Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի». Հովսեփ Խուրշուդյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս հանգստանալ

Ապրիլ 19,2017 23:07

«Արմեն Մարտիրոսյանն ո՞վ ա, մի հատ ինձ կարա՞ք բացատրեք՝ ով ա Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանն էն մարդն ա, որը աղոթել է Ծիծեռնակաբերդում եւ Արմեն Մարտիրոսյանն էն մարդն ա, որ ընտրողների կողմից դուրս է շպրտվել քաղաքական պրոցեսից, ժողովրդին է, չէ՞ հղում արվում: Ինչի՞ եք ինձ հարցեր տալիս էն մարդկանց մասին, որոնց պատասխանը ժողովուրդն իր ընտրությամբ տվել է»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես հեգնեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:

Խոսելով Հովսեփ Խուրշուդյանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը «կիսափողոցային արտահայտություններ, բեսեդկայի խոսակցություն» որակեց նրա եւ իր ընկերների տարածած լուրերը. «Էդ մարդիկ ավելի լավ ա գնան շարունակեն իրենց աղոթքը՝ իրենց զորավարների հետ»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես ափսոսում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդքան լարվում է, լավ կլիներ, որ խնայեր իր նյարդերը, կարող է, օրինակ, մեկ-երկու օր գնալ բնության գրկում անցկացնել: Շատ առողջարար է: Ընդհանրապես ի պատասխան իմ եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից «Ելք» դաշինքին ուղղված քաղաքական գնահատականներին (չգիտեմ որտեղ նա տեսավ կիսափողոցային արտահայտություններ), այս «քաղաքական մտքի տիտանը» մեկ անգամ արդեն ջղագրգիռ ու անձնական վիրավորանքներ պարունակող պատասխանով հանդես եկավ, որին ո՛չ ես, ո՛չ էլ Արմենը արժանի չհամարեցինք պատասխանել: Բայց նա, կարծես թե որոշել է երկարացնել իր ոճի մեջ: Եթե նա իրեն քաղաքական գործիչ է համարում, ապա ճիշտ կանի չանցնի քաղաքավարության սահմանները եւ պահպանի քաղաքական բանավեճի տարրական կանոնները, եթե, իհարկե, դրանցից տեղյակ է: Նման խոսելաձեւը ոչ ոքի, անգամ իրեն, պատիվ չի բերում: Ու ընդհանրապես, ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի:

Հիմա՝ ինչ վերաբերում է աղոթելուն: Նախ, ո՛չ ես, ո՛չ Արմեն Մարտիրոսյանը 2013թ. ապրիլի 9-ին Ծիծեռնակաբերդում չենք եղել: Այդ օրը ոստիկանության հետ Բաղրամյանի վրա տեղի ունեցած քաշքշուկի, իսկ Արմենի վրա՝ նաեւ թիրախային հարձակման արդյունքում նա ոստիկանություն էր բերվել, ես էլ Բաղրամյանի վրա էի եւ Ծիծեռնակաբերդ չեմ հասել: Կյանքումս աղոթած չկամ էլ, քանի որ հավատացյալ չեմ»:

Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, այդ օրվա աղոթելու թեման շատ են մատի փաթաթան դարձնում «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատները, ինչպես նաեւ, «ակնհայտ ուղղորդմամբ շատ լրատվամիջոցներ», ուստի հարկ համարեց պարզաբանում մտցնել.

«Այդ օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն բան արեց բախումից եւ արյունահեղությունից խուսափելու համար: Ծիծեռնակաբերդ գնալը իր մեջ խորհուրդ էր պարունակում՝ ցույց տալու զուգահեռը 100 տարի առաջվա ցեղասպանված 1.5 մլն հայության ու եւս հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանության եւ մեր օրերին 1.5 մլն հայության արտագաղթի՝ այդ սպիտակ ցեղասպանության, որը հետեւանքն է կեղծվող ընտրություններով ամեն անգամ ամրագրվող անարդարության եւ անազատության: Ու այն, որ այնտեղ մարդիկ աղոթեցին, այդտեղ հեգնելու որեւէ բան չկա: Ընդհանրապես աղոթքը այնքան խորը անձնական եւ նուրբ հարց է, ես հավատացյալ չեմ, բայց հարգում եմ հավատացյալներին եւ իրենց աղոթելու հատկությունը:

«Հայր մերը» նորմալ մարդու մոտ հեգնանքի, ծաղրի առարկա չի կարող դառնալ, եթե, իհարկե, մարդ ցինիկ չէ եւ զուտ մարդկային արժեքներից հեռու չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ գնալու հանգամանքը նախօրոք քննարկել էր խորհրդում, որը ձեւավորվել էր հետընտրական գործընթացների շուրջ որոշումներ կայացնելիս քննարկումներ իրականացնելու համար, որին անդամ էր նաեւ պարոն Փաշինյանը եւ շատ այլ քաղաքական գործիչներ:

Ու պարոն Փաշինյանը հենց նախորդ օրվա քննարկման ժամանակ դեմ էր որեւէ վճռական գործողությանը, ու ես հուսով եմ, որ նա ինքնուրույն էր իր այդ մոտեցման մեջ: Իսկ քննարկվել են տարբեր գործողություններ՝ նստացույցից մինչեւ Բաղրամյան փողոցը փակելը: Նրա մոտեցումն այն էր, բառացի, որ այդ օրը տոն է եւ պետք է Ազատության հրապարակ գալ ընտանիքներով, երեխաներով, փուչիկներով եւ նշել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հիմա հետին թվով հերոսանալը եւ իրեն քաջ տղու տեղ դնելը եւ մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին ձայները փոշիացնելու, Ծիծեռնակաբերդ գնալու եւ աղոթելու մեջ կարծում եմ պարզապես ազնիվ չէ»:

Մենք ճշտեցինք՝ փաստորեն, Ծիծեռնակաբերդ գնալու մասին իրենք բոլորը տեղյա՞կ են եղել՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Այո, դեպի Ծիծեռնակաբերդ մոմերով երթ անելու որոշումը քննարկվել է նախորդ օրը, մոմերն էլ նախօրոք պատրաստվել էին եւ ապրիլի 9-ին բաժանվեցին ժողովրդին»:

Մեր դիտարկմանը՝ տպավորություն էր, որ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին տանում է այլ ուղղությամբ եւ դա պահի տակ կայացված որոշում էր՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Հենց այդ է, որ իրականությունը տպավորությունից տարբերվում է նրանով, որ երբ տպավորություն ձեւավորելու վրա մի հսկայական ԶԼՄ ցանց է աշխատում՝ իշխանությունների կողմից ուղղորդված, ցանկացած ճշմարտություն կարելի է նենգափոխել եւ լրիվ այլ տպավորություն ստեղծել մարդկանց մոտ: Հիմա այդ նենգափոխողներից մեկը նաեւ պարոն Փաշինյանին պատկանող մեդիաներն էին, իր իշխանական գործընկերների կողմից ուղղորդվող մեդիաները:

Տարօրինակ չէ, որ նման տպավորություն է ձեւավորվել եւ այդ ստով տարիներ շարունակ կերակրվում է անտեղյակ հանրությունը: Սպոնտան որոշում կայացվել է ժողովրդի ճնշման տակ այդ օրը՝ գնալ Բաղրամյան 26, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ենթարկվեց ցուցարարների այդ ցանկությանը եւ հայտարարեց որ երթուղին դեպի Ծիծեռնակաբերդ կանցնի Բաղրամյան պողոտայով:

Սակայն երբ հայտնի իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ոստիկանական պատնեշը հաղթահարել հնարավոր չէ՝ երթը շարունակվեց Սարյան փողոցով, իսկ ցուցարարների մի մասը մնացին Բաղրամյանի վրա մինչեւ որ ընտրված նախագահը վերադարձավ եւ ոստիկանական արգելապատնեշը ամեն դեպքում ի վերջո վերացվեց եւ ցուցարարները բարեհաջող հասան Բաղրամյան 26, արտահայտեցին իրենց բողոքը կեղծված ընտրությունների կապակցությամբ: Իսկ այդ ընթացքում Վովա Գասպարյանը ընդամենը իր հայեցողությամբ ուղեկցել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը նրան ոչ ոք չէր կարող արգելել»:

Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Վերջապես, երբ պարոն Փաշինյանը ջղաձգվում է, թե «ով է Արմեն Մարտիրոսյանը»՝ ցավալիորեն իջնում է Պանիկովսկու մակարդակին: Բայց ամեն դեպքում ստիպված եմ թարմացնել իր հիշողությունը. Արմեն Մարտիրոսյանը այն քաղաքական գործիչն է, որը 2008-ի մարտի մեկին ոչ թե ժողովրդի թիկունքում կանգնած բարձր հարթակից քաջ ելույթներ էր ունենում, այլ զբաղված էր սադրիչների սաստմամբ եւ արյունահեղությունը կանխելու քայլերով եւ հենց նա էր, որ նախ կանխեց սադրիչների կողմից քարերի նետումը ոստիկանության ուղղությամբ, ապա սեփական մարմնով փրկեց ոստիկանության գնդապետին՝ իշխանությունների կողմից կազմակերպված զոհաբերումից, որի արդյունքում դանակահարվեց սադրիչի կողմից, հենց Արմեն Մարտիրոսյանն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ ամեն բան արեց բոլոր հակաիշխանական ուժերի համախմբումն իրականություն դարձնելու համար, քաջ գիտակցելով, որ առանց դրա հնարավոր չէ ժողովրդի մեջ հաղթանակի հույս արթնացնել ու իշխանափոխության հասել, ինչն էլ, ցավոք, ի վերջո հաստատվեց: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, արդեն հասկանալի պատճառներով, իր լուման ունեցավ այդ համախմբման ձախողման գործում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930