Իգնատի Առաքելյան. «Ով որ ստիպել է՝ թող տեր կանգնի» (Տեսանյութ)

Իգնատի Առաքելյան. «Ով որ ստիպել է՝ թող տեր կանգնի» (Տեսանյութ)

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադառնալով քաղցրաշենցիների խնդրին, որոնք կառավարության առաջ բողոքի ցույց էին անում` պահանջելով իրենց գումարները, ասաց, որ վարչապետի հետ հարցը պիտի քննարկեն, որպեսզի հասկանան հետագա անելիքները. «Եթե չունի էդ մարդը գումար, չենք կարող տալ: Դատախազությունը քննություն էր անում, սպիրտը գտան, սպիրտը կոնյակի չէր: Դատարան գնալը քաղցրաշենցիների համար ելք չէ: Քաղցրաշենցիների ցանկությունը փող ստանալն է: Պետության լծակն այն է, որ ասենք՝ եկեք մենք էդ փողը վերցնենք տանք «Վինարի» փոխարեն: Դա ճի՞շտ է: Եթե կառավարությունն էսօր «Վինարի» փոխարեն քաղցրաշենցիների փողը տա, դա ճի՞շտ է: Էդ դեպքում ինչի՞ բոլորին չտանք էդ փողերը, որոնք չեն ստացել: Սա բիզնես շրջանակ է, որտեղ մեկը մյուսին խաբել է»:

Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակն այն բանի հետեւանք է, որ կառավարությունն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գյուղնախարարը ոլորտի ընկերություններին ստիպել էին ընդունել ամբողջ խաղողի բերքն այն դեպքում, երբ գործարանները ֆինանսական վատ վիճակում էին, նախարարը պատասխանեց. «Դե ով որ ստիպել ա, թող տեր կանգնի: Ես չեմ ստիպել, ես դարձել եմ իրավահաջորդ, բայց ես չեմ ասել՝ գնացեք վաճառեք: Էդ ընկերությունը ոչ լիցենզիա ուներ, ոչ մի բան, ես զարմանում եմ, թե ինչի են գյուղացիները խաղողն իրան հանձնել: Ով ստիպել է, թող հիմա տեր կանգնի»:

Իգնատի Առաքելյանի խոսքերով, մի գուցե գյուղացիները ավելի շատ տուժում են սխալ բիզնես անելու հետեւանքով:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե նման դեպքերը աչքի առաջ ունենալով որոշ գյուղացիներ հրաժարվել են այս տարի այգիները մշակելուց, սա չի՞ մտահոգում կառավարությանը, որն այսօր ամեն մի ներդրում շատ կարեւոր է համարում, Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ իսկապես որոշ խաղողագործներ քանդել են իրենց այգիները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք