Փայլակը փոշմանել է…(պատմվածք)

Փայլակը փոշմանել է…(պատմվածք)

Խորհրդային ժամանակներում էր: Փայլակ Փանոսի Փայասլյանին, որպես էներգետիկ բաժնի կոմերիտական կազմակերպության բյուրոյի առաջին քարտուղարի, հրավիրել էին հսկա գործարանի կոմունիստական կուսակցության ակտիվի ժողովին, որտեղ նեղ շրջանակում ընդարձակ ելույթ պիտի ունենար կենտկոմի պրոպագանդայի բաժնի աշխատակիցը:

Սովորաբար, հաճախ էին Փայլակին հրավիրում կուսակցական ակտիվի ժողովի, մեկ-մեկ էլ խոսք էին գցում կուսակցության շարքերը համալրելու մասին, բայց նա հրաժարվում էր՝ առարկելով, թե դեռ երիտասարդ է, պետք է հասունանա դրա համար: Իրականում նա խորշում էր կուսակցության շարքերն ընդունվելու գաղափարից, քանի որ չէր սիրում կաղապարի տակ ապրել, այլ գերադասում էր լիակատար ազատությունը:
Սակայն, ճշմարտությունն այն էր, որ նա անցել էր ակտիվ պիոներական շրջանը դպրոցում՝ զբաղեցնելով բոլոր պաշտոնները, ներառյալ՝ դպրոցի պիոներական դրուժինայի խորհրդի նախագահի ամենաբարձր պաշտոնը, իսկ նրա կոմերիտական գործունեության մասին ավելորդ է խոսելը, քանի որ զբաղեցրել էր դպրոցի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղարի պաշտոնը, ուսանողական տարիներին էլ՝ իրենց խմբի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղարն էր, աշխատավայրում, ի պաշտոնե, էներգետիկ բաժնի լաբորատորիայի վարիչ լինելով հանդերձ, նաև հասարակական կարգով զբաղեցնում էր կոմերիտական կազմակերպության բյուրոյի առաջին քարտուղարի և պլենումի անդամի պաշտոնները և միայն տարիքային ցենզի պատճառով հրաժեշտ տվեց կոմերիտմիությանը, այդպես էլ չհամալրելով կոմունիստական կուսակցության շարքերը:

Նախաբանը, իհարկե, երկար ստացվեց, բայց թե ես դրանում մեղք չունեմ: Հիմա անցնեմ տվյալ հիմնարկի կոմունիստական կուսակցության այդ օրվա հրավիրված ակտիվի ժողովին և նրա զարգացումներին:
Զեկուցման թեման վերաբերում էր այն երևույթին, որ կոմերիտական ուղեգրերով արտասահման մեկնողները, հետագայում վերադառնալով հայրենիք, սկսում են գովաբանել այնտեղի բարքերը, ապրելակերպը, հասարակության բարեկեցիկ կյանքը և այլն և այլն: Բացի դրանից, այնտեղ զբաղվում են առևտրով, գնում են ինչ-որ «բարախլո», ապա վերադառնալով հարազատ խորհրդային երկիր` այն վաճառում են (սպեկուլյացիայով են զբաղվում) ավելի բարձր գներով: Ելույթը եզրահանգում էր նրան, որ, գրեթե բոլոր կոմերիտականները, ովքեր լինում էին արտասահմանում, հետագայում հագուստի տեսքով ցուցադրում կամ պատմում էին արտասահմանյան բարիքների մասին, ինչը դեմ էր կոմունիստական գաղափարախոսությանը, մեր այն ժամանակների ապրելակերպին:

Ելույթը ավարտելուց հետո զեկուցողը պատասխանեց մի քանի ձևական (շաբլոն) հարցերի, որոնք գուցե նախապես պատրաստված էին, ապա անցան տեղերից ելույթներին: Ձևական ելույթները ոչ նպատակային շարադրանքներ էին, որոնք էլ գուցե Փայլակին զայրացրին և մղեցին արտահերթ ելույթ ունենալուն, որը նախապես չէր ծրագրել: Երբ հերթական ելույթ ունեցողը ավարտեց իր խոսքը, Փայլակը ձեռք բարձրացրեց և ելույթի համար ձայն խնդրեց:

Ժողովի մասնակիցները, իհարկե զարմացան, թե այս սուսիկ-փուսիկ երիտասարդը, որը երբեք էլ ելույթ չէր ունեցել ակտիվի ժողովներում, հիմա ի՞նչ է ասելու:

Փայլակն, իհարկե, մի քիչ հուզված մոտեցավ ամբիոնին, թեթևակի մաքրեց կոկորդը, հարձակողական տեսք ընդունեց և սկսեց…
Շատ կարճ ու կոնկրետ թվարկեց կոմերիտական ուղեգրերով արտասահման մեկնածների անուն ազգանունները՝ ի ցույց դնելով նաև նրանց խնամի-ծանոթական հարաբերությունները՝ ուղեգրեր տրամադրողների հետ, քանի որ կոմերիտական կազմակերպության պլենումի անդամ էր և տեղյակ էր, թե ովքեր և ինչ ճանապարհներով են ձեռք բերել այդ ուղեգրերը, բացահայտեց ուղեգիր ստացողների կրթական և ինտելեկտուալ ցածր մակարդակի առկայությունը, որի հետևանքով էլ ստեղծվում է այդպիսի իրավիճակ, այնուհետև մեղադրեց այդ գործում համապատասխան պաշտոնյաներին և նրանց հովանավորներին ու բացատրեց դրանից բխող սպասվող արդյունքի ողբալի պատկերը:

Ավարտելով իր համառոտ ու բովանդակալից ելույթը` նա շտապեց դեպի իր աթոռը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ դահլիճում, անսպասելի էր: Ներկաների գրեթե մեծ մասը ծափահարելով և բացականչություններով դղրդացրին դահլիճը: Փայլակը ցնցված էր: Ուրեմն, շատերի սրտից էր խոսել, բայց նրանք վախենում էին այդ ամենի մասին բարձրաձայնել: Դե, վախի մթնոլորտը դեռ պահպանվում էր, չնայած այսպես ասած «հալոցքը» արդեն սկսվել էր:

Նրանից հետո ելույթ ունեցան ևս մի քանիսը ու ակտիվի ժողովը ավարտեց իր աշխատանքը: Փայլակը վերադարձավ իր ճարտարագիտական աշխատանքին, բայց մտքում մտածում էր, որ վաղը իրեն անպայման ՊԱԿ (КГБ) կկանչեն և մի լավ դաս կտան, նույնիսկ հնարավոր է, հեռավոր տեղեր «գործուղեն»:

Հաջորդ օրն առավոտյան նրա աշխատասենյակում հնչեց չարագույժ հեռախոսազանգը: Նա, իհարկե, պատրաստ էր այդ զանգին ու խրոխտ վերցրեց լսափողը:

-Բարև, Փայլակ, Հակոբջանյանն է, շտապ արի ինձ մոտ,-լսվեց լսափողում:
Հակոբջանյանը այն ժամանակվա այդ հիմնարկի կոմերիտմիության վճարովի առաջին քարտուղարն էր, որը շրջկոմի քարտուղարի մակարդակի պաշտոն էր համարվում:

Փայլակը, իհարկե, թողնելով բոլոր գործերը, շտապեց ընկեր (այն ժամանակ պարոն չէին ասում) Հակոբջանյանի մոտ:
Ընկեր Հակոբջանյանը սիրալիր ընդունեց նրան, աթոռ առաջարկեց ու մի քիչ էլ անդրադառնալով երեկվա նրա ելույթին՝ գովեց համարձակության համար ու ինչ եք կարծում, ի՞նչ առաջարկեց:

-Ուրեմն, երեկ ԳԴՀ (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) այցելելու ուղեգիր ենք ստացել ու հիմնարկի կոմերիտական կազմակերպության պլենումը որոշում է կայացրել այդ ուղեգիրը քեզ տրամադրել՝ 70% զեղչով, որի համար շնորհավորում եմ,-ասաց ընկեր Հակոբջանյանը:

-Ես հրաժարվում եմ այդ ուղեգրից,-անմիջապես պատասխանեց Փայլակը:
-Բայց ինչու՞, Փայլակ ջան, կգնաս, կվերադառնաս, այնտեղի վատ բարքերից կպատմես, շրջապատն էլ կհասկանա, որ այնտեղ սարսափելի վիճակ է, ապրելու տեղ չի:

-Չէ, չեմ գնա,-պնդեց Փայլակը,-գնամ գամ ու լեզուս կտրե՞մ, ձեզ չքննադատե՞մ, ես ուզում եմ ազատ մարդ մնալ:
-Դե՛, դու գիտես, ինձանից առաջարկելն է հասնում, քեզանից էլ՝ հրաժարվելը, հետո չասես, թե Հակոբջանյանը ուղեգրերը տակովն է անում:

Անցան երկար ու ձիգ տարիներ: Խորհրդային պետությունը փլուզվեց, կոմերիտքարտուղար ընկեր (հիմա արդեն պարոն) Հակոբջանյանը գաղթեց Ամերիկա, այստեղ հարմար պաշտոն չստանալով, իսկ Փայլակ Փայասլյանը մինչև հիմա իրեն չի կարողանում ներել այն բանի համար, որ առաջարկված ուղեգրով չմեկնեց Գերմանիա: Այդպես էլ ոչ մի անգամ արտասահման ոտք չդնելով:

Գոնե հիմա ընտանեկան կամ ընկերական նեղ շրջանակներում, մտերմիկ զրույցների ժամանակ, երբ շատերը պատմում են արտասահմանյան երկրներից, ասենք՝ Լեհաստանից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից ստացած իրենց ճամփորդական տպավորությունների մասին, որտեղ եղել են, Փայլակը խոնարհաբար լռում է ու լսում նրանց պատմությունները, բայց մտքում պախարակում իրեն, որ այն դժվար ժամանակներում իրեն առաջարկեցին Գերմանիա գնալ ճամփորդության, իսկ ինքը հրաժարվեց: Այս դեպքերում նա հպարտանալու իրավունք կունենար, որ նույնիսկ խորհրդային կարգերի ժամանակ է ինքը եղել արտասահմանում, բա՛:

Թե, չէ հիմա՝ ով ասես գնում է արտասահման ու շատ դեպքերում էլ չի վերադառնում: Կարևոր բան է, չէ՞:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք