Նոր մանրամասներ․ինչո՞ւ էր ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնվել «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում

Նոր մանրամասներ․ինչո՞ւ էր ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնվել «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ երեկոյան հայ ոստիկանների ու Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարության որոնողական աշխատանքների արդյունքում վերջապես գտնվեց ապրիլի 16-ից ռազմաբազայի հանրակացարաններից անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովը։ Նրան հայտնաբերել էին Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Մեզ հայտնի դարձավ, որ Դմիտրին եղել է համածառայակցի բնակարանում։ Վերջինս Գյումրիում բնակվել է «Մուշ» թաղամասի վարձով բնակարաններից մեկում, մի քանի օրով Գյումրու Պոլիգոն թաղամասում զորավարժանքների մեջ է գտնվել, բանալին տվել է Դմիտրիին։

Դմիտրի Լոշմանովը երեկ ոստիկանությանը տված իր բացատրության մեջ նշել է, թե իբրև ռազմաբազայում ինքը խնդիրներ չունի որևէ մեկի հետ, նեղացած ու վիրավորված չէ, ուղղակի ցանկացել է կտրվել առօրյայից։ Վերջինս թեև խմիչքի նկատմամբ մեծ հակում ունի, սակայն երեկ հայտնաբերվելու պահին խմած չի եղել։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ նա եղել է քաղաքացիական հագուստով ու առանց զենքի։

Հիշեցնենք, որ Դմիտիրիի առօրյայից կտրվելու ցանկության պատճառով բավական լարված իրավիճակ էր ստեղծվել Վալերի Պերմյակովի ոճրագործությանն ականատես դարձած Գյումրիում։ Դմիտրրի Լոշմանովի լուսանկարը ձեռքերին՝ ոստիկաններն ու ռուս սպաները թակում էին «Մուշ» թաղամասի բնակիչները դռները, բակերում հարցուփորձ անում, նույնիսկ ուղղաթիռներով էին փորձում նրան գտնել։ Գյումրիում էլ մարդիկ մեկը մյուսին բարևելու փոխարեն, հարցնում էին՝ «գտնվե՞ց էդ ռուս զինվորականը, մի փորձանք չբերի՞ գլխներիս»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք