Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» ուղղակի սպոնտան ձեւավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի». Զարուհի Փոստանջյան. (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 15:28

Այսօր «Էրեբունի» թանգարանի մոտ հրավիրած ասուլիսում, Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ելքի» հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք քաղաքապետարանում: Նա պատասխանեց. «Ելք դաշինքում ընդգրկված են անձինք, ում ես անձնապես ճանաչում եմ եւ, իհարկե, այդ մարդկանց հետ մենք հնարավորություն կունենանք ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել: Բայց պետք է ասեմ, որ մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»:

Հարցին՝ ձեր հիմնական մրցակիցները Տարոն Մարգարյանն ու Նիկոլ Փաշինյանն են, եթե փորձեք օբյեկտիվ գտնվել, որո՞նք են նրանց թույլ եւ ուժեղ կողմերը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ոչ թե այդ անունները, այլ իրենց հիմնական թիրախը ՀՀԿ-ն է. «ՀՀԿ-ի ներքո են տեղի ունեցել ողջ չարաշահումները, որոնք կործանարար են եւ դարձրել են ՀՀ-ն բացարձակ խոցելի»:

Ինչ վերաբերում է «Ելքին» եւ ընդդիմադիրների միավորմանը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ երբ փոքր խնդրի շուրջ են միավորվում ուժերը, դա ձախողման է տանում. «Պայքար տանել մարդկանց հետ, որոնք նույն գաղափարը չեն կրում՝ արդյունավետ չէ: Նախ, «Ելքը» ուղղակի սպոնտան ձեւավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի: Ես չգիտեմ, նրանք կդառնա՞ն վերջիվերջո մեկ քաղաքական ուժ, թե ոչ: Այնտեղ ներգրաված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով, հետեւաբար արդեն իսկ իրենք իրար հետ տարբեր են, միասնական չեն: Իսկ մեր մոտեցումները, մեր գաղափարախոսությունը, մեր ծրագրերը ընդհանուր առմամբ տարբերվում է այս 25 տարիների գործող ուժերի ծրագրերից եւ մեր հիմնական մեխը, նպատակն այն է, որ մենք մեր անդրսահմանային ժողովրդին ներգրավենք մեր քաղաքականության մեջ, նրանց մասնակցությունը լինի ուղղակի մեր քաղաքական գործընթացներին»:

Հարցին՝ ԱԺ ընտրություններից հետո քննադատություն եղավ, որ ընտրությունները կեղծվեցին, բայց ընդդիմադիր ուժերը որեւէ բան չկարողացան էլի անել, հետեւաբար նոր ընտրությունների մասնակցել՝ նշանակում է պարզապես լեգիտիմացնել գործող իշխանությանը, դուք ի՞նչ երաշխիքներ ունեք, որ այս ընտրությունները չեն կեղծվի, ի՞նչ մեխանիզմներ ունեք՝ դրա դեմն առնելու համար: Նա պատասխանեց, որ ինքը շուրջ 9 տարի փաստաբան է եղել եւ պաշտպանել է քաղաքացիներին իշխանավորներից. «Նույնիսկ այն պարագայում, երբ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկման դատապարտում, դա դեռ չի նշանակում, որ դու քո իրավունքների իրացման համար պետք է չպայքարես ու չպաշտպանես քո իրավունքները, նույնիսկ այդ պարագայում, երբ թվում է, որ հնարավոր չէ ոչինչ անել եւ հնարավոր չէ հաղթել:

Միշտ կա հնարավորություն թե՛ հաղթելու, թե՛ նվաճումներ անելու, արձանագրելու հաղթանակ: Դու պետք է ձգտես դրան: Միշտ հիշեք՝ հաղթանակը գրանցվում է միայն այն պարագայում, երբ դու գնում ես դեպի այդ հաղթանակը: Իսկ եթե դու քաղաքականության մեջ ես, ապա ցանկացած գործընթաց պետք է օգտագործես, որ տեղ հասնի քո ծրագիրը, պայքարը հասնի ապագան: Եթե չես մասնակցում, ապա հաղթանակի մասին խոսելը կամ որեւիցե մեկի կողմից այդ հաղթանակը քեզ նվիրելը բացառվում է: Հաղթանակին պետք է ինքդ գնաս: Իսկ ինչ վերաբերում է լեգիտիմացմանը, եթե դու նույնիսկ չես մասնակցում, դա դեռ չի նշանակում, որ այդ ընտրությունները վստահելի են լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930