«Խորհրդային Միությունը արգելքներ էր դնում եւ խանգարում արվեստի դասավանդմանը»

«Խորհրդային Միությունը արգելքներ էր  դնում եւ խանգարում արվեստի դասավանդմանը»

ԵՊՀ արվեստի բաժինը 20 տարեկան է

Օրեր առաջ լրացավ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի բաժնի եւ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի 20-ամյակը: Արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժնի եւ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչ մեծ ջանքեր է գործադրել եւ բազմաթիվ մերժումներից հետո վերջապես ստացել է թույլտվություն՝ ստեղծելու արվեստաբանության բաժինը: «Խորհրդային Միությունը բազմաթիվ արգելքներ էր դնում եւ խանգարում արվեստի դասավանդմանը, վերջապես իմ մեծ ջանքերի շնորհիվ նրանք հասկացան, որ ես ոչ մի վնասակար բան չեմ ցանկանում անել, եւ 1980-ականներից ինձ որոշ դասաժամեր հատկացրեցին. դասավանդում էի Հայ եւ Հին աշխարհի արվեստներ, Հայ արվեստի պատմություն: 1991թ.-ին նշանակվեցի վարչապետի խորհրդական մշակույթի գծով, եւ զեկուցագիր գրեցի, որ թույլ տան հիմնելու արվեստի բաժինը: Երկար ջանքերից հետո՝ 1996- ին ունեցանք առաջին կուրսը եւ 30 շրջանավարտ»,- պատմեց Լեւոն Չուգազսյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեղամ Ասատրյանը պատմեց, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել արվեստի բաժնի 20-ամյակի առթիվ: «Ամռանը միտք հղացավ մի մեծամասշտաբ գիտաժողով կազմակերպել՝ նվիրված ամբիոնի 20-ամյակին: Շատ կարեւոր էր ոչ միայն ամբիոնի մասին խոսելը, այլեւ երիտասարդների գիտական միտքը խթանելը: Գիտաժողովը կայացավ եւ այն տեւեց 3 օր, մեծամասշտաբ էր. 30 զեկուցող էր հայտագրվել՝ դասախոսներ, ուսանողներ, ասպիրանտներ: Զեկույցները Հայ Հին եւ միջնադարյան արվեստի պատմության մասին էին, ինչպես նաեւ Նոր եւ Նորագույն արվեստի: Նաեւ նախատեսում ենք արվեստաբանության բաժնի բարձր կուրսերի համար ինտելեկտուալ մրցույթ կազմակերպել»:

Արվեստաբանության բաժնի արվեստի հոգեբանություն առարկայի դասախոս Լիլիթ Խաչատրյանը կարծում է, որ մենք այսօր հայ արվեստը աշխարհին ներկայացնելու լուրջ խնդիր ունենք, որը լուծելու ուղղությամբ ամբիոնը մեծ ջանքեր է գործադրում. «Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնը, որը գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, այս տարիների ընթացքում հադես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում եւ շարունակելու է հանդես գալ, փորձել ըստ արժանվույն ներկայացնել հայ արվեստի գոհարները համայն աշխարհին, ինչը հատկապես կարեւոր է մեր հարեւանների հետ ունեցած մշակութային վիճահարույց թեմաների տեսանկյունից»: Ըստ ամբիոնի ուսանողների՝ այսօր, երբ աշխարհում գերակշռում են ահաբեկչությունները եւ քաղաքացիական պատերազմները, մենք առավել քան պետք է միահամուռ լինենք եւ կարողանանք մեր հազարամյա, բազմադարյա արվեստը արժեւորել եւ գնահատել:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք