Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր մտահոգություններն է ներկայացրել ՀՀ Կառավարությանը

Ապրիլ 20,2017 16:43

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զեկույցի վերաբերյալ: ՀՀ Կառավարությունը իր զեկույցը ներկայացրել էր Կոմիտեի 17-րդ նստաշրջանում՝ 2017 թ. մարտի 29-30-ը:

Իր դիտարկումներում Կոմիտեն մտահոգություն է հայտնել, մասնավորապես, Սահմանադրության վերանայված տարբերակում և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրում» «հաշմանդամության կանխարգելման և բուժման» հասկացությունների կիրառման հետ կապված: Դրան Կոմիտեն անդրադառնում է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ Կոնվենցիային չհամապատասխանելու համատեքստում: Կոմիտեն մտահոգություն է հայտնում ՀՀ կողմից Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը չվավերացնելու և միայն բժշկական մոդելի հիման վրա, առանց սոցիալական և հասարակական գործոնները հաշվի առնելու, հաշմանդամությունը ճանաչելու մոտեցման վերաբերյալ:

Այս համատեքստում Կոմիտեն, ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի Հանրապետությանն առաջարկում է վերանայել օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանն ու բուժմանը, և առաջարկում է դրանք համապատասխանեցնել հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին՝ վերանայելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որպեսզի այն համապատասխանի Կոնվենցիային և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին: Կոմիտեն ուղղակի հորդորում է վավերացնել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որով Հայաստանի Հանրապետությունը կճանաչի անհատական բողոքներ ներկայացնելու իրավունքը: Իր դիտարկումներում Կոմիտեն, հաշվի առնելով հայաստանյան ՀԿ-ների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված զեկույցները՝ անդրադառնում է նաև հավասարությանն ու խտրականության բացառման խնդրին, և առաջարկում արագացնել հակախտրականության մասին օրենքի նախագծի ընդունումը՝ ապահովելով, որ այն ներառի հանրային և մասնավոր հատվածներում հաշմանդամության հիմքով խտրականության սահմանումը:

Կոմիտեն առաջարկում է նաև հիմնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքերում պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ: Անդրադառնալով օրենքի առջև հավասարության սկզբունքին՝ Կոմիտեն պետությանը առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության և «Քաղաքացիական դատավարության» ՀՀ օրենսգրքի խտրական դրույթները, վերականգնել հաշմանդամություն ունեցող անձանց համար լիարժեք իրավունակությունն ապահովող դրույթները և ներկայացնել որոշումների կայացման աջակցության համակարգ: Կոմիտեն մտահոգիչ է համարում նաև սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց՝ խանգարման հիմքով կալանավորումը և առաջարկում արգելել այն, ներառյալ ոչ հոժարակամ հոսպիտալացումը և հարկադիր ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև ոչ կոնսենսուսային հոգեբուժական բուժումը. ապահովել, որ ազատազրկման բոլոր վայրերը, ներառյալ բնակելի, հոգեբուժական և քրեակատարողական հաստատությունները, ունենան հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կարիքներին համապատասխան կենսաապահովման պայմաններ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բռնությունների և դաժան վերաբերմունքի դեպքերի բարձր ցուցանիշը՝ Կոմիտեն առաջարկում է ձեռնարկել օրենսդրական և գործնական միջոցներ՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Անկախ ապրելու և համայնքում ներառված լինելու իրավունքի ապահովման ուղղությամբ կոմիտեն առաջարկում է արագացնել հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը և առանց հետաձգման իրականացնել դրա գործողությունների պլանը, ներառյալ՝ բոլոր հաստատությունների փակման ժամանակացույցը՝ գործընթացին ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Կոմիտեն առաջարկում է նաև ապահովել արդյունավետ, անկախ, մարդու իրավունքների վրա հիմնված մոնիթորինգի մեխանիզմ բոլոր բնակելի և մասնագիտացված հաստատություններում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ։ Կոմիտեն մտահոգված է ազգային մոնիթորինգի մեխանիզմին տրամադրվող անբավարար ռեսուրսների փաստով և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների՝ մոնիթորինգի գործընթացում ոչ բավարար մասնակցությամբ, և առաջարկում է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը մոնիթորինգի գործընթացում։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ հաջորդ զեկույցի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի հոկտեմբերի 21-ը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930