Ծառայության ավարտին զինվորի անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն դրամ

Ծառայության ավարտին զինվորի անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն դրամ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նոր «ԵՍ ԵՄ» ծրագրի մասին.

«Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով:

Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում: Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա: Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության:

Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում: Ծրագիրը քննարկման համար է»։

Լուսանկարը` Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Լավ կլինի գումարի չափը կապակցել ասենք նվազագույն եկամուտի կամ տվյալ պահի կենսամակարդակի որևէ այլ ցուցիչի հետ, խուսափելու համար մարդկանց ձեռքը արժեզրկված գումար դալուց…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք