Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը թող չանհանգստանա մեզ համար»

Ապրիլ 17,2017 16:00

Տիգրան Մուկուչյանը` դիտորդների այն զգուշացմանը,
թե ՄԻԵԴ-ի վճիռների գումարներն իր գրպանից է վճարելու

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների` իր եւ իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցրած քննադատությունների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք գործում են բացառապես օրենսդրական իրավակարգավորումներին համապատասխան: Այնուհետեւ ամփոփեց. «Որեւէ մեկը թող չանհանգստանա մեզ համար»:

Նշենք, որ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Լուսինե Հակոբյանը երեկ հայտարարել էր, թե նախադեպեր կան, որ ՀՀ իշխանությունները ՄԻԵԴ-ի դատավճիռներից հետո հաշիվները ներկայացնում են այն դատավորներին, որոնց կայացրած որոշման պատճառով է Եվրադատարանը նման որոշում կայացրել, ու նշել. «Այնպես որ՝ եթե Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ այսօր իրեն ասում են, թե այդ որոշումը ընդունի, վաղը քեզ վրա հետեւանք չի ունենալու, վաղը հենց ինքն էլ իր գրպանից վճարելու է, ուստի իզուր է հլու-հնազանդ կատարում այդ հրամանները»: Պարոն Մուկուչյանն ասաց, թե «Կոնգրես-ՀԺԿ»-ի` ՍԴ-ի դիմումը չի տեսել, տեսել է միայն այն դիմումը, որը ներկայացվել է ԿԸՀ. «Դրանում վկայակոչվում էր Հանրաքվեի մասին օրենքը եւ ըստ դրա` պահանջվում էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել: Ավելորդ մեկնաբանություններ չեմ անում»:

Դիտորդները մի շարք այլ քննադատություններ էլ էին հնչեցրել ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ, մասնավորապես՝ այն, որ ապրիլի 8-ին ԿԸՀ-ն չէր ընդունել իրենց դիմումը` պնդելով, թե ոչ աշխատանքային օր է, մինչդեռ այդ օրը նիստ էր գումարել: Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց. «Հստակ ամրագրված է Ընտրական օրենսգրքում, որ ոչ աշխատանքային օրերին դիմումներ չեն ներկայացվում, այլ ներկայացվում են դրան հաջորդող երկուշաբթի օրը, ինչը իրենց կողմից կատարվել է: Իսկ ԿԸՀ նիստ գումարելը Ընտրական օրենսգրքի պահանջ է, մասնավորապես՝ ընտրության արդյունքների ամփոփումը, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների` այդ ժամկետը լրանում էր կիրակի օրը: Սակայն հենց նույն Ընտրական օրենսգիրքն ամրագրել է, թե որ ժամկետներում դիմումները կարող են մուտք արվել»:

Լուսինե Հակոբյանը պնդում էր, թե տարածքային ընտրական հանձնաժողովները պարապուրդի էին մատնված եւ իրենց դիմումները օրերով չեն քննել: Պարոն Մուկուչյանն ի պատասխան թվարկեց, թե ինչպես օրուգիշեր, լարված գրաֆիկով աշխատել են տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատակիցները: Մեր այն հարցին` հետեւաբար օբյեկտիվ պատճառնե՞ր են եղել, որ դիմումներն ուշ են քննվել, պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Ինչ բողոքներ եղել են, քննվել են ժամկետներում: Դա վերջիններիս սուբյեկտիվ ընկալումն է, թե այդ հանձնաժողովները պարապուրդի են մատնված եղել, ինչը որեւէ առնչություն չունի օբյեկտիվ իրականության հետ»:
Մյուս խնդրահարույց հարցը դիտորդների վկայականների պատճենները կցելու պարտադիր պահանջն է եղել: Ըստ դիտորդների` դա իսկական մղձավանջ է ստեղծել: Տիգրան Մուկուչյանն այս առիթով ասաց, որ շատ դեպքերում մի քանի հարյուր դիտորդների անուններից դիմումներ են գրվում ու ներկայացվում հաշված անձանց կողմից: Դրա համար էլ վկայականների պատճեններ են պահանջվում, եւ հետեւաբար աշխատանքի ծավալներն ընդլայնվում են, ու առաջանում է դժգոհություն. «Անհրաժեշտ է ներկայացնել վկայական, որ հստակ լինի այդ անձի կարգավիճակը: Ընտրական օրենսգիրքն ամրագրել է այդ պահանջը, հետեւաբար պարտադիր է կատարման, առանց քննարկելու՝ դա լավ է, թե վատ»:

Տիգրան Մուկուչյանը շեշտեց՝ եթե խոսում ենք իրավական պետության մասին, ուստի պետք է հասկանանք, որ իրավական պետության կարեւոր խնդիրներից մեկն էլ օրենքների պահանջների կատարումն է: ԿԸՀ-ն կամ որեւէ տարածքային հանձնաժողով այդ պահանջը կամայականորեն չի առաջադրում:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930