«Առեւանգման գործով» երկարատեւ դատաքննությունն ավարտվեց

«Առեւանգման գործով» երկարատեւ դատաքննությունն ավարտվեց

2015թ. դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էր գտնվում Արտակ Մանուչարյանի, Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների դեմ հարուցված քրեական գործի վարույթը:

Ինչպես տեղեկացրել ենք այս գործի հետ կապված նախորդ հրապարակումներում, նախաքննական մարմնի կողմից Սաշա Ղալթախչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, Գագիկ Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, Հովհաննես Ղալթախչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ 131-րդ հոդվածի 2-րդ մասն առեւանգումն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իսկ 235-րդ հոդվածը՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, պահել, իրացնել: Ապրիլի 13-ին մարզի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հրապարակեց դատավճիռը: 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է 131-րդ հոդվածի 1-ին մասի: Հովհաննես Ղալթախչյանը զենք պահելու մասով ճանաչվել է անմեղ եւ արդարացվել է:

Դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին Արտակն ու Գագիկը, իսկ Սաշան դատապարտվեց 2 տարի 3 ամիս ժամկետով, ինչը նշանակում է, որ 2 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննեսը եւ Սաշան այս մայիսին կլինեն ազատության մեջ: Արտակ Մանուչարյանի պաշտպանն էր Ավագ Լալայանը, իսկ Հովհաննես Ղալթախչյանի, Սաշա Ղալթախչյանի, Գագիկ Ալավերդյանի պաշտպանն էր Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում):

Հովհաննես Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը, Սաշա Ղալթախչյանը, Արտակ Մանուչարյանն ու Արման Ամիրխանյանը մեղադրվել էին Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բազմաթիվ միջնորդություններով դիմել էր ինչպես նախաքննությունն իրականացնող մարմնին, այնպես էլ դատարանին, ասելով, թե՝ «Գործի նյութերում դրված են ենթադրություններ: Անձին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգելը նշանակում է, որ տվյալ հանցագործությանը մասնակցել են երկու կամ ավելի այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչեւ հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին»: Մինչդեռ դատաքննության ժամանակ պարզ դարձավ, որ 2015թ. հունվարի 17-ին, ժամը 15-16-ի սահմաններում, երբ Հովհաննես Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը, Սաշա Ղալթախչյանը, Աշոտ Աբազյանը, Արթուր Մելիքբեկյանը եւ մյուսները գյուղամիջում կանգնած են եղել, նրանց մոտով մեքենայով անցել է Արտակ Մանուչարյանը, մեքենայում եղել է նաեւ Մեխակ Մելիքբեկյանը: Համաձայն Գ. Ալավերդյանի ցուցմունքի, գյուղամիջում նրանք հանդիպել են Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյաններին, իսկ հետո տեսել են Ա. Մանուչարյանին՝ ավտոմեքենայով գյուղի միջով անցնելիս, մեքենայի մեջ է եղել նաեւ Մեխակ Մելիքբեկյանը: Գ. Ալավերդյանն ասել էր. «Հենց հիմա էլ պատրաստ է ամեն ինչ ասել Մեխակ Մելիքբեկյանի երեսին, եւ որոշել են գնալ եւ զրուցել նրա հետ: Նստել են մեքենան եւ գնացել են Մանուչարյանի հետեւից»: Գագիկ Ալավերդյանն ասել էր նաեւ, որ որեւէ համաձայնություն չի եղել, որպեսզի առեւանգեն Մեխակ Մելիքբեկյանին:

Այն անձանց, ովքեր տվել էին իրականությանը համապատասխանող ցուցմունքներ՝ առաջադրվել էին մեղադրանքներ:

Առեւանգման վերաբերյալ գործով տուժողը Մեխակ Մելիքբեկյանն էր: Տուժողը ցուցմունք էր տվել, թե իրեն պարտադրել են խոստովանել ենթադրաբար իր կողմից կատարած ու Աչաջուր գյուղի բնակիչ, նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանի կողմից կազմակերպած մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` 2013թ. սեպտեմբերի 22-ին Կամո Ղալթախչյանի նկատմամբ ավտոմեքենայի պայթեցման եղանակով կատարված սպանության փորձը: Նաեւ հայտնել էր, թե իր նկատմամբ բռնություն է կիրառվել, սպառնացել են սպանել եւ վնասել, սպառնացել են սեռական ոտնձգությամբ, եւ որ ստիպված է եղել խոստովանել ենթադրաբար իր կողմից կատարած ու աչաջուրցի Տաթեւ Գասպարյանի կողմից կազմակերպած մի շարք ծանր հանցագործություններ, սակայն ինքը ոստիկանություն չի դիմել, այլ ոստիկաններն են իրեն հրավիրել ոստիկանության Իջեւանի բաժին, որտեղ եւ պատմել է տեղի ունեցածի մասին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք