Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին. «Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 16:08

Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ահռելի հարստության մասին հրապարակումներ եղան: Այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հրավիրած ասուլիսում այդ մասին հարցին, որ նա 250 մլն դոլարից ավելի գումար է հայտարարագրել, շքեղ առանձնատներ, մի ահռելի կարողություն, Երեւանի քաղաքապետարանի բյուջեից մաս կա՞ նրա կուտակած այդ միլիոնավոր դոլարներում՝ պատասխանեց. «Չեմ կասկածում, որ մաս չլինի: Երեւի նույնիսկ 90 տոկոսն է այդ ահռելի գումարների մեջ քաղաքապետարանի յուրացումը կազմում: Եթե համեմատություն անենք, ապա միանշանակ կարող եմ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն: Եթե դու աշխատում ես՝ որպես պաշտոնյա, քո աշխատավարձը կարող է բավարարել նվազ հարցերի լուծման համար: Ես արդեն 10 տարի է՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ եւ ես ձեռք չեմ բերել որեւիցե կարողություն եւ չէի էլ կարող ձեռք բերել, որովհետեւ այդ աշխատավարձով դու չես կարող նման կարողություն ձեռք բերել: Նաեւ այդ ծանրաբեռնվածության ներքո դու չես կարող իրականացնել ձեռնարկատիրական այլ գործունեություն, որպեսզի կարողանաս դրա միջոցով գոնե վաստակես»:

Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ այդ միջոցները Տարոն Մարգարյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով. «Իհարկե, դրանք նաեւ պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինեն: Բայց Վերահսկիչ պալատի հրապարակած զեկույցի ներքո քաղաքապետարանի այդ աշխատակիցները եւ պարոն Տարոն Մարգարյանը նույնպես չպատժվեցին եւ քրեական հետապնդում տեղի չունեցավ, չնայած նրան, որ ամբողջ այդ ասֆալտապատումը չէր համապատասխանում օրենքի պահանջներին եւ պայմանագրի ներքո դրույթներին: Այսինքն, ոչ փողոցներն էին համընկել, ոչ օգտագործվող նյութերի որակն ու ստանդարտները, նույնիսկ այն ապրանքները, որոնք օգտագործել էին, նույնիսկ այդ նյութերի ծագման հավաստագրեր չկային»:

Մեր դիտարկմանը, որ հարստացած պաշտոնյաներն ասում են՝ հայրական, պապական հարստություն է իրենցը՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Իմ հայրիկի պապիկը, իմ պապիկը ներգաղթով են եկել Հայաստան Արեւմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքից: Մեր տունը, այն ժամանակ, երբ Թամանյանը Արաբկիր ավանի նախագիծն է կազմել, որը չի մտել Երեւան քաղաքի մեջ, տրամադրվել է 1925-ին արաբկիրցիներին եւ Արեւմտյան Հայաստանից առաջին կազմակերպված ներգաղթ են նրանք իրականացրել եւ տրամադրվել է իմ հայրիկի պապային միայն հողատարածք՝ ամայի տարածք, որտեղ չի եղել ոչինչ: Հողակտորը կազմել է շուրջ 2000 մետր: Այդ 2000 մետրի վրա իմ հայրիկի պապիկը կառուցել է սեփական տուն, իմ հայրական տունը մինչեւ հիմա պահպանվել է, բլուրի վրա է կառուցված, որը նայում էր Արարատին մի կողմից, մյուս կողմից՝ Արագածին: Այդ տարածքից ժամանակին, երբ Հրաչյա Քոչարի փողոցն են կառուցել, վերցրել են հողակտոր, որ ճանապարհը կառուցեն: Այսօր մեր հողակտորը կազմում է շուրջ 1000 քմ: Եթե խոսում են պապենական հարստությունից, ապա պապենականության հղումը կարող են անել այդպիսի մարդիկ: Իսկ Տարոն Մարգարյանը չի կարող այդպիսի հղում կատարել, որովհետեւ ես չեմ կարծում, որ ինքը այդպիսի պապենական ժառանգություն է ունեցել Երեւան քաղաքում»: Ըստ նրա, Տարոն Մարգարյանն իր հարստությունը ձեռք չի բերել ժառանգաբար: Նա չի ժառանգել այն:

Հարցին՝ ընտրվելու դեպքում դուք ինչպիսի՞ քաղաքապետ եք լինելու՝ նա պատասխանեց, որ մեր հանրային միջոցներից նույնիսկ մեկ դրամ չի վատնելու եւ յուրացնելու. «Չպետք է տեղի ունենա գողություն, որ տարիներ շարունակ մեր հանրային միջոցներից գողացվել է, յուրացվել է եւ մեր հանրային միջոցները չեն ծառայել իրենց նպատակին: Ամենահրատապ եւ առաջնային հարցը դա է: Դրանից բխող մնացած հարցերին հնարավոր է լուծում տալ: Քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը գալիս է այն ժամանակ, երբ երկրում գործում է օրենքը եւ կոռուպցիայի ցուցանիշը նվազ է»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ներկայումս մեր բյուջեի շուրջ 50 տոկոսը յուրացվում է եւ ովքեր յուրացրել են, չեն պատժվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930