Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեխանդրո Կասոնայի լեգենդար պիեսը վեց տասնամյակ անց բեմադրվեց նաեւ Վանաձորում

Ապրիլ 21,2017 14:30

Եղել են ժամանակներ, երբ, օրինակ, հայաստանյան մեկ բեմադրության պրեմիերայի հաջողության լուրը տարածվել է Խորհրդային Միությունով մեկ: Խոսքը իսպանացի նշանավոր դրամատուրգ Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի մասին է, որն առաջին անգամ 1957թ. բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, անվանի դերասան Գուրգեն Ջանիբեկյանի թարգմանությամբ, վաղամեռիկ Ալբերտ Մկրտչյանի ռեժիսուրայով, ղեկավարությամբ մեծանուն Վարդան Աճեմյանի: Ներկայացումը խաղացվել է շուրջ 10 տարի: Ի դեպ, անցել են տասնամյակներ, բայց մինչ օրս էլ տարբեր առիթներով իբրեւ հաջողված գործ օրինակ է բերվում հենց այս ներկայացումը: Բնականաբար, վերջինիս այսօր արդեն փոքրաթիվ հանդիսատեսներից մեկ-երկուսը «Առավոտի» հետ զրույցում նշում են, որ այս պիեսում փայլել են Օլգա Գուլազյանը (Տատիկ), Մետաքսյա Սիմոնյանը (Մարթա), Բաբկեն Ներսիսյանը (Մաուրիսիո): Ավելին, Գուլազյանին եւ Ներսիսյանին փոխարինող դերասանները երբեւէ չեն խաղացել, որովհետեւ, մեր զրուցակիցների խոսքերով՝ փոխարինողները իրենք չեն համարձակվել անգերազանցելի կատարումներից հետո կետել նույն կեպարները:

«Առավոտի» հետ զրույցում արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը մեկ օրինակ բերեց. «Իսպանացի դրամատուրգի պիեսի երեւանյան բեմադրության հաջողության լուրը լսելով, Տատիկի դերակատարմամբ հայ հանդիսատեսին ներկայանալու ցանկություն հայտնեց վրաց թատերարվեստի տիրամայր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վերիկո Անջափարիձեն: Երբ նա ներկայացման փորձին տեսավ Գուլազյանի խաղը, մանավանդ՝ երբ վերջինս արդեն 70-ն անց էր եւ տեսարաններից մեկում ներկայանում էր ռիթմիկ անդալուզյան պարով, մի քանի անգամ պարզապես բրավո բացականչեց: Երբ տիկնոջը ուղեկցում էի հյուրանոց, նա հիշեց «գուլազյանական» պարը եւ փորձեց նրա շարժումներից կրկնել, սակայն վայր ընկավ եւ կոտրեց ձեռքը»: Պարոն Առաքելյանը հավաստիացրեց, որ Անջափարիձեն այնքան էր տարվել Գուլազյանի խաղով, որ ասել էր, թե ինքն էլ կմարմնավորի հիվանդ տատիկի կերպարը: Ասել է ու արել:

Հայաստանում երկրորդ անգամ «Ծառերը կանգնած են մահանում»-ին անդրադարձել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը՝ Ջանիկ Ավետիսյանի ռեժիսուրայով: Տատիկի դերում վաստակաշատ դերասանուհի Սոֆյա Սողոմոնյանն էր, Մաուրիսիոյի կեպարը վստահված էր Էլֆիք Զոհրաբյանին, Մարթայինը՝ Ալլա Դարբինյանին: Ներկայացման մեջ զբաղված էին թատրոնի առաջատար այլ արտիստներ եւս, այդ թվում՝ Վրույր Հարությունյանը, Համլետ Գյուլզադյանը, Հակոբ Դեմիրճյանը, Էդգար Քոչարյանը:

Փորձեցինք պրեմիերայի առիթով Վանաձորում լսել մասնագիտական կարծիք: Բայց մեզ ասացին. «Վանաձորը չունի թատերագետ»: Մենք էլ դիմեցինք Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանին (լուսանկարում): «Ծառերը կանգնած են մահանում»-ը նոր ներկայացում էր մեր թատրոնում: Ու թեեւ այն տեւեց մոտ մեկ ժամ, բայց հասցրեց հուզել ներկաներին: Պատճառը ընտանեկան սրված հարաբերությունների հետաքրքիր մեկնաբանությունն էր: Հատկապես հուզիչ էր Տատիկի դերակատար Սոֆյա Սողոմոնյանի խաղը: Զարմանալիորեն նորովի էր ներկայացրել Մաուրիսիոյի կերպարը Էլֆիք Զոհրաբյանը: Համոզիչ էին նրա կերտած ամբարտավան երիտասարդի տեսքը, խոսքն ու շարժուձեւը եւ ոչ միայն Էլֆիքինը»,- հայտնեց տիկին Մալումյանը: Հավելեց նաեւ, որ փոքր-ինչ ձգձգված էր ներկայացման սկիզբը: Մեր զրուցակցի կածիքով՝ ցանկալի էր, որ «նախաբանի» փոխարեն բուն գործողությունն ընդլայնվեր:

«Հետաքրքիր մտահղացում էր, օրինակ, գլորվող խնձորների պատկերը, թեեւ դրա մեկնաբանությունը կարող է սուբյեկտիվ լինել՝ իբրեւ իմացության ծառի պտուղ, իբրեւ բարու եւ չարի ճանաչման խորհրդանիշ: Վստահ եմ, որ պրեմիերայից հետո որոշ՝ թեկուզ մանր-մունր փոփոխությունների արդյունքում, ներկայացումը ավելի կսիրվի հանդիսատեսի կողմից, քանի որ այն, ինչ մարդկային է, հավերժական է…»,- եզրափակեց Գայանե Մալումյանը:
Մեր տեղեկություններով, վերջին 25 տարում «Ծառերը կանգնած են մահանում»-ը նախկին խորհրդային երկրներում բեմադրվել է 1993թ., Բառնաուլի առաջատար թատրոններից Ալթայի երկրամասի Վ. Շուկշինի անվան դրամայի թատրոնում (ռեժիսոր՝ Վ. Կապուստին):

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ վանաձորյան
ներկայացումից:

Հ.Գ.- «Ծառերը կանգնած են մահանում»-ը բեմադրվել է նաեւ 2000 թ. Պատանի հանդիսատեսի թատրոնում (ռեժիսոր Ա. Էլբակյան) եւ 2000-ականների վերջին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնում (ռեժիսոր Ռ. Գրիգորյան):

 

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930