«Միգուցե խնդրենք մեր 50 կամ 60 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել». Շարմազանով

«Միգուցե խնդրենք մեր 50 կամ 60 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել». Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այսօր շարունակել են ամփոփել ԱԺ ընտրությունների արդյունքները. «Մենք ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփում ենք արդյունքները, կուսակցականների աշխատանքը, ընտրությունների որակը: Երկրորդ հարցը մենք քննարկել ենք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկը»:

ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը Երեւանի ավագանու ընտրություններում «Հանուն Երեւանի» է: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իրենք քարոզչությունն անելու են ժամը 18-ից հետո, քարոզարշավը սկսելու են Էրեբունուց: Այս անգամ ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումների քարոզչության ձեւը եւ պատրաստվում է յուրաքանչյուր օր 4-6 բակերում ունենալ հանդիպումներ:

Երեւանում շուրջ 460 ենթաշտաբ է գործելու: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ որեւէ մեկի հետ նպատակ չունեն լեզվակռվի կամ քաղաքական պայքարի մեջ մտնելու, իրենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից են. «Մանավանդ, որ «Երկիր Ծիրանիի» համար սա քաղաքական դեբյուտ է, բոլորին մաղթում ենք հաջողություն»:

Շարմազանովը վստահեցրեց, որ այնպես պետք է աշխատեն, որ 5 տարի հետո ունենանք ավելի կանաչ, ավելի ապահով, ավելի բարեկարգ Երեւան:

Լրագրողները հարցրեցին՝ ձեր քաղաքապետի թեկնածուն մի՞թե վախենում է հրապարակային բանավեճից Նիկոլ Փաշինյանի հետ, մյուս թեկնածուների հետ՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց թեկնածուն նախընտրում է բակային հանդիպումներ ունենալ, դա իրենց մարտավարությունն է. «Այս պահին մեր օրակարգում չկա նման պրակտիկա: Եթե կարիք լինի, միգուցե խնդրենք մեր 50 համարին կամ 60 համարին, կամ 15, 20 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել»:

Հարցին՝ Տարոն Մարգարյանը արժանի չի՞ համարում մյուս թեկնածուների հետ հանդիպել՝ նա պատասխանեց. «Տարոն Մարգարյանը արժանի համարում է հանդիպել ավելի շատ երեւանցիների հետ եւ հարգանքով է վերաբերվում իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին»:

Հարցին՝ ուղիղ եթերում նա պատրա՞ստ է բանավեճի՝ Շարմազանովը պատասխանեց, որ պարոն Մարգարյանը պատրաստ է ուղիղ աշխատել եւ իր ծրագրերը ներկայացնել երեւանցիներին:

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քարոզչության ղեկավարն է լինելու Արմեն Աշոտյանը, շտաբի պետը՝ Էդուարդ Շարմազանովը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք