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ վայր է դարձել, և ամեն անգամ, այստեղ գալով, իրեն զգում է բարեկամական միջավայրում: «Տեղյակ եմ, որ Դուք ևս, զբաղվելով քաղաքականությամբ և զբաղեցնելով նախարարի պաշտոնը, նաև դասավանդում եք համալսարանում՝ գիտական-մանկավարժական գործունեությունը համատեղելով քաղաքականության հետ: Հայաստանն այն երկիրն է, որտեղ այցելելն ու դասախոսություններ կարդալը ինձ համար շատ հաճելի է: Ես դարձել եմ հայ ժողովրդի իսկական բարեկամը».- նշել է Կ. Կարսկին՝ հավելելով, որ ինքն Հայաստան է այցելել տիկնոջ հետ, ով նույնպես միջազգային իրավունքի մասնագետ է և այս օրերին դասախոսություններով է հանդես եկել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ մեզ համար հետաքրքիր է լեհական փորձը, որտեղ հաջողությամբ նախկին խորհրադային մոդելի վրա կառուցվել  է եվրոպական կրթության համակարգ: Լեհ պրոֆեսորը նշել է, որ իր պարբերական այցերի ընթացքում հասցրել է ծանոթանալ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումներին և տեսնում է, որ դրանք հաջողված են: Հավելենք, որ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Կարոլ Կարսկուն շնորհվել է ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:

ՀՀ ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930