Լրահոս
Օրվա լրահոսը

Լիդիանում համոզելու ունակությունները մասնագիտական փորձառությունից կարևոր են․ ՀԲՃ

Ապրիլ 20,2017 10:56

Ապրիլի 6-ին Գնդեվազում կայացած հանդիպման ժամանակ Հարավային Աֆրիկայից հրավիրված «Լիդիան» ընկերության «մասնագետ»՝ գլխավոր մետալուրգ Ջոն Ֆուրիեն հայտարարեց, որ Ամուլսարի ապագա ոսկու հանքի ցիանիդային հարթակը միանշանակ անվտանգ է, այնքան անվտանգ, որ կարող է լինել նաև Երևանի կենտրոնում: Նա նշեց, թե աշխատել է քաղաքներում, որոնք ավելի մոտ են եղել ցիանիդային հարթակին և որոնք ավելի մեծ թվով բնակչություն են ունեցել, քան Գնդեվազն է, իսկ որոշ համայնքների ճանապարհները հանքի միջով էին անցնում: Նա նշեց, որ ինքը ևս ապրել է այդպիսի հարթակների մոտ, և որ գնդեվազցիների առաջարկած «սանիտարական գոտու» կարիքը չկա:

Ցիանիդային հարթակի վտանգների մասին մենք անդրադարձել ենք ինչպես մասնագետների հետ հարցազրույցներում (քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանի հարցազրույցը Ամուլսարի ոսկու հանքի վտանգների մասին), այնպես էլ մեր կատարած ուսումնասիրություններում (օրինակ, Ղրղզստանի Կումտոր ոսկու հանքում վթարի արդյունքում 2 տոննա ցիանիդի արտահոսքը):

Ավելին, Ջոն Ֆուրիեի հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում, այսօր կանգնած են այնպիսի լուրջ խնդրի առջև, ինչպիսին է ոսկու հանքարդյունաբերության արդյունքում առաջացած թթվային դրենաժը, որն աղտոտում է երկրի ջրային պաշարները և սպառնում գյուղատնտեսությանն ու մարդկանց առողջությանը: Թթվային դրենաժի նկարագրությանն ու դրա էկոլոգիական հետևանքներին անդրադարձել ենք նախորդ հոդվածում:

Հետաքրքրականն այն է, որ ինչպես Ջոն Ֆուրիեն է համոզում գնդեվազցիներին, որ ցիանիդային հարթակը բացարձակ անվտանգ է, այնպես էլ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանն է վստահեցնում, որ Ամուլսարը սուլֆիդային չէ, ինչն, ի դեպ, թթվային դրենաժի հիմնական պատճառներից է: Այսինքն, բառերով թե՛ Ֆուրիեն, թե՛ Ալոյանը և իրենց ողջ թիմը փորձում են բոլորին համոզել, որ իրենք ճիշտ են, իսկ ահա մասնագետները, ովքեր ուսումնասիրության հիման վրա հակառակն են պնդում (ինչպես օրինակ, Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն է հաստատում Ամուլսարում սուլֆիդների առկայության մասին), սխալ են:

Զարմանալի չէ, որ հենց Ջոն Ֆուրիեին էլ վստահել են Ամուլսարում մետաղագիտության գծով պատասխանատվությունը, քանի որ կարծես թե Լիդիանում առավել կարևոր է համոզելու ունակությունները, քան փորձառությունը: Համաձայն Ջոն Ֆուրիեի մասնագիտական կենսագրության՝ Յոհանեսբուրգում նա սովորել է լրագրություն և մարդաբանություն:

John Fourie’s profile in Linked In

Ուսմանը զուգահեռ կամ դրանից հետո նա ծառայել է Բրիտանական զինված ուժերում: Հետո արդեն որոշել է ընտրել քիմիական ինժեներիայի ուղին: Նախ աշխատել է որպես բնապահպանական ինժեներ` մասնագիտանալով բնական միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու ոլորտում: Իսկ արդեն 2011թ-ից աշխատել է քիմիական մշակման գործարանների և մասնաճյուղերի շահագործման նախագծման ու կառուցման ոլորտում: Եթե հաշվի առնենք, որ քիմիական գիտություններով Ջոն Ֆուրիեն սկսել է ուսումնասիրել և զբաղվել մոտ 2010-2011թ-ից (ինչպես որ իր կենսագրությունում է նշված)։ Ստացվում է, որ Լիդիանի ղեկավարությունը պատրաստ է այս ոլորտում ընդամենը 7 տարվա փորձ ունեցողին վստահել նման լուրջ գործը։ Մինչդեռ շատ ավելի երկար տարիների փորձ ունեցող մասնագետների եզրակացություններն իրենց ամենևին էլ չեն հետաքրքրում և քանի դեռ չեն բխում Լիդիանի շահերից՝ ուրեմն նաև սխալ են:

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս կարձագանքեր Ջոն Ֆուրիեն Ամուլսարում հնարավոր թթվային դրենաժի վտանգների մասին հարցին, հաշվի առնելով Ամուլսարում սուլֆիդների առկայությունը: Թե՞ նորից կպնդեր, որ իր հայրենիքում տեղի ունեցող ոսկու հանքարդյունաբերության պես՝ Ամուլսարում էլ թթվային դրենաժի բացարձակ ոչ մի վտանգ չկա:

Նշենք, որ 2003թ.-ին Հարավային Աֆրիկայի ամենամեծ քաղաք Յոհանեսբուրգի մոտակայքում գտնվող Ռոբինսոն լճում ուրանի պարունակությունը ջրում 40.000 անգամ ավել էր բնական ջրի ֆոնային մակարդակից: Դա այն բանից հետո, երբ մոտակա ոսկու հանքը շահագործողները հանքից առաջացած թթվային դրենաժի ջրերը լցրել էին այդ լիճը: Ավելին, ոսկու հանքը ծանր մետաղներով՝ այդ թվում ուրանով, աղտոտել է մոտակա համայնքների ջուրը, հողը և օդը:

Ամեն օր ոսկու հանքից առաջացած մոտ 40 միլիոն լիտր թթվային դրենաժ հոսում է դեպի մոտակա առուներից մեկը (Tweelopiespruit), որն արդեն ստացել է թթվային առու անունը: Իսկ Կենտրոնական ավազանում աղտոտված ջրի մակարդակն ամեն օր բարձրանում է 0.9 մետրով և սպասվում է, որ 12-18 ամսվա ընթացքում մակերեսին կհասնի՝ այդ կերպ վտանգելով Յոհանեսբուրգի ստորգետնյա ջրերը (աղբյուր):

Tweelopiespruit stream

Կառավարությունը 2011թ. ստիպված էր 8.7 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել թթվային ջուրը մաքրելու համար:

2002թ-ից ի վեր էլ Կրուգերսդրոփ քաղաքի մոտ գտնվող ոսկու հանքից օրական 15 միլիոն լիտր թթվային դրենաժ է թափվում, որից մի մասը լցվում է առու, որն էլ հոսում է դեպի «Մարդկության բնօրրան» անունը կրող Համաշխարհային ժառանգության վայր: Արդեն 2010 թ.-ին թթվային դրենաժ հայտնաբերվեց նաև Համաշխարհային ժառանգության այս վայրում՝ վտանգելով նրա գոյությունը:

Գիտնականների գնահատականների համաձայն՝ այսօր լքված ոսկու հանքերից առաջացած թթվային դրենաժը կարող է հասնել օրական 350 միլիոն լիտրի՝ այդպիսով վտանգելով նաև Վաալ և Լիմպոպո գետերի ջրային ավազանները, որոնք էլ հարյուր հազարավոր մարդկանց ապահովում են խմելու ջրով: Նրանք նաև նշում են, որ այս խնդիրը կշարունակվի տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ: Եվ սա այն դեպքում, երբ վտանգների մասին գիտական համայնքը նախազգուշացնում էր պետությանը դեռ 1950-ականներին: Իսկ պետությունը միայն վերջերս է հիմնել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր թթվային դրենաժը՝ այն բանից հետո, երբ այն հասավ «Մարդկության բնօրրան»:

Եվ ահա 2010թ.-ին հանձնաժողովի տեխնիկական խումբը հայտարարեց, որ թթվային դրենաժի արդյունքում աղտոտվել են ստորգետնյա ջրերը, որոնք օգտագործվում են խմելու և գյուղատնտեսական նպատակներով, վտանգ են ներկայացնում տարածաշրջանային գետերի համար և սեյսմիկ ակտիվության բարձրացման պատճառ են հանդիսանում (քանի որ ստորգետնյա հիդրոերկրաբանությունը հարմարվում է ջրի ներհոսքին):

Պետությունը ստիպված եղավ գումար հատկացնել մինչ 2012թ.-ը որոշակի վերականգնողական աշխատանքների համար: Սակայն մաքրման ողջ աշխատանքները կարժենան միլիարդներ, իսկ առայժմ շատ քիչ առաջընթաց կա: Շատերը նշում են, որ սա ուշացած քայլ է: Մոտ 400 քառ. կմ պոչանքներ տարածված են Յոհանեսբուրգում և նրա շուրջը: Դրանք պարունակում են պիրիտ, հազարավոր տոննա ուրանի փոշի և այլն (աղբյուր):

Իհարկե դատելով այս նկարից, ուր թթվային դրենաժի հոսքերը անցնում են բնակելի տարածքների անմիջապես հարևանությամբ, կարելի է միանշանակ հավատալ Ջոն Ֆուրիեի այն խոսքերին, համաձայն որոնց ցիանիդային հարթակն էլ կարելի է տեղադրել համայնքներին ավելի մոտ, կամ թեկուզ մայրաքաղաքի հենց սրտում: Այլ հարց է, թե որքանով կտուժի այն համայնքը, որտեղ այն կտեղադրվի։ Ինչը, սակայն, Ջոն Ֆուրիեի և Հայկ Ալոյանի նման «մասնագետներին» հավանաբար այնքան էլ չի հետաքրքրում:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Գլխավոր լուսանկարում` Ուիթբենք քաղաքը Բրյուգսփրյութ գետի ափին, որն ունի թթվային դրենաժի բարձր պարունակություն/TheGuardian

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930